
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել երկրում համաճարակով, սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված իրավիճակին: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անցյալ տարվա համեմատ նոյեմբեր ամսից գրիպի դեպքերի բավական աճ է գրանցում:
«Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը բավական կայունացել է: Դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդների հետ: Հույս ունենք, որ այս կայունացման արդյունքում մենք որոշակի նաև նվազման տեմպ կգրանցենք: Իհարկե, վիճակն ամբողջովին մահճակալային առումով, ֆոնդի ապահովվածության առումով վերահսկելի է, և մեր հիվանդանոցները պատրաստ են դիմակայելու նաև գրիպի շտամի շրջանառությանը: Այս պահին մենք ունենք հոսպիտալացված 595 քաղաքացի: Գիտենք, որ գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում և փոխանցողները նրանք են»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ գրիպի պատվաստանյութը ՔՈՎԻԴ-ի պատվաստանյութի հետ որևէ հակացուցում չի առաջացնում:
Ըստ այդմ՝ քաղաքացիները կարող են միաժամանակ ստանալ նաև գրիպի դեմ պատվաստում, որը բավական արդյունավետ է և օգնում է խուսափել հիվանդանալուց և ծանր ընթացքներից: «Տարիներ շարունակ գրիպի դեմ Հայաստանում պատվաստումներն իրականացվել են ազգային ծրագրի շրջանակում: Եվ իսկապես արդյունքները ցույց են տալիս, որ թե՛ քրոնիկ հիվանդություններով տառապողները, թե՛ մինչև 12 տարեկան երեխաները պատվաստվելու արդյունքում խուսափում են գրիպով հիվանդանալուց»,-ասել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել նաև ՔՈՎԻԴ-ով պայմանավորված համաճարակային իրավիճակի վերաբերյալ: «Մենք շարունակում ենք պահպանել կայուն, հանգիստ վիճակ: Նախորդ օրը գրանցվել է 129 դրական դեպք, իրականացվել է 5164 թեստավորում և, ցավոք, 3 մահ ենք ունեցել: Շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը: Այսօրվա դրությամբ իրականացրել ենք արդեն երկրորդ դեղաչափով 722 409 քաղաքացու պատվաստում և առաջին դեղաչափով՝ 946 984 պատվաստում: Իրականացնում ենք նաև արդեն խթանիչ դեղաչափերով պատվաստումները և այն քաղաքացիներն, ովքեր որ արդեն իսկ 6 ամիս առաջ են պատվաստվել՝ հորդորում ենք մոտենալ և ստանալ երրորդ դեղաչափը»,- ասել է նախարարը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է շարունակել պատվաստման գործընթացը. «Եթե պատվաստումները պատշաճ ձևով չշարունակենք՝ ճգնաժամը անխուսափելորեն վերադառնալու է: Այս պահի դրությամբ Հայաստանում «օմիկրոն» տեսակի շտամը չի արձանագրվել, բայց նաև դա է անխուսափելի: Հետևաբար, եթե մենք պատվաստումային գործընթացն ամբողջությամբ նույն ծավալով չշարունակենք՝ նաև ներառելով խթանիչ դեղաչափերի ծավալների մեծացումը, կրկին կանգնելու ենք ճգնաժամի առաջ»:




