
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների՝ դեռևս նոյեմբներին ներկայացրած դիմումի ճակատագիրը ՍԴ-ն կորոշի առաջիկա օրերին։ Ընդդիմադիրները փորձում են Դատարանում վիճարկել գրեթե երկու տարի առաջ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությունը։ Դիմումի ուսումնասիրման վերջնաժամկետը փետրվարի 15–ն էր։
3 ամիս ընդդիմադիր պատգամավորները չէին մեկնաբանում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը։ Լռությունը պայմանավորում էին ՍԴ-ի սպասվող որոշումով։
Գլխավոր դատախազությունը նույն օրենքի սահմաններում ակտիվ աշխատանք է ծավելել ։ Վերջին տվյալների համաձայն՝ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում ուսումնասիրվում է շուրջ 300 անձի գույքի ձեռք բերման պատմություն։
Արդեն բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք, 27.7մլրդ դրամի չափով գումար, դատարան է ներկայացվել բռնագանձման 4 հայց։
Գլխավոր դատախազության հաղոդագրություններից պարզ է՝ բռնագանձման վտանգի տակ են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեխաներին, զոքանչին, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին և ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանին պատկանող գույքը։ Գույքի բռնագանձման մասին դատախազության վերջին հայցն առնչվում է ոչ թե նախկին պաշտոնյայի, այլ՝ «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանին և նրա հետ փոխկապակցված 2 անձի։ Կառույցում մոտավոր հաշվարկել են յուրաքանչյուրի ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքը։ Ամենաշատը գնահատվում է նախկին բնապահպանության նախարարինը՝ մոտ 30 միլիոն դոլար, ըստ հաշվարկի՝ 5 միլիոն դոլար արժե նախկին ոստիկանապետի ապօրինի ծագում ունեցող գույքը, 1 միլիոն դոլար՝ ԱԱԾ գնդապետինը։ Այս ամենը դատարանում դեռ պետք է ապացուցվի, ըստ այդմ՝ հնարավոր է հաշվարկված գումարի փոփոխություն։ Նախատեսվում են դռնբաց դատավարություններ։
Սա դեռ ամենը չէ, ավարտին է մոտենում ևս 10 գործ։
Մի կողմ թողնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վիճարկվող կետերը, որոնք ընդդիմությունը դեռ չի բացահայտում, ընդդիմադիր գործիչները մշտապես պնդել են, որ հասարակությունը այս գործընթացից չի շահելու։ «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Արամ Վարդևանյան․
«Ոչ մեկը չի պնդում, որ ապօրինի ծագում ունեցող գույքը չպետք է բռնագանձվի։ Իհարկե, պետք է բռնագանձվի։ Բայց կան մի քանի ելակետեր առնվազն։ Առաջին ելակետն այն է, որ գործընթացը պետք է լինի օրինական։ Նման փորձ, օրինակ, ժամանակին կատարվեց Վրաստանում, հետո եղան եվրոպական դատարանի վճիռներ։ Ու հարց է առաջանում․ իսկ ինչքա՞ն էին ապօրինի գույք բռնագանձել և ՄԻԵԴ վճիռներով ինչքա՞ն փոխհատուցում էին վճարում։ Ո՞ր էր համաչափության տեսանկյունից ավելի արդյունավետ։ Երկրորդը՝ քաղաքական շահարկումներից զերծ։ Եվ երրորդը՝ օրենքն իր մեջ ուներ հստակ իրավաքաղաքական բաղադրիչ՝ առնվազն հանրությանը խոստումներ տալու մասով։ Օրենքը ներկայացվում հետևյալ ելակետով․ սա օրենք է այն մասին, որ ապօրինի գույքը պետք է վերադարձվի ժողովրդին։ Պետք է շիտակ ասել մարդկիանց։ Այն չի վերաբերում ժողովրդին գումար վերադարձնելուն, այլ՝ պետական բյուջե, իսկ պետական բյուջեն ու ժողովուրդը նույն սուբյեկտը չեն»։
