ԿարևորՄշակույթ

Խնամել ունեցածը, պաշտպանել՝ պատանդ մնացած կոթողները․ 2021-ը պայքար էր մշակութայինի համար

Վերանորոգել ու խնամել ունեցածը, պաշտպանել պատանդ մնացած ու վնասված մշակութային արժեքների իրավունքները․ 2021-ը ոչ այնքան մշակութային էր, որքան պայքար՝ մշակութայինի համար։ Արցախի ավելի քան 120 եկեղեցի և 13 վանական համալիր մնացել են գրավյալ հատվածում։

Տարեսկզբին Ադրբեջանն արգելեց ուխտավորների այցելել Դադիվանք՝ տարբեր պատճառաբանություններով՝ Թարթառն է վարարել, ճանապարհները լավ չեն, եղանակն է վատ։ Վանքը պահում են այնտեղ ծառայություն իրականացնող հայ հոգևորականները։ Իսկ  Ադրբեջանը  պարբերաբար հայտարարում էր մեր եկեղեցիների ու խաչքարերի ուդիական կամ ալբանական լինելու մաասին։

Արցախում մնացած մշակության ժառանգության հարցը քննարկվեց Երևանում հրավիրված համաժողովում՝ «Արցախի վտանգված ժառանգությունը․ մարտահրավերների հանգույցում» խորագրով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյան․

«Հայկական կողմը հենց սկզբից համագործակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, այժմ էլ ակտիվ համագործակցում է, որպեսզի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակում առաքելություն իրականացվի Արցախ, բայց Ադրբեջանը հիմա էլ շարունակում է խեղաթյուրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության նպատակը և չի ընդունում մեր առաջարկը» Խաչատրյանը։

Սբ Ղազանչեցոցը մզկիթի վերածելու փորձեր Շուշիում ու մզկիթների հիմնարկեք Հադրութում ու Քարինտակում, բազմաթիվ կեղծ ու սուտ մեղադրանքներ՝ մուսուլմանական մշակութային ժառանգությունն ավերելու վերաբերյալ․ Ադրբեջանը ամիսներ շարունակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոչերին չարձագանքելուց հետո  դիմեց միջազգային այդ կազմակերպությանը՝ Արցախ այցի համար։ Տարվա ընթացքում այցն այդպես էլ չկազմակերպվեց, իսկ Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամ։ Նոր տարում սա կարող է առավել արդյունավետ դարձնել մեր պայքարը մշակութային ժառանգության պահպանման համար։ Արցախի մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյան․

«Սկսել ենք հավատալ, որ օկուպացված տարածքների կոթողների պաշտպանությունը ավելի իրատեսական է դարձել։ Հարցերը, որոնք բարձրացնում ենք, հավանաբար, ավելի արագ կհասնեն ՅՈՒՆԵՍԿՕ և մնացած միջազգային կառույցներ, հետևապես, կարող է խնդիրներին նաև ավելի արագ լուծում տրվել»։

2021-ին Արդարադատության միջազգային դատարանը քննեց Հայաստանի հայցն ընդդեմ  Ադրբեջանի՝ Արցախում մշակութային արժեքների ավերման, կեղծման փաստերով։  Դատարանը որոշումը փոխանցվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որտեղ պիտի հետևեն, վերահսկեն Ադրբեջանի հետագա քայլերը։ Միջազգային իրավական հարցերով  Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան․

«Դատարանը շատ հստակորեն արձանագրեց և պարտավորեցրեց Ադրբեջանին ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ հետևելու ռասայական խտրականության մասին կոնվեցիայից բխող կետերին։ Այս պարտավորությունը պարտադիր նշանակություն ունի և Ադրբեջանի համար միջազգային իրավական պարտականություններ է առաջացնում»։

2021-ին Հայաստանում սկսեց գործել Monument Watch․org կայքը։ Բազմաթիվ գիտական հոդվածներ, ամենօրյա մշտադիտարկում և արագ արձագանք՝ Արցախի օկուպացված տարածքներին վերաբերող ահազանգերին՝ հերթական վանդալիզմի մասին։ «Monument Watch»-ի նյութերը օգտագործում են մի շարք միջազգային հետազոտական կազմակերպություններ, այլ երկրների մշակույթի նախարարություններ։

Տարվա ընթացքում  մեծ ուշադրություն է դարձվել նաև հայկական եկեղեցիների վերականգնման խնդրին։ Տարին փակվեց Հակոբավանքի վերածնունդի լուրով․ Մարտակերտի շրջանի վանական համալիրը երեքդարյա ընդմիջումից հետո 2022-ին կվերանորոգվի։

Հայաստանի կառավարությունը մշակութային հուշարձանների պահպանման գործում կառավարությունը կհամագործակցի մասնավոր անձանց և ընկերությունների հետ։ Ծրագիրն արդեն ընթացքի մեջ է․ մասնավոր հատվածի ջանքերով այժմ վերականգնվում է Հարթավան գյուղի Աստվածընկալ եկեղեցին: «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության» վարչության պետ Հարութ Վանյան․

«Պահպանության գոտիներ կան, որտեղ հյուրանոցներ, անգամ շատ բնակելի տներ են կառուցվել։ Ռազմավարության մեջ մի քանի կետեր ունենք՝ առաջնահերթ համագործակցել բնակիչների հետ, նվիրատվություն ստանալ կամ հանրային գերակայության միջոցով տարածքները վերադարձնել պետությանը։ Այստեղ պիտի չափենք ֆինանսական բեռը, ոչ միշտ է հնարավոր այդքան մեծ փոխհատուցում տալ բնակչին: Այդ պատճառով համագործակցության սկբունքով ենք շարժվելու»։

Տարեվերջին կառավարությունը հայտարարեց, որ 2022 թվականին բյուջեից 128 միլիոն դրամ կտրամադրվի մշակութային կոթողների վերականգնման համար, ծրագրի իրականացման համար կհամագործակցեն Մայր Աթոռի հետ։ Իսկ Մայր Աթոռից տրվեց երկար սպասված լուրը․ վերանորոգման տևական աշխատանքներից հետո 2022-ին դռները կբացի Էջմիածնի մայր տաճարը։ Գլխավոր ճարտարապետի խոսքով մի քանի հարյուր տարի տաճարը վերանորոգման կարիք չի ունենա։ 

Կարդացեք նաև

Back to top button