
Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի օրերին դուրս բերած հավաքածուի ճակատագիրը դեռ անորոշ է է։ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է գորգերը տեղափոխել hայաստանյան թանգարաններ, սակայն հավաքածուի հիմնադիրը չի համաձայնում այդ առաջարկին՝ իր հիմնավորումները բերելով։ Արցախից էլ առաջարկ կա գորգերն այնտեղ տեղափոխելու։
44-օրյա պատերազմի օրերին Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերված հավաքածուի ցուցադրման նոր հասցեն դեռ անորոշ է։ Ժամանակավոր ցուցադրությունից հետո մի քանի տարբերակներ են շրջանառվում, որոնց շուրջ, սակայն, ընդհանուր համաձայնության գալ դեռևս չի հաջողվում։ Թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը հույս ունի, որ հարցը համակարգային լուծում կստանա։
«Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերված հավաքածուի պահպանումն օդից է կախված»։
Գորգերը մինչև այժմ ցուցադրվում էին Երևանում`Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: 2021–ի դեկտեմբերի վերջին Ասծատրյանը տեղեկացրել է, որ ցուցահանդեսը պետք է հավաքվի․ ի սկզբանե որոշվել էր, որ այս թանգարանում գորգերը պետք է մնային վեց ամիս, բայց հավաքածուն մեկ տարուց ավելի է ցուցադրվել։
Մշակույթի նախարարությունը գորգերն այլ վայր տեղափոխելու մի քանի տարբերակ է առաջարկել՝ Հայաստանի պատմության թանգարան, Սարդարապատի հուշահամալիրին կից Հայաստանի ազգագրության թանգարան և նկարիչ Հովհաննես Շարամբեյանի անվան ազգային արվեստի կենտրոն։
ԿԳՄՍ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյան. «Հավաքածուի հիմնադիրը չի ընդունել այս առաջարկները, իսկ ներկա պահին ԿԳՄՍ-ն գերադասում է չկառուցել նոր թանգարաններ, այլ լրացնել արդեն եղածներն ու արդիականացնել դրանք»։

Ասծատրյանը հաստատում է, որ չի ընդունել նախարարության առաջարկը։ Մերժելու պատճառներն, ասում է, մի քանիսն են։
«Այս թանգարաններն իրենց գորգերն ունեն, և ցուցադրելու տեղ չկա այլևս»։
Մելքիբեկյանը, սակայն, հերքում է, թե թանգարանում վարակ կա։
Ասծատրյանին առաջարկել են նաև գորգերը Արցախ տեղափոխել։ Այս առաջարկին, ասում է, կհամաձայնի, եթե գորգերի թանգարանը պետական կարգավիճակ ունենա։
«Արցախի մշակույթի նախարարությունը համաձայնեց իմ առաջարկին, և նամակով դիմել է ՀՀ ԿԳՄՍՆ-ին։ Հիմա փորձագետները սրբագրման աշխատանքներ են իրականացնում, որպեսզի պետական կնիքով հաստատված անձնագրերը փոխանցեն Արցախի մշակույթի նախարարությանը։ Սակայն ինձ Արցախից զանգեցին ու ասացին` պատրաստ են գորգերն ընդունել, սակայն թանգարանի կարգավիճակին 2 տարի հետո կանդրադառնան»,-ասաց նա։
Արցախի մշակույթի նախարարությունից հայտնել են, որ գորգերը կպահեն մետաքսի կոմբինատի տարածքում։ Ասծատրյանն ասում է՝ տարածքը մասնավոր է, իսկ ինքը չի ուզում վտանգել գորգերի ճակատագիրը։
«Այս պահին սպասողական վիճակում ենք՝ մինչև ԿԳՄՍՆ-ն տվյալները կամփոփի և Արցախի մշակույթի նախարարությանը կներկայացնի։ Լիահույս եմ, որ խնդիրը կառուցողական լուծում կստանա, հակառակ դեպքում ադրբեջանցիները դա ևս կյուրացնեն»,-ընդգծեց Ասծատրյանը։
Նախարարությունը քննարկում է նաև հավաքածուն գնելու հարցը, գործընթացը դեռ շարունակվում է, և մանրամասներն առայժմ հայտնի չեն։
Ընդհանուր առմամբ՝ Շուշիից դուրս է բերվել շուրջ 160 արժեքավոր գորգ, սակայն հայաստանյան ցուցադրությանը ներկայացվել է դրանցից 71-ը։ Շուշիի թանգարանից հասցրել են փրկել գորգերի շուրջ 70 տոկոսը։ Դրանք հիմնականում XIX դարի նմուշներ են, սակայն հավաքածուում կան նաև XVII դարի գորգեր։




