
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը վաղ է համարում անդրադառնալ նախագահի թեկնածուի շուրջ խոսակցություններին, քանի որ դեռևս չկա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումը, որով դադարեցվում են գործող նախագահի լիազորությունները:
«Դեռևս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնի»,-ասել է նա:
Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ իր թեկնածությունն է ներկայացնելու ՔՊ-ն նախագահի պաշտոնում, նա ասել է․
«Տեսականորեն պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, որ կար՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև այսօրվա նախարար: Այդ պայմաններում, կարծես, կարելի է ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում, հաշվի առնելով, որ նաև որպես այսօրվա կառավարության անդամ, նաև քաղաքական թիմի անդամ, կարող եմ ես առաջադրվել»:
Նա հավելել է, որ իր համար անակնկալ էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացրեց.
«Դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել, որ կարող եմ դառնալ այդ պաշտոնի մասին գոնե մտածող մարդ: Գնահատողները դուք պետք է լինեք և այն մարդիկ, որոնք ակնկալիք ունեն մեր նախարարությունից»:
Փետրվարի 1-ին կհրապարակվի ԱԺ նախագահի որոշումը։




