
Ղազախստանի իշխանությունները ողջ հանրապետությունում սահմանել են ահաբեկչական սպառնալիքի կրիտիկական՝ կարմիր մակարդակ։ Այս մասին ուրբաթ հայտնել են հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) մամուլի ծառայությունից։
«2022 թվականի հունվարի 6-ին Նուր-Սուլթան քաղաքում Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Երմեք Սագիմբաևը անցկացրել է ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական օպերատիվ շտաբի (ROSH) խորհրդակցություն: Երկրի բոլոր շրջաններում հաստատվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ»,- մեջբերում է գերատեսչությանը Kazinform գործակալությունը։
Այդ կապակցությամբ պետական մարմինների առաջին ղեկավարները միջոցներ են ձեռնարկել՝ ուղղված երկրում իրավիճակի կայունացմանը և անհատին ու պետությանը սպառնացող ահաբեկչական սպառնալիքի վերացմանը։
Ինչպես նշում է ղազախական Tengrinews գործակալությունը, ահաբեկչական վտանգի կարմիր մակարդակի հաստատման ընթացքում հատուկ ծառայություններին թույլատրվում է խուզարկել անհատներին, նրանց իրերը, տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել դրանց տեղաշարժը։ Բացի այդ, թույլատրվում է ազատ մուտք գործել բնակելի և այլ տարածքներ։ Կարող է ձեռնարկվել նաև հեռահաղորդակցության ուղիներով փոխանցվող խոսքի և այլ տեղեկատվության վերահսկում։ Ենթադրվում է նաև հատուկ ծառայությունների ողջ անձնակազմի լիարժեք մոբիլիզացիա և մարտական պատրաստականություն, ինչպես նաև անվտանգության միջոցառումների ուժեղացում։




