
Փետրվարի 15-ին, ԵՊՀ ԻՄ դահլիճում տեղի է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի շրջանակում «Աշխատիր մարզում» խորագրով հանդիպում քննարկումը։
Հանդիպման նպատակն է ծրագրի մասին իրազեկել Տավուշի մարզի երիտասարդներին և հեռանկարային գործատուներին, գնահատել առկա մասնագիտական պահանջը ՏՏ, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտներում։
Միջոցառմանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, այլ պաշտոնատար անձինք, երիտասարդներ, ուսանողներ։
Հանդիպման ընթացքում ՀՕՖ-ի թիմը ներկայացրել է ծրագրի մանրամասները, իրականացման ուղղությունները։ Այնուհետեւ անդրադարձ է կատարվել մարզում ապրելու և աշխատելու մարտահրավերներին ու հնարավորություններին։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։ Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ)-ի կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և Civitta Հայաստանի հետ համատեղ։
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։




