ԿարևորՀասարակություն

Կալիֆորնիան ու Սյունիքը՝ քույր նահանգներ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատն ընդունել է Հայաստանի Սյունիքի մարզի հետ քույր-նահանգ/մարզ համագործակցություն հաստատելու մասին բանաձև:

Ինչպես հայտնում են Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից, բանաձևով Կալիֆորնիան համերաշխություն է հայտնում Հայաստանի հարավային մարզին՝ Սյունիքին:

Նշվում է, որ Կալիֆորնիա նահանգի ժողովրդի անունից այս փաստաթղթով Հայաստանի Սյունիքի մարզի բնակիչներին առաջարկվում է այս պահից սկսյալ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ծավալել փոխշահավետ հարաբերություններ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումները խրախուսելու և դյուրացնելու նպատակով։

Փաստաթղթում նշվում է, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի նպատակն է Սյունիքի մարզի հետ քույր նահանգ/մարզ պետական ​​հարաբերությունների միջոցով նպաստել երկու վարչական միավորների միջև հարաբերությունների խորացմանը։

Բանաձևի ընդունումը հնարավորություն կստեղծի բացահայտել երկու վարչական միավորների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, կուրվագծի հնարավոր գործակցության ուղղությունները պետական ​​և մասնավոր դաշտերում։ ACR 105 բանաձևի համաձայն՝ կստեղծվի գործակցությունը համակարգող աշխատանքային խումբ, որում կներգրավվեն Սյունիքի և Կալիֆորնիայի ղեկավար մարմինների և հանրության ներկայացուցիչներ։

«Այս բանաձեւը վերահաստատում է Կալիֆորնիայի համերաշխությունը Հայաստանի և մեր 1 միլիոնանոց կալիֆորնահայ համայնքի հետ»,-ասել է նահանգային Ասամբլեայի անդամ, բանաձևի հեղինակ Քրիս Հոլդենը:

«Ստեղծելով այս քույր-նահանգ ​​հարաբերությունները Սյունիքի մարզի հետ՝ մենք մեր ավանդը կներդնենք, թեկուզ փոքր, կիսելու այստեղ ապրելու որոշ տնտեսական, կրթական եւ մշակութային օգուտները, փոխգործակցության և ներգրավվածության միջոցով այստեղ՝ Կալիֆորնիայում ապրելու որոշ առավելություններով կիսվելու համար»,- ասել է բանաձևի համահեղինակ, ACR 105 Կալիֆորնիայի նահանգային Ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը։

«Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր մարմնի կողմից Կալիֆորնիայի և Սյունիքի միջև քույր նահանգ/մարզ հարաբերությունների հաստատումն ամրագրող ACR 105 բանաձևի ընդունումը ռազմավարական բնույթի անկյունաքարային իրադարձություն է։ Ես բարձր եմ գնահատում Կալիֆորնիայի Ասամբլեայի անդամ Քրիս Հոլդենի ջանքերը այս նախաձեռնության առաջամարտիկը լինելու համար։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև օրենսդիր Ադրին Նազարյանին և բոլոր նահանգային սենատորներին ու ստորին պալատի անդամներին, որոնք իրականություն դարձրեցին այս նախաձեռնությունը։ Ես նաև խորին գնահատանքիս խոսքն եմ ուզում ուղղել Արևմտյան ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարի արևմտյան կառույցին՝ այս ուղղությամբ իրենց անխոնջ ջանքերի համար»,-հայտարարել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը։

Կարդացեք նաև

Back to top button