ԿարևորՀասարակություն

Կարո՞ղ է պաշտոնյան փաստաթուղթը տուն տանել․ փաստաթղթերի «գաղտնազերծման» զգուշացումները՝ քաղաքական գործիք

Վերջին շրջանում քաղաքական տարբեր ուժեր միմյանց զգուշացնում են, թե կարող են հրապարակել իրենց ձեռքի տակ ունեցած հույժ կարևոր փաստաթղթերը։ Հայտարարությունների «փոխհրաձգությունը» սաստկանում է հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցային գործընթացին առնչվող բանավեճերի ժամանակ։ Այս հայտարարությունները միմյանց հատկապես ակտիվ են ուղղում նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաները։ Ուշագրավ է, որ նույնիսկ պաշտոնաթող գործիչներն են երբեմն վկայակոչում իրենց ձեռքի տակ ունեցած փաստաթղթերը։

«Ռադիոլուր»-ը փորձել է հասկանալ՝ որքանո՞վ նախկին կամ ներկա պաշտոնյան իրավունք ունի վկայակոչել և հրապարակել երկրի համար խիստ կարևոր կամ գաղտի փաստաթղթեր, կարո՞ղ է պաշտոնավարման ավարտից հետո իր մոտ մոտ պահել դրանց պատճենները կամ, որքան էլ տարօրինակ հնչի, պաշտոնը թողնելուց հետո պաշտոնական փաստաթուղթը տուն տանել։

Արդյո՞ք պաշտոնյան իրավունք ունի պաշտոնաթողությունից հետո իր աշխատավայրից տուն տանել փաստաթղթեր։ Հարցը հստակ պատասխան ունի․ ՔՕ-ի 306 հոդվածն է կարգավորում «պետական և ծառայողական գաղտնիք»-ին առնչվող դրույթները։ Եթե փաստաթղթերը կամ դրանցում պարունակվող տեղեկությունները միտումնավոր կիրառվում են սեփական շահի համար, ապա առավելագույն պատժամիջոցը մինչև 7 տարվա ազատազրկումն է։ Այդ դեպքում, իհարկե, դեռ պետք է ապացուցվի տեղեկության առնչությունը պետական և ծառայողական գաղտնիքին։

Այն, որ Հայաստանի պատմության մեջ եղել է դեպք, երբ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի տանը հայտնվել են փաստաթղթեր, ապացուցվեց 2008-ին՝ հիշեցնում է փաստաբան Նորայր Նորիկյանը․

«Այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ՝ հրամանով կամ կարգադրությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի բնակարանից առգրավեցին Ղարաբաղ կոմիտեի հայտնի քրեական գործի հատորները։ Այն ժամանակ նախագահ Տեր-Պետրոսյանը փաստաթղթերի՝ իր տանը գտնվելու իրողությունը պատճառաբանեց, որ նախագահական արխիվում են գտնվել այդ փաստաթղթերը»։

Առաջին նախագահի անձնական արխիվից այն ժամանակ փաստաթղթերը տեղափոխվեցին։ Դեպքը քրեական հետևանքներ չունեցավ հիմնավորմամբ, որ չի առնչվել «պետական և ծառայողական գաղտնիք»-ին։

Եղել են դեպքեր, երբ պետական ինստիտուտներից անհետացել են արխիվի փաստաթղթերը։ 2019-ին լայնորեն շրջանառվում էին տեղեկություններ, որ «թավշյա հեղափոխության» օրերին արխվային փաստաթղթեր են անհետացել Բաղրամյան 26-ից՝ նախագահական նստավայրից և ԱԱԾ-ից։ Արթուր Վանեցյանի ղեկավարած ԱԱԾ-ում սկսված ակտիվ քննությունից մանրամասներ հանրությունն այդպես էլ չստացավ։

Այսօր արդեն իրականություն է՝ բազմաթիվ նախկին և ներկա պաշտոնյաների համար քաղաքական բանավեճի յուրօրինակ միջոց են դարձել նրանց իսկ ձևակերպմամբ՝ «ձեռքի տակ ունեցած» փաստաթղթերի հրապարակման զգուշացումներն ու հայտարարությունները։ Այդ «գործիքին» առավել հաճախ դիմում են, երբ բանավիճում են Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի շուրջ։

Թարմ օրինակը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում է․ «Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու ես կոռեկտ չեմ համարում հրապարակելը։ Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ»։

Խիստ վիճահարույց են համարում այս ձևակերպումը թե՛ փաստաբան Նորայր Նորիկյանը, թե՛ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Սարգսյանի հնչեցրած «ծայրահեղ անհրաժեշտություն» ձևակերպումն իրավական կատեգորիա չէ՝ ասում է Նորիկյանը։ Ստյոպա Սաֆարյանը վիճահարույց է համարում նաև ձևակերպման բովանդակությունը։

