
Մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը։ Լուրը հայտնում են Հայաստանի կոմպոզիտորների միությունից։
Լևոն Չաուշյանը ծնվել է 1946 թվականին։ 1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1970 թվականին՝ դաշնամուրի բաժինը։ Եղել է Էդվարդ Միրզոյանի աշակերտը։
Գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան (1984, հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ՝ 1985), սիմֆոնիկ երկու պոեմ, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի (1964-1973), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1971), ֆլեյտայի և կամերային նվագախմբի (1979) համար կոնցերտներ, 4 կվարտետ (1980, 1983 («Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մրցանակ՝ 1983, Փարիզ), 1988, 1994), գործիքային սոնատներ, ռոմանսներ, վոկալ շարքեր, խմբերգեր։




