
Արհեստական բանականությունը ուշադրության արժանի գործիք է, բայց պետք է կենտրոնանալ դրա միջոցով արտադրանք ստեղծելու վրա՝ կարծում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։ Բնագավառի զարգացմանը խթանելու համար նախարարությունը իրականացնում է տարբեր ծրագրեր, և դրանցից մեկն էլ դրամաշնորհների տրամադրումն է։
Այժմ, սակայն, հնարավոր է՝ մասնավորի հետ համագործակցության մոդելը փոխվի։
Դավիթ Սահակյան․ «Մասնավոր սեկտորից ակնկալում ենք ավելի ակտիվ համագործակցություն, ոչ միայն հայտերի տեսքով դրամաշնորհներին մասնակցելու, այլև գաղափարների գեներացման։ Հայաստանում, ցավոք, արհեստական բանկանությամբ լուծումների կիրառությունը շատ ցածր տոկոս է կազմում, մեծ մասը գնում է արտասահման։ Դա ինչ-որ չափով օրինաչափ է, որովհետև այնտեղից են գալիս կոնկրետ խնդիրները։ Պետք է իրար հետ աշխատենք, որ այստեղ էլ խնդիրներ դրվեն։ Շատ դեպքերում տվյալները գեներացվում են, բայց այդ տվյալների հիման վրա նոր, ավելի խելացի լուծումներ առաջարկելու կոմպոնենտը մեզ մոտ, ցավոք, այդքան էլ բարձր մակարդակի վրա չէ։ Այստեղ կա մասնավորի հետ աշխատելու դաշտ»։
ԲՏԱ գործիքակազմն այս պահին այսպիսին է․ առաջին՝ կրթական։ Ֆինանսավորում է մեքենայական ուսուցման և տվյալագիտության դասընթացները՝ ապագայի մասնագետների պատրաստման նպատակով։ Այս տարի նախատեսվում է ներդնել նաև Կատարելության կենտրոններ(Excellence center), որոնք կունենան հստակ ուղղվածություն։ Երկրորդ՝ հարկային արտոնություններ․ այժմ մշակվող ծրագրում նաև ներառելու է, թե տվյալ ընկերությունը ինչ ներդրում է կատարում բուհերում ՝ գիտական հետազոտությունների(R&D) իրականացման համար։
ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյան․ «Եթե նախարարությունը տեսնում է, որ բիզնեսի և գիտական կենտրոնի միջև կա համաձայնություն, ապա իր գործիքակազմն օգտագործելով պատրաստ է աջակցել այդ համագործակցության զարգացմանը, խորացմանը և տարածմանը։ Այսինքն, մասնավորի մշակած լուծումները ներդնելով տնտեսության մեջ՝ նախարարությունը շատ մեծ աջակցություն է ցույց տալիս և՛ պետական կառույցներին, և՛ մասնավորին, և՛ լուծումներ առաջարկողին»։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի կարծիքով՝ գլոբալ մրցակցությունն անխուսափելի է։ Այսօր տրվող ցանկացած լուծում գործ ունի ոչ թե Հայաստանի 2,5 մլն բնակչության, այլ աշխարհի ու բազմատեսակի ինստիտուտների հետ։ Արհեստական բանականության բնագավառում ներգրավված մասնավոր ընկերություններն այնքան մեծ են, որ կարող են մի քանի անգամ գերազանցել որոշ պետությունների։
«Դրանք գնալով մեծանալու, աճելու են և կարող են այնպիսի լուծումներ տալ, որ պետություններն ունակ չլինեն մրցակցել։ Կրիպտոարժույթն այդ դրվագներից մեկն է, իհարկե, որպես սոցիալական համայնքի ներկայացուցիչներ միշտ կարող ենք օրենքով ճնշել , բայց տեխնոլոգիական առաջընթացն անխուսափելիորեն գալու և կոտրելու է։ Ավելի ճկուն է, միտքն ավելի սահուն է, և լուծումներն էլ կարողանում է ինքնուրույն առաջարկել։ Այսինքն, պետք չէ պետական պաշտոնյայի որոշում, որ նախատիպ ստեղծի և լուծում տա։ Վստահության հարցը, որը հիմնականում պետության, օրենքների գործառույթն է, մասնավորը կարող է լուծել»։
Ներսես Երիցյանը հիշեցնում է՝ 2000-ականներին Միացյալ Նահանգներում բանկերն արդեն արհեստական բանականությամբ գործող ծառայություններ էին մատուցում։ Նա օրինակը բերում է մարտահրավերները լուրջ ընդունելու և առկա անջրպետը հասկանալու համար։
«Այն ժամանակ, երբ մեր բանկերը ձեռքով գրում էին հանձնարարական, և մի քանի օր պետք է սպասեիր, որ վճարային համակարգով այդ թուղթը ֆիզիկապես գար, հաշվարկը գնար Կենտրոնական բանկ։ Այժմ անջրպետը լայնացել է, չի նեղացել։ Այս գիտակցումը թույլ կտա, որ իրական օրակարգ ձևավորենք և ոչ թե նորից իլուզիաներով ապրենք։ Հետո մասնավորը սպասի, թե պետությունն ինչ է անում, պետությունը սպասի, թե մասնավորն ինչ է անում։ Ժամանակն է, որ ռիսկերը ճիշտ վերաբաշխվեն, և այս քննարկումները պետք է վերածվեն պատասխանատու որոշումների»։
Տվյալների մեծ շտեմարանների է տիրապետում Պետական եկամուտների կոմիտեն, որը համակարգված մոտեցում է կիրառում թվային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Այդ մասին են վկայում արհեստական բանականության և թվայնացման մեծաթիվ նախագծերը, որոնք դեռ 2018-ին տեղ էին գտել ՊԵԿ-ի զարգացման ռազմավարության մեջ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նկատում է՝ ՊԵԿ-ը մի կողմից իրականացնում է վարչարարություն, մյուս կողմից ծառայություններ է մատուցում։ ԱԲ-ի գործիքները ծառայեցնելու են այս երկու գործառույթների իրականցմանը։
«Շատ հաճախ լսելով ինչ-որ նոր տեխնոլոգիայի մասին՝ մարդիկ փորձում են վերցնել դա և հասկանալ, թե որտեղ կարող են կիրառել, ինչ կարող են անել։ Հակառակից պետք է գալ։ Պետք է հասկանալ՝ ինչ խնդիր ունենք և այդ խնդիրը լուծելու համար ինչ տեխնոլոգիաներ պետք է կիրառենք, ու ոչ թե տեխնոլոգիան վերցնենք ու տեսնենք, թե որտեղ կարող ենք տեղավորել։ Շատ երկրներ այդ ճանապարհով գնացել են և չեն հաջողել»։
Նախկինում հարկային մարմինը պետք է հետևեր, որ վճարումներն արվեն, իսկ այժմ ՊԵԿ-ը ցանկանում է փոխել այդ մոտեցումը։ Հարկ վճարողը պետք է գիտակցի, որ փոփոխությանն այլընտրանք չկա։ Այդ գիտակցությամբ, արհեստական բանականությամբ և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ՊԵԿ-ում վարչարարությունը կդառնա աննկատ, հարկ վճարողները չեն նկատի կառույցի առկայությունը։




