
Հանրապետության նախագահի լիազորությունների դադարեցման արձանագրություն ԱԺ նախագահը կհրապարակի փետրվարի 1-ի առավոտյան։ Օրենքով սահմանված ժամկետով՝ հանրապետության նախագահի հրաժարականի դեպքում տրվում է մեկ շաբաթ․ եթե դիմումը հետ չի վերցվում, հրաժարականը համարվում է ընդունված։ Ըստ այդմ՝ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետը հունվարի 31-ի օրվա ավարտն է։ Իսկ իշխանական թիմը դեռ վաղ է համարում քննարկել Հայաստանի 5-րդ նախագահի թեկնածուի անունը։
Կիրակի ՔՊ վարչության նիստից հետո է հայտնի դարձել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանին։ ԲՏԱ նախարարի պաշտոնում նա աշխատում է 6 ամիս։ Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին հարցերին նախարարը հստակ պատասխանի փոխարեն ձևակերպել է, որ «տեսականորեն պետք է շրջանառվի»։ Խաչատուրյանը միաժամանակ ճիշտ չի համարում խոսել իր ընտրվելու հնարավորությունների մասին։
Գիտնականը հեռանում է, գալիս է տնտեսագետը։ Հանրապետության նախագահի ընտրության կարգն ու ժամկետները սահմանված են Սահմանադրությամբ։ Ազգային ժողովում ընտրություններն անցկացվում են նախագահի պաշտոնը թափուր մնալուց 25-35 օր անց: Հանրապետության նախագահին ընտրելու է ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ, թեկնածությունն առաջադրում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Խորհրդարանական 3 ուժի համամասնությունից պարզ է՝ լինելու է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն։ Այս հարցում իշխող ուժը, կարելի է ասել, կողմնորոշվել է։
Հայաստանի 5-րդ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Նա նախկինում հանրությանը հայտնի էր Խաչատրյան ազգանունով՝ առաջին նախագահի խորհրդական, Երեւանի նախկին քաղաքապետ, նախկին պատգամավոր, նախկին ՀՀՇ-ական։ Ինչո՞ւ կենսագրությունից վերացավ ՀԱԿ-ին անդամակցության շրջանը, իսկ ազգանվան մեջ ավելացավ «ու» տառը․ առաջին հարցերն են, որոնք ուղղվում են նախագահի հավանական թեկնածուին։
«Մեղավորությունն իմն է։ 2017–ի ընտրություններից հետո իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Ես համարում եմ ինձ անկուսակցական, ինքս իմ մեջ այդ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, ուղղակի ֆորմալ առումով այնտեղ դիմում լինելու կամ չլինելու հանգամանքն է, որ հիմա ճշտվում է։
Իմ ընտանիքի բոլոր անդամները՝ հայրս, եղբայրներս, նրանց ընտանիքները բոլորը Խաչատրյան են։ Ուղղակի ԶԱԳՍ-ի աշխատողն իմ ազգանվան հետ կապված գրել է Խաչատուրյան։ Ես դրա մասին իմացել եմ, երբ անձնագիր էի ստանում։ Ոչ մի անգամ խորհրդային միության ժամանակ օդանավով գնալուց չեմ ունեցել խնդիր, այնպես որ կարիքը չեմ ունեցել, որ փոխեմ, թե չէ կփոխեի հաստատ։ Ինձ համար մի քիչ ֆալշ է հնչում, երբ ինձ Խաչատուրյան են ասում, որովհետև ես Խաչատրյան եմ, իմ հոր ազգանունն է»։
Դեռ չպարզված հարցեր կան նաև Վահագն Խաչատուրյանի աշխատանքային գործունեության հետ կապված։ Երևանի քաղաքապետ տարիներին Արամի 3 հասցեի շենքը շուկայականից շատ ցածր գնով հատկացրել էր «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին՝պարզել էր «Հետք»–ը։ Պաշտոնյան պարզաբանում է․
«Երևի քիչ մարդ կլինի այստեղ, որ այդ շենքը հիշի։ Այն շենքը, որը վերակառուցվել է, դարձել է Երևանի ամենագեղեցիկ շենքերից մեկը։ Ես եմ խնդրողը եղել, միայն իրենք չէ։ Շատերին եմ խնդրել, ցավո սրտի, արձագանքողներ քիչ են եղել։ 1995, 1994, 1993 թվականների Երևանում ներդրումներ անողների թիվն անսահման փոքր էր, նույնիսկ զրո։ Ես կուզեմ, որ այսօրվա ՀՀ–ում շատ մատչելի գնով ներդրողներին տրամադրեն այդպիսի չկառուցված, քանդված կամ կիսաքանդ վիճակում անշարժ գույքեր։ Կարևորը, որ մենք ունենանք այն, ինչին ձգտում ենք»։
Վահագն Խաչատուրյանի կարծիքով՝ ինքը կարող է լինել նախագահի թեկնածու, թեև կափսոսի այն հնարավորությունները, որոնք ուներ և կարող էր իրացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարարի պաշտոնում։ Հեռացող նախագահի հիմնավորումներով չէ, որ իմանալու է նախագահի սահմանափակ լիազորությունների մասին։ Դեռ 2015-ին փոփոխվող Սահմանադրության դեմ պայքարողներից էր․
«Իմ պատկերացումները երկրի սահմանադրական այս փոփոխությունների առումով չեն փոխվել մինչ հիմա։ Ցավոք սրտի, ճիշտ դուրս եկանք, որ այս կառավարման համակարգն ունի լրջագույն թերություններ՝ հաշվի առնելով, որ մենք դեռ լիարժեք կայացած ժողովրդավար երկիր չէինք, և մեզ մոտ հատկապես քաղաքական ինստիտուտները և պետական ինստիտուտներն առանձնահատուկ չէին աշխատում։ Պետական ինստիտուտների չկայացման մեջ մեղավորը ոչ թե գործող օրենքներն էին կամ Սահմանադրությունը, այլ՝ ուղղակի եղել են կառավարող ուժի մոտեցումները։ Բոլոր դեպքերում կա Սահմանադրություն, որով ապրում ենք, և այդ Սահմանադրությամբ բոլոր այն պաշտոնները, որոնք կան՝ նաև երկրի նախագահը, ունի որոշակի լիազորություններ, և Սահմանադրության տրամաբանության մեջ այդ լիազորությունները պետք է կատարվեն»։
Սահմանադրությունը նաև հստակեցնում է, թե երբ է նորընտիր նախագահը ստանձնում պաշտոնը։ Դա տեղի է ունենում ընտրվելուց հետո տասներորդ օրը: Սահմանադրության144-րդ հոդվածի համաձայն՝ մինչև այդ նախագահի պարտականությունները կկատարի Ազգային Ժողովի նախագահը, այսինքն՝ այս դեպքում Ալեն Սիմոնյանը:





