
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր՝ տարեցների միջազգային օրը, եւ մեկ առիթ է խոսել նրանց խնդիրների մասին։ Հայաստանը դասվում է աշխարհի արագորեն ծերացող երկրների շարքին: Եթե այսօր երկրի բնակչության 14.4 տոկոսի տարիքը 60-ից բարձր է, ապա մեր հարևան Ադրբեջանում այն կազմում է 8.5 տոկոս, Թուրքիայում՝ 10 տոկոս: Վրաստանը մեզանից ավելի վատ վիճակում է. այնտեղ 60-ից բարձր տարեցների թիվը կազմում է 19. 7 տոկոս։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր խոսելով կանխատեսումների մասին՝ նշեց, որ 2050 թվականին Հայաստանի բնակչության գրեթե մեկ երրորդը` 31.5 տոկոսը, կարող է լինել 60-ն անց։
Բնակչության կազմում տարեց բնակիչների բաժնի նման աճը մեծ սոցիալ- տնտեսական բեռ է ենթադրում պետության համար: Անկում է ապրում ներքին պահանջարկը, աշխատուժի պակասի հետևանքով ավելանում է աշխատավարձերի չափը: Արդյունքում՝ երկիրը դառնում է անմրցունակ: Վարած Ճիշտ քաղաքականության արդյունքում՝ Գերմանիան այսօր աշխարհում ամենազարգացած և շարունակաբար աճ գրանցող երկրներից մեկն է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյան նշեց, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել տարեցներին սոցիալական նոր ծառայություններ տրամադրելու հայեցակարգի նախագիծը, որտեղ առաջարկվում են խնամքի ու սպասարկման նոր մոդելներ։ «Պահպանելով այսօր գոյություն ունեցող մեր համակարգը` մենք առաջարկում ենք նոր՝ ավելի ժամանակակից, աշխարհում ընդունված նոր՝ այլընտրանքային ծառայություններ. ցերեկային կենտրոններ, տարբեր ակումբներ`առողջ ապրելակերպի ակումբ, տարեցների շարունակական կրթության համար հնարավոր պայմաններ ապահովելու կենտրոններ»,- ասաց նա։
Կառավարության կողմից ծրագիրը հավանության արժանանալու դեպքում նախարարությունն անմիջապես ձեռնամուխ կլինի այդ կենտրոնների ստեղծմանը, հավաստիացրեց ոլորտի պատասխանատուն և նշեց, որ տարեցների հիմնախնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: Նրանք ունեն առողջական, սոցիալական խնդիրներ։




