
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ` հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության երկարաժամկետ իրավաբանական երաշխիքների մշակման շուրջ:
Կողմերը լուրջ մտահոգություն են հայտել Դոնբասում շփման գծում իրավիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ էսկալացիայի պատճառը Ուկրաինայի ուժայինների սադրանքներն են։
«Ուշադրություն է հրավիրվել ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինան ժամանակակից սպառազինությամբ և ռազմամթերքներով ապահովելուն, ինչը Կիևին մղում է, այսպես կոչված, Դոնբասի խնդրի ռազմական լուծմանը։ Արդյունքում տուժում են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի խաղաղ բնակիչները, որոնք ստիպված են ուժգնացող ռմբակոծություններից փրկվելու համար տարհանվել Ռուսաստան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պուտինը նշել է, որ Ուկրաինան համառորեն հրաժարվում է Մինսկի համաձայնագրերի և «նորմանդական ձևաչափով» ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումից:
Հաշվի առնելով ներկայիս իրավիճակի սրությունը՝ նախագահները նպատակահարմար են համարել ակտիվացնել դիվանագիտական ճանապարհով լուծումների որոնումը արտաքին գործերի նախարարությունների և նորմանդական ձևաչափին մասնակցող երկրների ղեկավարների քաղաքական խորհրդականների միջոցով։
Այդ շփումները կոչված են նպաստելու հրադադարի ռեժիմի վերականգնմանն ու առաջընթացի ապահովմանը Դոնբասի շուրջ հակամարտության կարգավորման գործում։
Պուտինը հորդորել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ամենայն լրջությամբ վերաբերվել անվտանգության երաշխիքների ապահովման Ռուսաստանի պահանջներին և դրանց արձագանքել կոնկրետ և ըստ էության:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։




