
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գազի սակագնի բարձրացման հայտ է ստացել՝ «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։ Հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի՝ սակագնի վերանայման հիմքերն ուսումնասիրելու համար։
«Եթե ուսումնասիրությունն ավելի շուտ ավարտվի, գնի փոփոխության հարցը պարզ կլինի ավելի շուտ»,-ասել է Ուլիխանյանը։
Եթե գինը փոխվի, ապա նոր սակագինն ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ին, իսկ մարտի 1-ին արդեն պետք է սպառողներին հայտնի լինի, թե 30 օր անց որքան են վճարելու սպառած գազի համար։ Սահմանված բանաձևն է որոշելու սակագինը՝ հստակեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը։
Ուլիխանյանի փոխանցմամբ՝ կքննարկեն՝ հասկանալու՝ արդյո՞ ք «ԳազՊրոմԱրմենիա»-ի առաջարկած բանաձևով են առաջնորդվելու, թե՞ ճշգրտված սակագնով՝ պայմանով, սակայն, որ տարին մեկ անգամ վերանայվի գազի սակագինը՝ ջերմատվությամբ պայմանավորված։
«ԳազպրոմԱրմենիա» ընկերությունն առաջարկում է բոլոր սպառողական խմբերի համար կիրառել միասնական գին, նաև կիրառել բանաձև՝ կախված գազի կալորիայի յուրաքանչյուր ամսվա ճշգրտումներից։ Եթե մինչև այսօր գործող սակագինը սահմանված է կոնկրետ թվային մեծություն, ընկերությունն առաջարկում է բանաձև սահմանել։ Ապրիլի 1–ից ներկրվող գազի մասով նույնպես ճշգրտում պետք է կատարվի։ Ընկերությունն առաջարկում է 282․6 դոլար սակագին 8500 կիլոկալորիայի դեպքում1000 խորանարդ մետր գազի համար։ Դրամային արտահայտությամբ՝ 135 հազար 649 դրամ։ «ԳազպրոմԱրմենիա» ընկերությունն առաջարկում է միջին կշռված գինն ավելացնել 15.89 դոլարով՝ ԱԱՀ–ն ներառյալ։ 12․53 դոլար՝ առանց ԱԱՀ-ի» ։
2022թ ապրիլի 1-ից սկսած՝ պետք է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մատակարարվող գազի կալորիայի ճշգրտում իրականացնի։ Վերջին ճշգրտումը կատարվել է 2013 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ ամրագրվել է, որ Հայաստանին պետք է 7900 կիլո կալորիականությամբ գազ մատակարարվի, սակայն մինչ այժմ մատարակարվել է ավելի բարձր կալորիականությամբ գազ՝ 8400-8500՝ սահմանին վճարելով ավելի ցածր՝ 165 դոլար մեկ խորանարդ մետրի դիմաց։
Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 23-ին կառավարության նիստում հավանության արժանացած չզեկուցվող նախագծերից մեկով նախատեսվում էր տարեկան 31,79 մլն դոլար գումար վճարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը նպաստելու է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն է ստեղծելու, որպեսզի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահվի Հայաստան մատակարարվող գազի գինը 165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խմ-ի համար։




