
Մոտ 3 ամսից` Հանրապետության տարածքում ավելի շատ կտեսնենք եռագույն դրոշներ․ դրանք ամրացվելու են մանկապարտեզների, հանրակրթական դպրոցների ու պետական այլ հաստատությունների շենքերին։ Ազգային ժողովում այսօր քննարկվել և առաջին ընթերցամամբ քննարկվել է օրենքի նախագիծ, որն ընդլայնում է պետական դրոշի պարտադիր կիրառման շրջանակը։ Նախաձեռնությունը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանն է, խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը կողմ են առաջարկներին։ Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվել է 84 ձայնով։
Տիեզերագնաց Օլեգ Արտեմևը 2018 թվականին հայկական դրոշ էր հետը տարել տիեզերք։ Միջազգային տիեզերակայանում 195 օր մնալուց հետո այն փոխանցվեց Հայաստանին։ Փոխանցման պահին հանվեց փաթեթից, որի մեջ դրվել էր հենց տիեզերքում: Հատուկ արարողակարգ այս ամենի համար օրենքով նախատեսված չէ։
Բայց ՀՀ ամենամեծ դրոշը մեկ տարի առաջ տեղադրվեց Երասխում։ 6 մետր բարձրությամբ, 12 մետր լայնությամբ եռագույնի դրոշաձողի բարձրությունը 35 մետր է։
Այս ամենը հայկական եռագույնի նկատմամբ սիրո ու հարգանքի հրապարակային ցուցադրություն է։ Պատգամավորներն ու կառավորությունը կարծում են, որ պետական այս խորհրդանիշի նկատմամբ համապատասխան վերաբերմունք պետք է ձևավորվի առօրյայում։ Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանն է։ Գաղափարն առաջացել է տնից աշխատանքի գնալու ճանապահին՝ Դավիթաշենից մինչև Բաղրամյան պողոտա հայկական եռագույն գրեթե չկա։
«Գաղափարը ծնվեց՝ նայելով մեր շուրջը, նայելով մեր հարևաններին և պետական խորհրդանիշների հանդեպ վերաբերմունքին։ Կարծում եմ՝ բոլորը տեսած կլինեն տարբեր երկներում ինչպիսի տարածվածություն ունի պետության հիմնական խորհրդանիշը՝ դրոշը, Թուրքիայում, Հունաստանում, Վրաստանում։ Մեր իրականության մեջ պատկերը բոլորովին հակառակն է, ցավոք։ Չի ձևավորվել լայնամասշտաբ օգտագործման պրակտիկա, ինչը վկայում է պետությունից և նրա խորհրդանիշներից բնակչության որոշակի օտարվածության մասին»։
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները կնպաստեն դրոշի առավելագույն հանրայնացմանը, պետականության հանդեպ քաղաքացիների, հատկապես երեխաների և երիտասարդների հարգալի վերաբերմունքի ամրապնդմանը: 3 ամիս հետո նախատեսվում է էականորեն ընդլայնել դրոշի գործածման շրջանակը։ Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային, մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականութուն։ Շարքային քաղաքացիների վրա պարտականությունը չի տարածվելու։ Իսկ եռամսյա ժամկետը տրվում է դրոշը գնելու և տեղադրման աշխատանքներն իրականացնելու համար։
Թվում է՝ մանր հարց է, բայց փոփոխությունները մշակելիս պարզվել են բաներ, որոնք զարմացրել են Աղվան Վարդանյանին․
«Մայր օրենքում, որտեղ թելադրված է, թե որ հաստատությունների վրա պետք է անպայման լինի դրոշը, որքան հիշում եմ, չկային, օրինակ, կուսակցությունների շենքերը։ Աբսուրդ է, չէ՞, ՀՀ-ում գրանցված կուսակցություն, և իր շենքի վրա ՀՀ դրոշը կարող է և չլինել»։

Պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքը վերաբերմունք է պետության նկատմամբ։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հարցը դիտարկում է ռազմական տեսանկյունից։ Օրինակ է բերում՝ մարտական դրոշը կորցնելու դեպքում զորամասերը լուծարվում են։
«Ես մեր պետական կառույցներում, բացի բանակից, չեմ տեսել դրոշի փոխանցման միջոցառում։ Անչափ կարևոր են և՛ դրոշները, և՛ մարտական դրոշները, և՛ ստանդարտները՝ ռազմական դրոշները պետական պաշտոնյաները մեկը մյուսին փոխանցեն։ Դա նախկինի աշխատանքը գնահատելու և նորին պարտավորեցնելու գործունեություն է։ Անչափ կարևոր է, որ պետական կառույցները և պետական պաշտոնյաները անձնական օրինակով ուղղորդեն մեր խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքը»։
Կառավարությունը դրական եզրակացություն է տվել Աղվան Վարդանյանի ներկայացրած նախագծին, արվել են առաջարկներ՝ մինչև երկրորդ ընթերցում փաստաթղթում ներառելու համար։ Փոփոխությունների անհրաժեշտությունն ընդգծում է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը․
«Շատ տեղին է այս նախաձեռնությունը, որովհետև հսկայական բարոյահոգեբանական նշանակություն ունի նաև սիմվոլների հանդեպ ընդգծված վերաբերմունքը։ Այսօր մենք իսկապես կարիք ունենք պետական խորհրդանիշների հանդեպ հանրային վերաբերմունքի նորոգման։ Պատգամավորը խոսեց այն մասին, որ տարբեր պետական կառույցների վրա չի եղել պետական դրոշը, բայց ավելի վատ դեպքեր ունենք, երբ դրոշը կա, բայց ավելի լավ է՝ այդ դրոշը չլիներ։ Մենք շատ հաճախ ստիպված ենք լինում ահազանգել տարբեր կազմակերպությունների ղեկավարներին և պահանջել, որպեսզի դրոշը ամբողջապես փոխվի, դրոշաձողը բարեկարգվի։ Պետք է պարզապես ամենայն խստությամբ և ամենայն խորությամբ այս հարցը դրվի, որովհետև տեսնում ենք, որ այս երևույթը երբեմն դուրս է գալիս և մտնում է այլ բնագավառներ։ Օրինակ, գեղարվերստական, մշակույթի բնագավառ, երբ բեմում ներկայացման ժամանակ ռեժիսորական մի «հանճարեղ» հղացմամբ պետական դրոշը կարող է ուղղակի ոտնատակ դրվել»։
Օրենքի վերջնական ընդունման դեպքում մոտ 3 ամիս անց հանրակրթական կառույցներից մինչև պետական հաստատություններ՝ պետք է հետևեն պետական դրոշի բարձրացման սահմանված կարգին և պահանջներին։ Խախտումների դեպքում առյաժմ գործում են մեղմ պատիժներ։ Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՔՕ-ով պետական խորհրդանիշներն անարգելու համա սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը տասնապատիկի չափով, հանրային աշխատանքներ՝ առավելագույնը 100 ժամ տևողությամբ կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով։
Դեռևս գործող ՔՕ պատիժներն ավելի խիստ են, սահմանված է անգամ ազատազրկում՝ մինչև մեկ տարի։ Կառավարության ներկայացուցիչ Արա Խզմալյանը չի բացառում, որ այս հարցում պետությունը կխստացնի պատիժները։




