
2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված գրավոր պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության բարձրացման ուղղությամբ և գործը տանել դեպի դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորմանը։
Այսօր Կառավարության-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ինչ զարգացումներ կան հայ-ադրբեջանական զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկի վերաբերյալ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այս առումով, քանի որ շահագրգռված ենք և բնականաբար պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը՝ առաջարկ ենք արել, որ մեր պատկերացմամբ պետք է զինված ուժերը հայելային հետ քաշվեն»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրելով, որ հայելային հետքաշում նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանփակ թվով սահմանապահ ծառայողների, և հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիտորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով։
Խոսելով այս թեմայով անհիմն շահարկումների մասին առ այն, թե գյուղերը անպաշտպան են մնալու և այլն, Փաշինյանն ասել է.
«Չկա այդպիսի բան, և առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված։ Պետք է նաև խոստովանել մի բան, որ այդ առաջարկը, որ մենք անում ենք, այնպես չէ, որ 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար։ Կա սահմանային գիծ և, կարծում ենք, որ այդ սահմանային գծով պետք է հետ քաշում տեղի ունենա, ընդ որում արձանագրելով, որ սա չի կանխորոշում սահմանազատման և սահմանագծման հետագա արդյունքները, այլ դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա։ Կարծում եմ, որ այս առաջարկեները հիմնված են լեգիտիմ և օրինական արձանագրումների վրա»։




