
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 5-ին հանդիպել է Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի ռեկտորի, փոխռեկտորի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Երևանի պետական համալսարանի, հայաստանյան այլ բուհերի և Հունաստանի ազգային համալսարանի միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու և զարգացնելու հեռանկարների շուրջ:
Հանդիպմանը ազգային համալսարանի ռեկտոր Մելետիոս-Աթանասիոս Դիմոպուլոսը ներկայացրել է համալսարանի պատմությունը, կառուցվածքն ու գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները։ Կարևորել է հայաստանյան համալսարանների, հատկապես Երևանի պետական համալսարանի հետ իրականացվող համագործակցությունը՝ նշելով մի շարք նախագծեր, որոնք կարող են գործնական նշանակություն ունենալ։
Դեսպան Մկրտչյանն ընգծել է կրթական ոլորտում համագործակցության կարևորությունը՝ որպես հայ-հունական երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժով օժտված բնագավառ։
Հանդիպմանն արծարծվել են նաև երկու երկրների գիտակրթական հաստատությունների հետագա փոխգործակցությանն ու համատեղ ծրագրերին առնչվող հարցեր։




