ԿարևորՄիջազգային

Սպիտակ տունը հաղորդում է Բայդեն-Պուտին այսօր կայանալիք հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի կունենա շաբաթ առավոտյան Վաշինգտոնի ժամանակով (Մոսկվայի ժամանակով կեսօրից հետո)։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Բայդենը և ՌԴ նախագահ Պուտինը կխոսեն շաբաթ առավոտյան»,-հայտնել է նա։

Ըստ ամերիկյան կողմի՝ «Ռուսաստանն առաջարկել է երկուշաբթի հեռախոսազրույց անցկացնել»։

«Սպիտակ տունը շաբաթ օրվա համար հակաառաջարկ է արել, նրանք համաձայնել են»,-հավելել է պաշտոնյան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինն ու Բայդենը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ծրագրում են հեռախոսազրույց ունենալ փետրվարի 12-ին։

Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահները վերջին անգամ հեռախոսով զրուցել են անցյալ տարեվերջին։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 7-ին, նրանք բանակցություններ են վարել տեսակոնֆերանսի միջոցով։ Պուտինի և Բայդենի առաջին դեմառդեմ հանդիպումը որպես պետության ղեկավարներ տեղի է ունեցել Ժնևում 2021 թվականի հունիսին։

Կարդացեք նաև

Back to top button