
Կառավարության որոշմամբ «Արմենիկում» կլինիկան կօտարվի։ Ի՞նչ նպատակով են 2004-ից ՀՀ ՊՆ ենթակայությամբ գործող «Արմենիկում» ՓԲԸ-ի կառավարման լիազորությունները վերապահվում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, եւ ինչո՞ւ է որոշվել օտարել այս հիմնարկը։ Ի՞նչ տրամաբանությամբ է առողջապահական հիմնարկը գործել պաշտպանական գերատեսչության ենթակայությամբ։ «Ռադիոլուր»-ը փորձել է թե կլինիկայի նախկին աշխատակիցներից, թե կլինիկայի ղեկավարից և թե պատկան մարմիներից ստանալ այս հարցերի պատասխանները։
«Արմենիկում» կլինիկան կօտարվի, բայց նախ այն մի պետական կառույցից մյուսին է փոխանցվում․ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարումը պաշտպանության նախարարությունից փոխանցվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Գործադիրի հունվարի 13-ի որոշման հիմնավորման մեջ նշված է․ մեջբերում
«Ընկերությունն իր ենթակառուցվածքներով ինֆեկցիոն հիվանդանոց է, մինչև 2020թ. բուժծառայություններ է մատուցել պետպատվերի շրջանակում: Ներկայում մասնավոր պատվերներով իրականացնում է լաբորատոր հետազոտություններ, նաև վարձակալությամբ տարածքներ է տրամադրում։ Աշխատողների թիվը՝ 14, զբաղեցրած հողատարածքը՝ 0.92 հա, որից շենք, շինություն՝ 4400 քմ»:
Ինչո՞ւ է լուծարվում 100% պետական մասնակցությամբ «Արմենիկում» ինֆեկցիոն հիվանդանոցը, հիմնավորման մեջ չի նշվում, չեն մասնավորեցվում այն հնարավոր խնդիրները, որոնք կարող էին որոշման պատճառ դառնալ։ «Արմենիկումը» ստեղծելու որոշումը ընդունվել է 1998թ-ի դեկտեմբերին։ Ի սկզբանե գործել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ենթակայությամբ, փաստաթղթերում հիմնավորվել է, որ այդպիսով նպատակ կա բարձրացնել այս նախարարության գործունեության արդյունավետությունը։ Տարիների ընթացքում կլինիկային առնչվող տարաբնույթ մեկնաբանություններ եղան։ Այնուամենայնիվ, ընկերությունը մինչև 2020թ. բուժծառայություններ է մատուցել, ընդ որում՝ պետպատվերով։ Ի՞նչ արդյունավետությամբ է գործել բժշկական հիմնարկը, ինչո՞ւ է որոշվել, որ դրա՝ որպես պետական հիմնարկ գործելն այլեւս անհրաժեշտ չէ։ Պետբյուջեից 2004-ից մինչ օրս որքա՞ն գումար է հատկացվել «Արմենիկումին»՝ մատուցված ծառայությունների դիմաց։ ՊՆ-ից «Ռադիոլուր»-ին տրամադրված գրության մեջ այս ու մի շարք այլ հարցերի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել, պարզապես հղում է արվել կառավարության որոշմանը, որտեղ ևս հիմնավորումները բացակայում են։ ՊՆ-ն, մասնավորապես, գրել է․
«Պայմանավորված «Արմենիկումի» բնույթին համապատասխան՝ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը տվյալ ոլորտի քաղաքականություն իրականացնող պետական մարմնին վերապահելու անհրաժեշտությամբ՝ կառավարության 13․01․2022թ․ N41 որոշմամբ «Արմենիկում» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ հետագայում օտարելու նպատակով»։
Թեեւ ՊՆ-ն չի մեկնաբանում, բայց նախորդիվ արդեն հրապարակվել են կլինիկային առնչվող մի շարք տեղեկություններ։ Ո՞րն է «Արմենիկում» բժշկական կենտրոնը փակելու որոշման պատճառը: Այս հարցին դեռ 2018-ին անդրադարձել էր այդ ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ նախ տեղեկացնելով, որ կենտրոնին ամեն տարի տրամադրվում է 180 մլն դրամ։ Մեջբերում հարցազրույցից։
«Դեռ չեմ կարող ասել՝ կենտրոնը կփակվի, թե՝ ոչ, այդ հարցն ուսումնասիրում է հատուկ աշխատանքային խումբը: Նրանց բուժման ամենամսյա ծախսերը կազմում են 15 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, կենտրոնի ապահովման համար ամեն տարի տրամադրվում է 180 մլն դրամ: Մենք մտադրված ենք կրկնակի ավելացնել միջոցները հիվանդների բուժման համար՝ ծախսերի ռացիոնալացման միջոցով: Հնարավոր է՝ հիվանդների բուժումն իրականացվի այլ բուժկենտրոններում: Իսկ հնարավոր է, որ որևէ փոփոխություն տեղի չունենան, եթե պարզվի, որ օպտիմալացման արդյունքն աննշան է լինելու: Սակայն եթե պարզվի, որ մեզ կհաջողվի ավելացնել ֆինանսավորումը հիվանդների բուժման համար, ավելի շատ միջոցներ ուղղել «Արմենիկում» դեղամիջոցի արտադրությանը, կրճատելով ծախսերը կենտրոնի շենքի և ադմինիստրատիվ ապարատի ապահովման հաշվին, վստահ եղեք, մենք կգնանք այդ քայլին»։
Գալով «Արմենիկում» դեղամիջոցին, որի անվամբ եւ ստեղծվել էր կլինիկան․ Հայաստանում գրանցվել է 1999-ին, հաջորդել են նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ Հայաստանում և Սանկտ Պետերբուրգում: Որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման արդյունավետ միջոց ներկայացվող դեղամիջոցն աղմկոտ քննարկումների թեմա էր դարձել, հետագայում պարզաբանվեց, որ այն թեեւ վերջնականապես չի բուժում, բայց դրական է անդրադառնում իմունային անբավարարությամբ ուղեկցվող մի շարք այլ հիվանդությունների դեպքում։ Բայց, փաստորեն, սա էլ չէր արդարացրել կենտրոնի գոյությունը։ 2018-ին կլինիկայի ճակատագիրը քննարկել էր նաեւ հանրային խորհուրդը, իսկ կլինիկայի 25 տարվա կյանքում ստուգումները նաեւ խախտումներ էին արձանագրել՝ անօրինական դուրսգրումներ, ոչ նպատակային ծախսեր, նորմերի խախտումներ։
Ըստ որոշ հրապարակումների՝ 2018թ-ին կլինիկան ուներ 74 աշխատակից։ Կառավարության հրապարակած տվյալներով՝ ներկայում աշխատողները14-ն են։ «Արմենիկում»-ի նախկին աշխատակիցներից ոմանք, չցանկանալով ներկայանալ, «Ռադիոլուր»-ին ասացին, որ հիվանդանոցը փաստացի չի գործում 2019թ-ից, իրենք էլ դրա պատճառով աշխատանքից ազատվել են։ Կլինիկայի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ «Ռադիոլուր»-ն օրեր շարունակ չկարողացավ կապ հաստատել։ Ավելի ուշ կլինիկայից հայտնեցին, որ նա առողջական խնդիրների պատճառով չի կարող պատասխանել «Արմենիկում» կլինիկայի «առողջական խնդիրների» մասին հարցերին։




