
ՀՀ Արդարադատության նախարարությունը «Հայփոստ» ընկերության հետ համագործակցությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Վանաձորում գործարկել է Քաղաքացիական կենտրոն: Կենտրոնը Լոռու մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում 100-ից ավելի ծառայություն ստանալ: Ստորագրվել է նաև երկկողմ համագործակցության հուշագիր՝ ՀՀ արդարադատության նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև:
110-ը ծառայություն՝ մեկ կենտրոնում: Գործարկված 3 կենտրոններին միացավ նաև 4-րդը՝ Վանաձորում: Այսուհետ լոռեցիների համար հանրային ծառայություններից օգտվելն ավելի դյուրին կլինի՝ Վանաձորի Քաղաքացիական կենտրոնում: ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձոր սպասարկման գրասենյակի պետ Անի Պետրոսյանն ասում է, որ մարդիկ մեկ վայրում կկարգավորեն իրենց հարցերը ՝ զերծ մնալով ժամանակի կորուստներից ու քաշքշուկներից:

«Այստեղ քաղաքացիների համար ավելի նպաստավոր պայմաններ են, բոլոր կառույցները քանի որ միասին են սպասարկման ոլորտների, քաղաքացիներին ավելի նպաստավոր է այստեղից սպասարկելը: Այստեղ ուղղակի այլ կառույցների նաև նույն հարթակում ենք, քաղաքացիներին դա ավելի հարմարավետ կլինի, այստեղ ավելի հեշտ կուղղորդենք քաղաքացիներին՝ ուր մոտենալ», — ասում է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձոր սպասարկման գրասենյակի պետ Անի Պետրոսյանը:

Կենտրոնի բացմանը եկած պաշտոնյաներին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ներկայացնում և զեկուցում են ծառայությունների հասանելիության ու արդյունավետության հեռանկարները: Հարկադիր կատարման ծառայության, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ու իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունների, Ազգային արխիվի, սոցապնախարարության սոցապահովության ծառայության, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, պետեկամուտների և կադաստրի կոմիտեների հետ առնչվելիս, քաղաքացին այլևս ստիպված չի լինի մի հասցեից մեկ ուրիշը հասնել:

Վանաձորի կենտրոնական փոստի տարածքում տեղակայված Քաղաքացիական կենտրոնում կկարգավորվեն բոլոր խնդիրները: «Գյուղի մարդիկ, գալով փոստ, օգտվելով վերոնշյալ ծառայություններից, պիտի զգան, որ քաղաքում են ապրում»,- «ՀայՓոստ» ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանն է վստահեցնում:
«ՀայՓոստ» ընկերության տնօրեն Հայկ Կարապետյան.
«Այլև պետք չի լինի գյուղից դուրս գալ, որպեսզի պատշաճ պետական ծառայություններ մատուցվեն: Օրինակ, Զարնջակ գյուղում, քաղաքացին կարող է մոտենալ Հայփոստ և ստանալ նույն ծառայությունները, որն ինքը կստանար, եթե գար շրջկենտրոն: Հիմնական միտքն այն է, որ այնպիսի մակարդակի ծառայություններ մատուցենք, որ դու գյուղում ապրես՝ ինչպես քաղաքում: Աշխատակիցների քանակն ավելանալու է: Նրանք դառնալու են ավելի ունիվերսալ, կարողանալու են մեկը մյուսի գործը անել: Օրինակ ԶԱԳՍ-ն է ամբողջովին տեղափոխվել, անձնագրայինը, կադաստրը՝ ոչ բոլորը: Իմաստն այն է որ գրասենյակներում մնան այն մարդիկ, որոնք վերջնական որոշումն են կայացնում: Մենք ուզում ենք ստեղծել թվային հարթակ, որով Հայփոստի մյուս 850 բաժանմունքները նույն մակարդակի ծառայություններ մատուցեն»:

Հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավմանն ուղղված այս նախաձեռնությունը հետագայում ավելի կընդլայնվի՝ միավորելով մինչև 450 ծառայություն: Բազմաթիվ հասցեներ հիշելու փոխարեն, քաղաքացին միայն պետք է հիշի իր բնակավարին ամենամոտ Հայփոստի հասցեն՝ ասում է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Իսկ ի՞նչ է այն գործնականում տալու քաղաքացուն՝ հետաքրքրվում ենք. «Այս գրասենյակը վստահաբար դառնալու է քաղաքացիների ամենալավ բարեկամը: Երբ քաղաքացին ունի տասնյակ խնդիրներ պետության հետ, գալիս է իր բնակավայրին ամենամոտ Հայփոստը և կարողանում պետության հետ իր բոլոր հարցերը լուծած հեռանալ: Ծավալները, ցավոք սրտի, դեռ փոքր են, մենք պետք է նվազագույնը 4 անգամ ավելացնենք այն ծառայությունները, որոնք մատուցվում ենք այս կենտրոններում: Օրինակ, մարդը հիմա կարող է գալ այստեղ, անձնագիր ստանալ, այստեղ նկարվել և միանգամից այստեղից դուրս գալ: Երբ մեր ծառայությունների թիվը 110-ից կդառնա 450, կավելանան այլ կառույցներ, Արդարադատության նախարարությունը կունենա մի փոքր մաս այս կենտրոններում»:

Ծառայությունների թվի ավելացումն այս պահին ավելի շատ տեխնիկական է՝ պայմանավորված ծրագրային լուծումներով: Արդարադատության նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև կնքված երկկողմ համագործակցության հուշագրով նախատեսվում է, որ առաջիկա 1 տարում Հայփոստին կտրվի նաև ՀՀ պետական ծառայությունների ազգային օպերատորի կարգավիճակ, «Հայփոստը» կձևավորի թվային հարթակ՝ առցանց հասանելի դարձնելով 450 պետական ծառայություններ:





