
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանական քառօրյան ամփոփող ճեպազրույցների հիմնական թեման այսօր եղել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում փոփոխություն կատարելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամնյանի նախաձեռնությունը: Խորհրդարանի նախագահը դեռ երեկ էր տեղեկացրել, որ խմբակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց հետո մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում: Առիթը Զարուհի Փոստանջյանի վարքագիծն է Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում, ավելի ստույգ ՝ նրա ուղղած հարցը հանրապետության նախագահին: ԱԺ խմբակցությունների այսօր, ըստ էության, ԱԺ նախագահի մտադրության առնչությամբ առարկություններ չեն ունեցել՝ ընդգծելով , որ խորհրդարանի խոսնակը գործել է ԱԺ կանոնակարգ-օրենքով իրեն տրված իրավասության շրջանակում:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Զարուհի Փոստանջյանի վարքագիծը, որը ԱԺ նախագահին ստիպել է պատվիրակության կազմում փոփոխության կատարելու նախաձեռնությամբ հանդես գալ, «Ժառանդությունում» դեռ չեն քննարկել և գնահատկան որպես այդպիսին չունեն: Զարուհի Փոստանջյանի հետ ԵԽԽՎ-ում հնչեցրած հայտնի հարցադրումից հետո խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առայժմ չի զրուցել. սպասում է նրա վերադարձին։
ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմում փոփոխություն կատարելու հարցով Ազգային ժողովի նախագահը պետք է պաշտոնապես դիմի խմբակցությանը: «Ժառանգությունը» Հովիկ Աբրահամյանից դեռ պաշտոնական դիմում չի ստացել, ստանալուց հետո կքննարկի այն և որոշում կկայացնի։ ԱԺ նախագահի հայտարարությանը նախորդած խորհրդակցության ժամանակ Ռուբեն Հակոբյանը Հովիկ Աբրահամյանին խորհուրդ է տվել շտապողականություն չդրսևորել։ «Ես Հովիկ Աբրահամյանին խորհուրդ տվեցի, որ չշտապի և նման հայտարարությամբ հանդես չգա: Չի բացառվում, որ վաղը նույն հայտարարությունը օգտագործվի, որ երկրում կան հետապնդումներ և այլն»։
Դաշնակցությունը կարծում է, որ ստեղծված իրավիճակում անելիք ունի միայն «Ժառանգությունը»: Անհատ
պատգամավորը, այո, ինքն է որոշում ինչ ասել և որտեղ, բայց թեկնածությունը ներկայացնում է խմբակցությունը: Փոստանջյանի հնչեցրած հարցից, օրինակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը չի հասկացել՝ պատգամավորի՞, թե՞ խմբակցության տեսակետն է հնչում։ «Խմբակցությունը պետք է իր ներսում կարողանա որոշել, թե ինչ գնահատական տա»։
Ինչ վերաբերում է կոնկրետ Աղվան Վարդանյանին գնահատականին, ապա, ըստ նրա, հարցն այստեղ կեղտոտ լվացքը դուրս տանել-չտանելը չէ : Խնդիրը հարցի բովանդակությունն է. «Այդ բնույթի հարցի, անապացուցելի կամ չգիտեմ ինչ տեսակի հարցի փոխարեն շատ ավելի ծանրակշիռ հարց կարելի էր տալ երկրի ներքին պրոբլեմների մասին: Մենք սա ենք անընդունելի համարում ՝ հարցի բնույթն ու տեսակը»։
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում Զարուհի Փոստանջյանի հարցի հետ կապված քննարկում չի եղել: Թեման քաղաքական չէ, ասում է խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Իսկ ընդհնարապես նշում է, որ չի կիսում, իր ձևակերպմամբ, գավառական այն մոտեցումը, թե կեղտոտ սպիտակեղենը դուրս հանել պետք չէ։ Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին «Զվարթնոց» օդանավակայանում ձվերով և լոլիկներով դիմավորելու մտադրությանը, ապա Գալուստ Սահակյանը դեմ է նման «մեծարանքին»: Նման մտադրության մասին խոսել էին ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները։ «Հայաստանի վիճակն այնպիսին է, որ քսան հոգով հավաքվում են` պամիդոր էլ են շպրտում, ձու էլ են շպրտում»:
Եվ, ճեպազրույներին հնչած, բայց ԵԽԽՎ-ից դուրս թեմաների մասին. ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն իր ողջ ասելիքը
գազի սակագնի պայմանագրին նվիրեց: Պատգամավորը 6 ամսվա ընթացքում արդեն 4–րդ անգամ կառավարությունից պահանջում է իրեն տրամադրել գազի սակագինը բարձրացնելու մասին պայմանագիրը: ԱԺ- կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ այդպիսի պայմանագիր չկա։ Պատասխանը Արամ Մանուկյանին ավելի է շփոթեցրել: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցը նույնպես, ի դեպ վարչապետի նախաձեռնած, իրավիճակը չի հստակեցրել: Պատգամավորը շարունակում է սպասել իր հարցադրման արձագանքին: Նա 20 օր ժամկետ է տվել կառավարությանը՝ կամ հրապարակել պայմանագիրը, կամ փակ նիստ հրավիրել, եթե այն պետական գաղտնիք է պարունակում։
ՕԵԿ-ը ուրախ է, որ համաներման փաստաթղթում ներառվել է իրենց առաջարկը և համաներումը տարածվելու է նաև ԱՖղանստանի պատերազմի մասնակիցների վրա: Իսկ «Ժառանգությունը» մտածում է օրենսդրական փոփոխության մասին: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ խմբակցությունը պատրաստվում է օրինագիծ ներկայացնել՝ առաջարկելով վերադառնալ խորհրդարանի աշխատանքի նախկին կարգին, այսինքն՝ ԱԺ քառօրյա նիստերը դարձնել եռօրյա։ Խմբակցության ղեկավարը սա պայմանավորում է պատգամավորների հոգնածությամբ։




