
Հայաստանը դեռ որոշում պետք է կայացնի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու վերաբերյալ, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում։
«Ես և Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի միջոցառմանը մասնակցելու հրավերներ ենք ստացել։ Այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ որոշում պետք է կայացնի, հարցը քննարկվում է»,- ասել է նախարար Միրզոյանը։
Նա նշել է, որ եթե այցը կայանա, ապա պետք չէ այն դիտարկել հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների համատեքստում:
«Սա միջազգային դիվանագիտական միջոցառում է, որին Հայաստանը կարող է որոշել մասնակցել»,- ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այստեղ որևէ խնդիր չի տեսնում։
Ավելին, նա հավելել է, որ «եթե նույնիսկ փորձենք սա կապել հայ-թուրքական երկխոսության հետ, ապա դրական երանգներ հաղորդելուց բացի, այլ բան չունի այդ միջոցառումը»։
Անթալիայի դիվանագիտական ֆորումը հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված պետական առաջնորդները, քաղաքական գործիքչները, դիվանագետները, գիտնականներն ու գործարարները քննարկում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հարցեր, ներկայացնում իրենց տեսակետները, տեսլականներն ու լուծման հեռանկարները:
Ֆորումի նպատակը աշխարհի ու տարածաշրջանի ապագայի շուրջ նոր գաղափարների, միտումների և օրակարգի ձևավորումն է:




