
Ռուսաստանի հետ երկխոսությունը Եվրոպայում կայունության և անվտանգության ապահովման հիմնական միջոցն է, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ երկուշաբթի օրը Մոսկվայում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման բաց հատվածում։
«Մենք հիմք դրեցինք լիարժեք և բաց երկխոսության համար 2019 թվականին», — ասել է Մակրոնը՝ հիշեցնելով նաև իր և Պուտինի հանդիպումները Ֆրանսիայի ղեկավարի նստավայրում՝ Ֆորտ Բրեգանկոնում և Սանկտ Պետերբուրգում։ Ըստ նրա՝ երկխոսությունն այժմ ավելի արդիական է, քան երբև: «Այս երկխոսությունն անհրաժեշտ է. միայն այն կապահովի անվտանգությունն ու կայունությունը եվրոպական մայրցամաքում»,- նշել նա:
Ֆրանսիայի առաջնորդն ասել է, որ «Եվրոպայում այժմ կրիտիկական իրավիճակ է» և ընդգծել, որ բոլոր կողմերը «պետք է պատասխանատվությամբ վերաբերվեն»։
Ֆրանսիայի նախագահը հույս ունի Պուտինի հետ հանդիպման ժամանակ անվտանգային խնդիրների համար պատասխաններ գտնել թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի համար։
«Ուրախ եմ, որ կկարողանամ մանրամասն քննարկել բոլոր հարցերը, և մենք կկարողանանք սկսել միասին պատասխանի որոնումը, որը օգտակար կլինի Ռուսաստանի և ամբողջ Եվրոպայի համար: Նման պատասխանը կօգնի խուսափել պատերազմից և կառուցել կայունություն, թափանցիկություն և վստահություն բոլորի համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը նշել է, որ Պուտինի հետ իրենց ներկայիս հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակին։ Այդ կապակցությամբ նա հայտարարել է, որ Փարիզը մեծ հույսեր է կապում մշակույթի և գիտության ոլորտում երկկողմ հարաբերությունների հետ կապված։ «Մենք հույս ունենք շարունակել Տրիանոնյան երկխոսությունը և ամրապնդել համագործակցությունը տնտեսական հարցերի շուրջ»,- հավելել է նա։




