
Հաջորդ շաբաթ Աժ–ում գումարվելու է արտահերթ նիստ օրակարգային մեկ հարցով։ Նախաձեռնողն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն է։ Հայտարարության տեքստ են մշակել և պնդում՝ Հայաստանի խորհրդարանը պետք է արձագանքի Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարաններում «Շուշիի հռչակագիր» կոչվող փաստաթղթի վավերացմանը։ Երկու պետությունների ղեկավարների միջև փաստաթուղթը պատերազմից հետո՝ 2021 թվականի հունիսի 15–ին է ստորագրվել օկուպացված Շուշի քաղաքում, իսկ մեջլիսներում վավերացվել է օրեր առաջ՝ փետրվարի 4–ին։ Ընդդիմադիր պատգամավորների պնդմամբ՝ փաստաթուղթը լուրջ սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև՝ տարածաշրջանի համար։
Հայաստանի ընդդիմադիր պատգամավորները բավարար չեն համարում «Շուշիի հռչակագիր» անվանվող փաստաթղթի մեկանգամյա դատապարտումը Հայաստանի ԱԳՆ կողմից, որը տեղի ունեցավ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո՝ մեկ տարի առաջ։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Անդրանիկ Թևանյանի պնդմամբ՝ Հայաստանի խորհրդարանը պետք է այժմ արձագանքի նաև Թուրքիայի և Ադրբեջանի մեջլիսնելում այդ փաստաթղթի վավերացմանը։
Համապատասխան հայտարարության տեքստը քննարկման կներկայացվի ԱԺ արտահերթ նիստում, իսկ մինչ այդ՝ նախագիծն արդեն ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական և սոցիալական փորձաքննության․ դիտողություններ եւ առաջարկներ չկան: Անդրանիկ Թևանյանի հեղինակած նախագծում, մասնավորապես, ասված է․ մեջբերում․
«Հռչակագրում տեղ են գտել մի շարք ձեւակերպումներ, որոնք անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար, լրջագույն մարտահրավեր են տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությանը, չեն նպաստում տարածաշրջանի խաղաղ զարգացմանը։ Բացի այդ, ըստ նախագծի՝ հռչակագիրը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընդունված հիմնարար սկզբունքներին, միջազգային իրավունքի հանրահայտ նորմերին, ուստի չի կարող համարվել լեգիտիմ»:
Մեջբերման ավարտը։ Թեւանյանը շեշտում է՝ հռչակագիրն ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի։
«Մասնավորապես, ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից պետական մակարդակով, և հարցը պետք է տեղափոխվի պատմաբանների քննարկման տիրույթ։ Դա մեզ համար անընդունելի է։ Ժամանակին, երբ ընդունվեց այդ հռչակագիրը, Հայաստանի ԱԳՆ-ն բավական օպերատիվ և ադեկվատ է արձագանքել, բայց Հայաստանի որևէ պետական մարմին խորհրդարանների մակարդակով այդ հռչակագրի վավերացմանը չի արձագանքել»։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտելի և սադրիչ էր որակել Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագիրը։ Թեև թուրք-ադրբեջանական հռչակագիրն առանձին կետով նշում է, որ այդ «փաստաթուղթն» ուղղված չէ երրորդ կողմի դեմ, սակայն, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, այնուհանդերձ, դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին, քանի որ, պայմանագրի համաձայն, Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում»։
«Ֆիքսենք, որ թուրքերն ու ադրբեջանցիները հայ–ռուսականին համարժեք ռազմաքաղաքական դաշինք են կնքել։ Այդ հռչակագիրն իր տողատակով ուղղված է Ռուսաստանի դեմ, Իրանի դեմ և ուղղված է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության դեմ, որովհետև պատկերացրեք մի իրավիօճակ, երբ Թուրքիան ուղղակիորեն ներգրավվում է Հայաստանի դեմ, իսկ այդ հռչակագրով իրենք պարտավորվել են նման բան անել, բնական է, մենք էլ Ռուսաստանի հետ երկկողմ և ՀԱՊԿ–ի շրջանակներում բազմակողմ համաձայնագիր ունենք, որով Ռուսաստանն էլ պետք է ներքաշվի»։
«Շուշիի հռչակագիր» կոչվող փաստաթղթով ավելի մեծ քաղաքական խնդիրների մասին է խոսել նաև «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
«Լուրջ աշխարհաքաղաքական պրոցեսներ են մեկնարկել Հարավային Կովկասում՝ ոչ մեր օգտին։ Այդ հռչակագիրը ֆիքսում է Թուրքիայի աճած դերը տարածաշրջանում և ֆիքսում է այդ, ըստ էության, դաշնակցային, նաև ռազմաքաղաքական համագոործակցության ձևավորման փաստ»։
Նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Բաբաջանյանը դեմ է, որպեսզի «Շուշիի հռչակագիր» կոչված փաստաթղթին գերնշանակություն հաղորդվի։ Ասածը հիմնավորել է իր յութուբյան էջում․
««Շուշիի հռչակագիր» կոչվածը հայկական կողմի համար, ըստ էության, ոչինչ է, որովհետև այդ Հռչակագրի բացակայությունը չէր նվազեցնելու այն սպառնալիքը, որ Հայաստանի և Արցախի համար առկա է հետպատերազմական ստատուս–քվոյի թուրք–ադրբեջանական ռազմավարական գործակցության, Շուշիի, Հադրութի և այլ տարածքների օկուպացվածության պայմաններում։ Եթե Էրդողանն ու Ալիևը Շուշիում ոչ մի փաստաթուղթ չստորագրեին էլ, դա չի նշանակում, որ նրանց քաղաքականությունն ու մտադրությունները, նրանց պարտադրած պատերազմի հետևանքները ավելի նվազ սպառնալից էին լինելու Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից։ Շուշիում ընդամենը հետպատերազմական իրաողությունների բերումով «նոր կնիք» են ավելացրել այդ ամենի վրա։ Լիներ այդ կնիքը, թե ոչ՝ այդ սպառնալիքը կար, լինելու է, և, հետևաբար, լինելու է գլխավոր հարցը Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից․ այն է, թե ինչպես պետք է կառավարվի այդ սպառնալիքը»։
Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված հռչակագիրը որևէ կերպ չի կարող որոշիչ լուծում պարտադրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում՝ համոզված է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, ձևաչափում, և մենք պետք է խաղաղ ճանապարհով խնդրին լուծում գտնենք։ Ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, մեզ համար մտահոգիչ է, և կարծում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն ունեն բոլոր այն լծակները և հնարավորությունները ակտիվ լինելու դեպքում կանխել ռազմական ճանապարհով որևէ քայլի ձեռնարկումը»։
«Շուշիի հռչակագիր» փաստաթուղթն այն թեմաներից է, որի մասին խորհրդարանական մեծամասնության անդամները դեռ չեն շտապում խոսել։ Թե ինչ ընթացք կստանա խորհրդարանում հռչակագրին հակազդող հայտարարության քննարկումը՝ դեռ հարց է։ Բայց արդեն հստակ է՝ հայտարարության տեքստը քննարկելու նպատակով արտահերթ նիստը կգումարվի փետրվարի 23–ին։