 «Ընդհանրապես, ինչպե՞ս որոշենք՝ երբ է «ծայրահեղ անհրաժեշտության» պահը, արդյո՞ք ծայրահեղ անհրաժեշտություն չէր առաջացել պատերազմից հետո, երբ հենց նույն Սերժ Սարգսյանը և իր թիմակիցները այս իշխանությունների մեղադրում են դավաճանության, հողատվության, չգիտեմ, պարտության, կապիտուլյացիայի և այլնի համար, ըստ էության՝ անգամ փորձ անելով պատերազմից հետո թուլացված իշխանությանը տապալել ընդհուպ բռնի մեթոդներով, հանրությանը չեն ներկայացնում, թե ինչ կարող էր անել այս իշխանությունները համաձայնելով և ինչ չի արել չհամաձայնելով։ Կարծում եմ՝ ԱԱԾ աշխատակիցները պետք է հետաքրքրվեն՝ այդ ինչպե՞ս է պատահում, որ պետական արխիվում կամ պետական տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի տարբերակները գտնվում են նախկին նախագահների մոտ։ Ինչո՞ւ նրանք ունեն իրենց տարբերակները կամ իրենց մոտ է գտնվում պետությանը պատկանելիք տարբերակը»։

Իր «ձեռքի տակ եղած» տեղեկությունները պարբերաբար վկայակոչում է նաև գործող վարչապետը։ Երբ վերջին պատերազմից հետո ակտիվացան բանակցություններին առնչվող շահարկումները, Փաշինյանը ստեղծված իրականությունը հիմնավորեց նախորդած բանակցային գործընթացներով ու վստահեցրեց՝ հարկ եղած դեպքում դա կապացուցի փաստաթղթերով։ 

«Կներեք, տարուց ավելի է՝ փաստեր են հրապարակում։ Բան ունե՞ք ասելու, ունե՞ք տեղեկություն՝ բացահայտեք։ Գնում եք այստեղ-այնտեղ ասում եք՝ տվեցին, ծախեցին, առան։ Ես էլ ասում եմ՝ ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք ու պետք լինի՝ կապացուցենք։

Ես եմ ղարաբաղյան բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին։ Դրանից առաջ նրանք ընդհանրապես տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել ինձանից առաջ։ Հինգ անգամ հարցրել եմ՝ տեղյա՞կ եք, թե ինչ է խոսվել, ինչ են պայմանավորվել։ Տեղյակ չեն եղել»։

Ի՞նչ տիպի փաստաթղթերի հրապարակման մասին կարող են խոսել պաշտոնյաները։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը բացատրում է՝ եթե տվյալ փաստաթուղթն ունի գաղտնիության մակագրված աստիճան, ապա պաշտոնաթողությունից հետո տվյալ պաշտոնյան իրավասու չէ դրանք հրապարակել և/կամ դրանց հետ կապված հրապարակային ինչ-որ գործողություններ իրակնացնել։

«Եթե տվյալ փաստաթուղթը եղել է տվյալ պաշտոնյայի աշխատանքի արդյունքը և, հնարավոր է, նաև չի օգտագործվել կամ իր գործունեության հետևանքն է եղել, և տվյալ պաշտոնյան զուտ հանրային ծառայող լինելուց զատ նաև քաղաքական գործիչ է, օրենքի շրջանակներում, իմ գնահատմամբ, սահմանափակված չէ նրա կողմից դրանց վերաբերյալ մեկնաբանություններ տալը կամ որևէ կերպ հրապարակային ելույթներ ունենալը այդ կապակցությամբ»։

Նորայր Նորիկյանը վկայակոչում է միջազգային իրավունքն ու բացատրում՝  միջազգային կառույցներում բանակցություններին մասով ընդունված կարգ կա, դրանց առնչվող տեղեկությունները գաղտնի են ու գաղտնի էլ պետք է պահվեն։  

«Առհասարակ, միջազգային իրավունքում էլ է ընդունված, և հակամարտության կարգավորման գործընթացում բանակցող կողմերն ունեն կոնֆիդենցիալության պայմանավորվածություն, և, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանն էլ այդ մասին վկայակոչեց, որ համանախագահ երկրները չեն ողջունում կոնֆիդենցիալ տեղեկությունները հրապարակելը։ Բայց յուրաքանչյուր չինովնիկ իր ձեռքի տակ ունեցած տեղեկություններով  ահաբեկում է իր քաղաքական մրցակիցներին»։

Պատերազմից հետո ռազմաքաղաքական փաստաթղթերի գաղտնազերծումները միանգամից ակտիվացան, որոշ նախկին պաշտոնյաների ու պաշտոնաթող զինվորականների կողմից սա սկսեց կիրառվել հատկապես ներքաղաքական նպատակներով՝ սակայն այդպիսով ոչ միայն երկրի անվտանգության, այլև միջազգային ատյաններում երկրի հեղինակությանը վնասելու ռիսկեր ստեղծելով։  Սա ինչ-որ առումով նաև երկրի քաղաքական դաշտի պատասխանատվության և «առողջության» աստիճանը ստուգելու չափորոշիչ է։

Կարդացեք նաև

Back to top button