
Ղազախստանում անկարգությունների հետևանքով անվտանգության աշխատակիցների զոհերի թիվը հասել է 18-ի, 748-ը վիրավորվել են, գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով ՆԳՆ-ին։
Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ավելի վաղ զգուշացրել էր, որ իշխանությունները ամենախիստ միջոցները կձեռնարկեն ցուցարարների նկատմամբ, քանի որ անկարգությունների հետևանքով իրավապահներ են զոհվել և տուժել են։ Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի և 350 վիրավորի մասին։
Ցուցարարներն արդեն մի քանի անգամ փորձել են գրոհել վարչական շենքերն ու ոստիկանական բաժանմունքները, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել։
Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Նավթ արդյունահանող Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցեր են անցկացնում մեքենաների համար օգտագործվող հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։ Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից դրա արժեքը սկսել է ձևավորվել էլեկտրոնային բորսայում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Հունվարի 4-ին երկրի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են կատարել ցուցարարների հիմնական պահանջը՝ նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ցույցերը չեն դադարում։ Տոկաևը երեկ առավոտյան արձակել է կառավարությունը։ Նա նաև հայտարարել է, որ ստանձնում է Անվտանգության խորհրդի ղեկավարի պարտականությունները, որը նախկինում կատարում էր հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Կառավարությունն այսօր սահմանել է բենզինի և դիզվառելիքի գների պետական կարգավորում՝ 180 օրով։
Երկրում արտակարգ դրություն է մտցված։




