ԿարևորՀասարակություն

Կառավարությունը սահմանել է ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման կարգը

Կառավարությունը սահմանել է Ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների  հաշվառման կարգը: Հիմնավորման համաձայն՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել է ինքնակամ կառույցները հաշվառելու պահանջ:

Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ չհաշվառված ինքնակամ կառույցն հաշվառելու համար ֆիզիկական և իրավաբանական անձիք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների:

Վերջիններս համապատասխան չափագրական աշխատանքներ կատարելուց և դրա արդյունքները պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո չափագրման փաթեթը ներբեռնելու են www.e-cadastre.am կայքէջում ներդրված չափագրողների առցանց գրասենյակ: Նշված գործառույթներն իրականացնելուց հետո կառույցը համարվելու է հաշվառված, որի մասին պատվիրատուն ծանուցվելու է կարճ հաղորդագրության միջոցով:

Քանի որ ինքնակամ կառույցը հաշվառվում էր նաև մինչև օրենսդրական փոփոխություններ կատարելը՝ սահմանվել է, որ կարգի իմաստով ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված նաև այն դեպքերում, երբ մինչև կարգի ուժի մեջ մտնելը այդ կառույցը իրավունքի պետական գրանցման վկայականում կամ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայում հաշվառված է որպես ինքնակամ կառույց:

Սահմանված է, որ ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով ներկայացվում են` 2021 թ. հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում,  մինչև 2021 թ. հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2023 թ. հունվարի 1-ը,  մինչև 2021 թ. հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2024 թ. հունվարի 1-ը,  մինչև 2021 թ. հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում` մինչև 2025 թ. հունվարի 1-ը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ վերահսկման երաշխիքներ են ապահովվել այս որոշմամբ և ունեցած տվյալների բազայով:

«2021 թվականին իրականացված օդային լուսանկարահանման արդյունքում արձանագրվել են մինչև 2021 թվականը կառուցված բոլոր ինքնակամ շինությունները: 2022, 2023 , 2024 թվականներին կառուցված ինքնակամ շինություններն ուղղակի այդ լուսանկարի վրա արտացոլված չեն լինելու: Բացի այդ, այս կարգի կանոններով, չհաշվառված  լինելու պարագայում, դրանք դուրս են մնալու հաշվառման ցուցակից»,-ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

Նա հավելել է նաև, որ ինքնակամ շինությունների կառուցումը կանխարգելելու նպատակով  հստակ ժամանակացույցերով լիազորություններ են վերապահվում համայքնի ղեկավարին և տեսչական մարմիններին:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից հետո իրավիճակը քաղաքաշինության ոլորտում բարվոք է.

«Նոյեմբեր ամսվա դրությամբ ընդհանուր առմամբ տեսչական վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ընդամենը 17 ինքնակամ կառույց,  դեկտեմբերին՝ նախնական տվյալներով 4 կառույց: Իսկ ընդհանուր,  նախորդ տարվա ընթացքում հայտաբերվել է 468 ինքնակամ շինություն, որից 32-ի դեպքով հարուցվել է քրեական գործ»:

Back to top button