
ԳՈՒՄ-ի շուկայում պանրի գները նախորդ տարվա համեմատ էապես բարձրացել են։ Պանրավաճառ Ամալյա Ղանդիլյանը 35 տարի զբաղվում է պանրի վերավաճառքով։ Գնում է հիմնականում եզդիներից, Կալինինոյի, Ամասիայի գյուղացիներից։ Ասում է՝ երբեք պանիրն այսքան թանկ չի գնել ու չի վաճառել։ Սկսվում է կիլոգրամը 3 հազար դրամից։ Տիկին Ամալյայի խոսքով՝ նախորդ տարի այդ գնով Ամասիայից միայն «կալինինո» և «չանախ» տեսակի պանիր է կարողացել գնել․
«Այս տարի շատ վատ է, առևտուր չկա, կաթ չկա, պանիր չկա, ճիշտ է, ճարել ենք, բերել, վաճառում ենք, բայց առևտուրը քիչ է։ Շատ թանկ է գինը։ Նախորդ տարին չոր էր, դրա համար էլ այս վիճակում ենք հիմա»,-նշում է պանրավաճառը։
2021 թվականին Հայաստանում պանրի արտադրության ոլորտում հումքի մեծ դեֆիցիտ է եղել։ Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանն ասում է, որ արդեն 2021-ի հունիսին կանխատեսել էին՝ տարին երաշտային է լինելու, էապես կրճատվելու են կաթի արտադրական ծավալները։ Գիգոյանի խոսքով՝ նման կլիմայական պայմաններ Հայաստանում ստեղծվում են միջինը 5 տարին մեկ, սակայն այսպիսի ծայրահեղ իրավիճակ առաջին անգամն է։ «2021-ի սեպտեմբերին պարզեցինք, որ որոշ պանրագործարանների պահեստներում ընդհանրապես արտադրանք չի եղել»,-նշում է միության նախագահ։ Պանիրը Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերք է, ուրեմն, ի՞նչ անել՝ խնդրից խուսափելու համար․ «Ռադիոլուր»-ի հարցին Արմեն Գիգոյանը պատասխանում է․

«Պարենային անվտանգության շրջանակում Հայաստանը պետք է դիտարկի խնդիրը, այսինքն, երկիրը կախում չպետք է ունենա դրսից ներմուծվող կաթ-պանրից, բայց այս դեպքում էլ ֆերմերին պետք է ստատուսավորել և համապատասխան պայմաններ ստեղծել, որովհետև եթե ցաքուցրիվ իրավիճակ է, որքան էլ փող ներդնենք, ոչինչ չի օգնելու։ Առաջին հերթին պետք է կաթի, պանրի պահման ռեժիմի տեխնիկական պայմաններ ստեղծել, նաև անասնագլխաքանակով օգնել»,-ասում է Արմեն Գիգոյանը։
Կաթի և պանրի ներմուծման ծավալաները 2021-ին աճել են։ Սննդամթերքի անվտանգության տեսչությունից հայտնում են՝ 2021 թվականին 25 երկրից ընդհանուր առմամբ ներմուծվել է 916,376 լիտր կաթ և 1,516,365 կգ պանիր։ Համեմատության համար նշենք 2020 թվականի ներմուծման թվերը՝ 556,679 լիտր կաթ և 1,225,524 կգ պանիր։ Հայաստան կաթ և պանիր է ներմուծվել Լեհաստանից, Ռուսաստանից, Բելոռուսից, Վրաստանից, Իրանից, Դանիայից, Իտալիայից և այլ երկրներից։ Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանն ասում է՝ իրենց հաշվարկներով կաթի արտադրության ծավալները նվազել են առնվազն 25%-ով․
«Պանրի պահանջարկ միշտ կա, այն առաջնային պահանջարկ ունեցող սնունդ է մեր երկրում, և մի շարք արտադրողներ ստիպված եղան արտադրություն տալ կաթի փոշու օգտագործմամբ։ Թվերով խոսենք թանկացման մասին, սա, իհարկե, To be To ձևաչափով՝ արտադրողից խանութ կամ վերավաճառողին հասնող գնի մասին է։ Օրինակ, 1300 դրամով վաճառվող պանիրը հիմա հասնում է 1800-1900 դրամով, 1500 դրամանոցը՝ 2 հազար և ավելի դրամով»,-նշում է Գիգոյանը։
Ինչպիսի՞ կլինի պանրի խնդիրը 2022-ին՝ ըստ Արմեն Գիգոյանի դիտարկումների․

«Ըստ նախնական դիտարկումների, քանի որ անցած տարի արոտում խոտը քիչ է եղել, չի բավարարել, դա բացասական է ազդել անասունների ֆիզիկական առողջության վրա։ Նաև էապես, որոշ տեղերում ծնելիության անկում է գրանցվել, չհաջողված հղիություններ են եղել անասունների մոտ։ Մյուս տարիների համեմատ այս ամիսներին արդեն ծնելիություն կար, այս տարի ՝ 2022-ին, ուշանում է։ Կաթի դեֆիցիտը հիմնականում լրացնում էինք Զանգելանից ներքև ազատագրված տարածքներից բերված կաթով, բայց դա էլ չկա հիմա, որովհետև այնտեղ էլ անասնագլխաքանակ չկա, կաթ չի բերվում»,-ասում է Արմեն Գիգոյանը։
«Կարծում եմ, որ ֆերմերների ասոցացիա պետք է ստեղծվի, և շատ սերտ համագործակցություն պետք է լինի կառավարության հետ, որպեսզի ունենանք արդյունքներ և խուսափենք այսպիսի վիճակներից»,-նշում է Պանրագործների միության նախագահը։ 2022-ից Արմեն Գիգոյանը մեծ սպասելիքներ չունի․ կարծում է, որ ելք կարող է լինել պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությունը։




