
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը թարմացրել է ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրերի հարցը։ Նախօրեին 8 հայ գերի վերադարձնելով՝ Ադրբեջանը հայտարարել էր, որ այդ քայլի դիմաց ակնկալում է ստանալ տեղեկություններ «ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, որոնք, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում»:
Տեղեկատվության դիմաց ռազմագերիների վերադարձի թեման որոշ հարցեր առաջացրեց։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում փակագծեր չի բացում, նկատում է՝ սա ռազմագերիների վերադարձի շուրջ բանակցություններում, որպես այդպիսին, նոր գործընթաց չէ։ Նաեւ որոշակիորեն հստակեցնում է՝ անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել։
«Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որևէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել»։
Վերլուծական շրջանակները հավանական են համարում, որ նոր հայտարարությունների քաղաքական կողմը ոչ թե նոր գործընթացներն են, այլ դա անհրաժեշտ է Ադրբեջանի ներքին սպառման համար․ այնտեղի հանրությանը պետք է հիմնավորել, թե ինչու են վերադարձնում հայ գերիներին, որոնք մինչ այդ ներկայացվում էին իբրև «դիվերսանտներ»։
Ինչո՞ւ միանգամից Արցախյան առաջին պատերազմում զոհվածների զանգվածային հայտնի կամ անհայտ գերեզմանների թեման մտավ բանակցությունների օրակարգ։ Հարցն ուղիղ պատասխան չունի, ուղիղ մեկնաբանություն ԱԳՆ-ից՝ եւս։ Բայց արցախյան առաջին պատերազմի մասնակից, այժմ պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը որոշ ժամանակ առաջ հարց էր բարձրացրել՝ իսկ ինչո՞ւ պաշտոնական Ադրբեջանը տասնամյակներով չի հետաքրքրվել 90–ականներին զոհված իր հայրենակիցների ճակատագրով, փաստում է․
«94 թվականից մինչև հիմա իրենք իրենց դիակներով չհետաքրքրվեցին։ 94 թվականի գարնան պատերազմի վերջին շրջանում իրենք տասնյակ–հարյուրավոր զոհեր թողեցին ու փախան։ Մոտ 2 ամիս մենք այդ դիակները հավաքել ենք և կազմակերպել ենք հուղարկավորությունը։ Հո 1 կմ չէր, մի 10–15 քակառուսի կիլոմետրի վրա ենք այդ բոլոր դիակները հավաքել բերել։ Սառած են եղել, մահացել են հիմնականում ցրտահարվելուց։ Իսկ այն մարդկանց, որոնց պետք էր տանեին, առաջին օրը եկան ուղղաթիռներով դրանց տարան։ Ղեկավար կա՞զմ էր, թե ո՞վ էր։ Մենք չենք կրակել ուղղաթիռների վրա»:
Պատգամավորը չի հստակեցնում՝ ի՞նչ զանգվածային գերեզմանի կամ գերեզմանների մասին է խոսքը կամ որտեղ են դրանք գտնվում։ Այս պատմության մասին Մելքոնյանը սկսեց խոսել մեկ ամիս առաջ խորհրդարանում։ Պատրաստ է անձամբ ցույց տալ զանգվածային հուղարկավորության վայրերը՝ հույսով, որ դրանով կօգնի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական այլ անձանց վերադարձել հայրենիք։
«Եթե Ալիևին կհետաքրքրեն իր հարյուրավոր դիակները, այդ ժամանակ ես տեղը կասեմ՝ որտեղ են, և թող իրենք տանեն վերահուղարկավորեն կամ հանձնեն իրենց ընտանիքի անդամներին։ Այն ժամանակ իրենց խաբել էին, ասել էին, թե Հայաստանից տեղափոխել են ուրիշ երկրներ։ Իսկ հիմա Ադրբեջանի ժողովուրդը թող իմանա, որ իրենց դիակները թաղված են ինչ–որ տեղ, որ ես կարող եմ իրենց ասել։ Մենք գերիներ ունենք այնտեղ, սա ես որ ասացի, իմ նպատակն այն է, որ մենք փոխանակենք»։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանը բանակցային գործընթացում նոր ընթացքի և դրական, և բացասական կողմեր է նշում․
«Ցավոք սրտի՝ այն, ինչը արվում է, արվում է ոչ թե խիստ գաղտնիության, այլ շատ ավելի քան տարօրինակ, ստվերային ձևով։ Ես կարող եմ այլ բան ասել։ Դա լավ էր, որ վերջապես ադրբեջանը հասկանում է, որ ոչ թե պատանդ ու գերիներ են մինչև հիմա մնում, այլ՝ նրանք զոհվել են հենց ռազմական գործողությունների ժամանակ և իրենց այն ժամանակվա հրամանատարները չեն ցանկացել հավաքել այն մարմինները, որոնք մնացել էին այն ժամանակ։ Մենք ունենք այդպիսի նկարագրած բազմաթիվ դեպքեր։ Հետագայում այդ նույն ազգանունները տրվել են միջազգային հանրությանը որպես պանադ ընկած և պատանդության մեջ սպանված»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ 1991-1994 թվականներին պատերազմի հետևանքով 4500 անձ անհետ կորած է համարվում Արցախում, Հայաստանում և Ադրբեջանում: Այդ թիվը փոփոխական է և մոտավոր, քանի որ ընտանիքները երբեմն դիմում են կազմակերպությանն իրենց հարազատներին անհետ կորածների ցանկից հանելու համար։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի գրասենյակները գրանցել են մոտ 800 անհետ կորած: Այդ ցանկը ներառում է և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորականներին: Այս թվի հիմքն ընտանիքների կողմից գրասենյակներին ներկայացված հայտերն են։
Այս թվին գումարվել է նաև 44–օրյա պատերազմում անհետ կորած համարվողների թիվը։ Այս տարվա հունվարի 19–ին, ըստ քննչական կոմիտեի, անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Զանգվածային գերեզմանների մասով ամփոփ տեղեկատվություն չկա ու, ըստ ամենայնի, չի էլ կարող լինել։ Իսկ թեմայի ավելանալը, մասնավորապես, ռազմագերիների վերադարձի շուրջ տարվող բանակցություններին, իր հերթին է որոշակի հարցեր առաջ բերում։ Վերլուծական շրջաններում առայժմ փորձում են և հասկանալ՝ ինչն է ստիպել Ադրբեջանին վերադառնալ տասնամյակներով անտեսված հարցին, և ինչ լուծումներ գործնականում այն կարող է ստանալ։




