ԿարևորՀասարակություն

Ինքնակամ կառույցները կհաշվառվեն, բայց հաշվառումը դեռևս օրինականացում չէ․ ժամկետներ են սահմանվել

Ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացն սկսված է։ Կառավարությունն այս տարվա առաջին նիստում հաստատել է դրանց հաշվառման կարգը։ Ինքնակամ կառույցների օրինականացման վերջնաժամկետը 2025թ հունվարի մեկն է։ Վարչապետը հայտարարել է՝  առանց նախագծման՝ Հայաստանում արգելվում է որևէ շինության կառուցում։

Ինչպե՞ս ու մինչև ե՞րբ է  հնարավոր հաշվառել ինքնակամ կառույցները․ գործընթացը սկսված է, ժամկետերը՝ հստակեցված։ Տարեվերջին, Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններով, արգելվեց ապօրինի շինությունների օրինականացումը, բայց Երևանում ինքնակամ կառույցների հաշվառման համար քաղաքացիներն ունեն մեկ տարի ժամանակ՝ մինչև հաջորդ տարվա հունվարի 1-ը։ Մյուս քաղաքային բնակավայրերում՝ վերջնաժամկետը  2024թ–ի, իսկ հանրապետության ողջ տարածքում  2025թ հունվարի 1–ը։ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը նկատում է՝ ինքնակամ կառույցներ ունեցողները հաշվառման գործընթաց սկսելու համար որևէ տեղ գնալու կարիք  չունեն, պարզապես պետք է փնտրեն ու գտնեն կոմիտեի կողմից հաշվառված մասնագետներին․

«Մասնագետը տեղում պետք է իր աշխատանքները իրականացնի, ուսումնասիրի, չափի շինությունը։ Փաթեթ պետք է կազմի, որից հետո պատվիրատուն ու չափագրողը պետք է համաձայանգիր կնքեն»։

Առցանց գրասենյակի համակարգ մուտքագրման պահից՝ ինքնակամ կառույցը համարվելու է հաշվառված։ Երկամսյա ժամկետ է  սահմանվում  կոնկրետ 2021թ կառուցված շինությունների հաշվառման համար։ «Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների նպատակը ինքնակամ շինություններ կառուցելու պրակտիկայից հրաժարավելն է»,- ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Որևէ կառույց կառուցելիս պետք է լինի շինթույլտվություն։ Պետք է ունենա նախագիծ։ Առանց նախագծման՝ որևէ շինության կառուցումը ՀՀ–ում արգելվում է։ Երկրում այս քանակի ապօրինի կամ ինքնակամ շինությունների ծավալը արդեն պետական ինստիտուտների թերկայացվածության վկայությունն է»։

Օդային լուսանկարահանմամբ արձանագրվել են մինչև 2021թ կառուցված  բոլոր ինքնակամ կառույցները։ Դրանից հետո կառուցված ինքնակամ շինությունները հաշվառման ցուցակից պարզապես դուրս կմնան՝ հստակեցնում է կադաստրի կոմիտեի նախագահը։  Վերահսկողության գործառույթը կիրականացնեն համայնքների ղեկավարներն ու  տեսչական մարմինները։ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն ընդգծում է․ 

«Օրենքի ընդունումից հետո վիճակը բարվոք է։ Նոյեմբերի դրությամբ տեսչական վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 17 ինքնակամ շինություն։ Դեկտեմբերի տվյալները դեռ ամփոփված են, հավանաբար, կլինեն 4–ը։ 2020–ի ընթացքում հայտնաբերվել է 468 ինքնակամ շինություն, 32–ի գործով քրեական գործեր են հարուցվել»։

Մասնագետների գնահատականները՝ ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացին, տարբեր են։ Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն, օրինակ, ասում է՝ եթե կառույցն ապօրինի է, ուրեմն, այն պետք է քանդվի․

«Որևէ բան չի կարելի ինքնակամ անել։ Չի կարելի։ Ինքնակամը խախտում է։ Ի՞նչ է նշանակում՝ օրինականացնել։ Ինչո՞ւ։ Եթե սեփականատերը մի գիշերում որոշի հրապարակի կենտրոնում ինքնակամ ինչ-որ շինություն կառուցի, հետո պետք է ասենք՝ քանդելիս վնաս է կրում։ Կառուցելուց առաջ պետք է մտածի, թե ինչ է անում»։

Կառավարությունը հստակ սահմանում է, թե ինչ կարգավորումներ են նախատեսվում, եթե համայնքի և պետական սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ շինություն է կառուցվել։ Մասնավորապես, համայնքի ղեկավարը պարտավոր է այն ապամոնտաժելու որոշում կայացնել։ Չկայացնելու դեպքում տեսչական մարմինը կարող է նրան ենթարկելան վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկից մինչև 2500-ապատիկի չափով։ Ապամոնտաժման որոշումը իրացնում է տեսչական մարմինը՝ պարտադիր  կատարման հնարավորությունը թողնելով հարկադիր կատարողին։ Վերջում ինքնակամների պատկերը՝ ըստ բնակավայրերի․ ամենաշատը ինքակամ շինություններ կառուցվել են Երևանում, ամենաքիչը՝ Գեղարքունիքում։  Կառավարությունում հստակեցնում են՝ ինքնակամ կառույցների հաշվառումը դեռ օրինականացնել չէ։ Չի բացառվում, որ հաշվառումից հետո էլ այն ապամոնտաժվի։

Կարդացեք նաև

Back to top button