ԿարևորՀասարակություն

Եվս 2 երթուղի կշահագործվի նոր ավտոբուսներով

Փետրվարի 20-ից «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներով են սկսել սպասարկվել 28 և 35 երթուղիները: 28 համարի երթուղու ուղեգիծն, ի դեպ, փոքր-ինչ փոփոխվել է, և ուղիղ կապ է հաստատվել դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ նոր ավտոբուսներով երթուղիների համալրումը հիմնականում կազմակերպվում է շահագործման ժամկետը սպառած միկրոավտոբուսային երթուղիների բացը լրացնելու սկզբունքով:

Խոսելով տրանսպորտային համակարգում առկա խնդիրների մասին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքը առաջարկվող ժամանակավոր լուծումներին: Մասնավորապես, քաղաքապետն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ վարորդներն առաջարկում են 100 դրամներն իրենց փոխանցել:

Հրաչյա Սարգսյանը հաձնարարել է հսկողություն իրականացնել նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով և ընդգծել, որ քաղաքացիների վճարած գումարները բացառապես ուղղվում են ոլորտի բարեփոխումներին:

«Երևանի տրանսպորտային համակարգը բարելավելու նպատակով 15-20 տարի ոչինչ չի արվել, և բոլորին էլ պարզ է, որ առկա խնդիրները հնարավոր չէ միանգամից լուծել: Համալիր լուծումներ տալու նպատակով համայնքն այսօր լուրջ ջանքեր է գործադրում: Նոր ավտոբուսներով շարժակազմի համալրմանը զուգահեռ՝ քայլեր են արվում տրանսպորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման, տոմսային միասնական համակարգով սպասարկման, երևանյան կանգառասրահների արդիականացումն ապահովելու և մի շարք այլ ուղղություններով»,- ընդգծել է քաղաքապետը:

Կարդացեք նաև

Back to top button