
Աշխարհահռչակ իտալացի երգիչ Ալեսանդրո Սաֆինան Երեւանում է: Փետրվարի 13-ին տենորը բացառիկ համերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Փետրվարի 15-ին էլ ելույթ կունենա «Դվին մյուզիք հոլում»: Երգիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշել է առաջին այցը Հայաստան, հանդիսատեսի ջերմությունն ու հայկական կոնյակը։
Հենց այս երգը նրան ճանաչում բերեց ու դարձավ Ալեսանդրո Սաֆինայի այցեքարտը։ Մինչ այս նրա անունը կապվում էր դասական երաժշտության հետ, հետո ավելացավ նաեւ փոփ-օպերան:
Սա երկրորդ այցն է։ Վերջին անգամ Հայաստանում էր 10 տարի առաջ, բայց մինչ օրս հիշում է՝ ինչու էր այստեղ գրեթե միշտ հարբած։ Սա նրա վառ տպավորությունների մի մասն է.
«Սիրով եմ վերադարձել, քանի որ Հայաստանը գեղեցիկ է, իսկ համերգը հրաշալի էր կազմակերպված, հանդիսատեսը ոգևորված էր, ջերմ: Բազմաթիվ նվերներ ստացա. կոնյակ, որի պատճառով գրեթե միշտ հարբած էի»,-պատմեց Սաֆինան։

Հայաստանյան բեմում Սաֆինան կլինի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերով: Հնչելու է նաև Ազնավուր։ Սա հայ երաժիշտների հետ համատեղ առաջին բեմելը չէ։ Իսկ հաջորդ բեմելից ու երևանյան համերգներից առաջ արդեն բազմաթիվ նամակներ է ստացել հայ երկրպագուներից.
«Հաճախ են կին երկրպագուները նամակներ գրում, երբեմն սեր խոստովանում,փորձում եմ պատասխանել մի քանի նամակի, բայց իրականում ակտիվ չեմ սոցիալական ցանցերում: «Երբ երիտասարդ էի՝ «Ինստագրամ», «Ֆեյսբուք» չկար», բայց ամեն դեպքում դրական արձագանքներով լի նամակներ ստանալը միշտ հաճելի է»:
Սաֆինան Հայաստանում կմնա փորձերով և համերգներով խիստ հագեցած հինգ օր։ Առաջիկայում համերգներ են Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում.
«Համավարակն ու տարբեր երկրներում քաղաքական լարվածությունը խանգարում են լիարժեք համերգային գործունեություն ծավալելուն: Տեսնենք՝ Պուտինը և Բայդենը ինչ են որոշում․․․․»։
Ալեսանդրո Սաֆինային «Սի-Էն-Էն» ամերիկյան հեռուստաընկերությունը ճանաչել է որպես աշխարհի փոփ-օպերային ժանրի երեք ամենահայտնի տենորներից մեկը, իսկ «Սանդեյ Մեյլ»-ը նրան դասել է աշխարհի ամենահայտնի տենորների շարքը:
Այս ձայնը Երեւանում կհնչի 2 օր՝ փետրվարի 13-ին եւ 15-ին։