Մինչ ընդդիմադիր պատգամավորները կասկածի տակ են դնում ապօրինի հարստացման դեմ օրենքը, Գլխավոր դատախազությունը հայտարարել է՝ ուսումնասիրում են ընդդիմադիր 6 պատգամավորի գույքն ու եկամուտները։ Ո՛չ դատախաղությունից, ո՛չ էլ ընդդիմադիր խմբակցություններից անուններ դեռ չեն հրապարակվում։ Նախորդ հաղորդագրություններից հայտնի է միայն, որ այս խնդրի շրջանակում դատախազություն է հրավիրվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա չի ընդունում, որ ՍԴ դիմելու ընդդիմադիր պատգամավորների քայլում կա շահերի բախում։
«Հարցը իմ գույքին չի վերաբերվում, վերաբերում է ամբողջ պետությանը և ընդհանուր կարգավորումներին»։
«Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը շահերի մասնակի բախում է տեսնում։ Խնդիրն այն է, որ պատգամավորների գույքի օրինականության ստուգման ու նրանց կողմից օրենքը վիճարկելու ժամկետերը համընկնում են։ Այլ հարց է, որ օրենքի կիրարկումից առաջ մշտապես հայտարարվել է, թե ով է առաջին հերթին հայտնվելու խոշորացույցի տակ։ Փորձագետը օրենքում որոշակի իրավական խնդիրներ տեսնում է, համարում է, որ ՍԴ դիմելու հիմքեր կան։ «Ապօրինի գույքի բռնագանձման գործերով» հայցերի հոսք է կանխատեսում ՄԻԵԴ։ Հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում, որպես օրինակ, ընդգծում է հատկապես օրենքի հիմքում դրված խտրական մոտեցումը, որն առնչվում է մինչև 1991 թվականը գույքի օրինականությունը ստուգելու հնարավորությանը։
«Հիմա չբարձրաձայնեմ այդ խնդիրները, թե չէ տպավորություն կստեղծվի, որ քանի որ օրենքն արդեն գործողության մեջ է, թերությունները վեր ենք հանում այն մարդկանց շահերի պաշտպանության համար, ում գույքը, ենթադրվում է, ապօրինի ծագում ունի։ Բնականաբար, օրենքն ունի խնդիրներ, իսկ մենք կանխատեսել էինք, որ խնդիրներ կլինեն։ Օրինակ՝ այնտեղ համապատասխան ուսումնասիրություն իրականցնող գերատեսչությունը ինքն է որոշում՝ հետ կգնա՞ մինչև 91 թվական, թե ոչ։ «Ինքն է որոշում» բառակապակցությունը հուշում է, որ արդեն իսկ առկա է խտրական մոտեցում կիրառելու հիմքեր»։
Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը մտահոգվելու առիթ չի տեսնում։ Նա համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը։ Կարծում է, որ ընդդիմադիրների հայցը ՍԴ անհիմն է, և օրենքը հակասահմանադրական ճանաչելու հիմքեր չկան։ Պաշտոնյան նաև օրենքը մշակողներից մեկն է և պնդում է․ նոր հեծանիվ չեն հորինել, չեն ստեղծել մի բան, որն աշխարհում գոյություն չունի։ Հաշվի են առել միջազգային հեղինակավոր կառույցների փորձն ու կարծիքը։
«Այդ փորձը որոշ երկրներում առկա է բավական երկար տարիներ։ Օրենքի մշակման հիմքում դրված են եղել արտասահմանյան երկրների լավագույն փորձը, ՄԻԵԴ–ի որոշումները, օրենքը անցել է փորձաքննության փուլով։ Միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ տվել են իրենց դրական կարծիքը։ Կարծում եմ, որ մենք բոլոր ռիսկերը հաշվի ենք առել սահմանադրականության տեսանկյունից»։
Սահմանադրական դատարանից «Ռադիոլուր»–ին փոխանցեցին, որ փետրվարի 15–ին լրացել է դիմումի նախնական ուսումնասիրության ժամկետը։ Տվյալ գործով զեկուցող նշանակված դատավորը առաջիկա օրերին բարձր դատարանին կներկայացնի համապատասխան հաղորդումը։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նշված է «ողջամիտ ժամկետ» ձևակերպումը։ Ըստ ամենայնի՝ ժամկետը կընտրվի հաջորդ շաբաթվա մեջ, և այդ օրը կպարզվի արդեն դիմումի հետագա ճակատագիրը։ Տեսականորեն դատարանը կարող է երկարեցնել նաև դիմումի ուսումնասիրման ժամկետը։




