ԿարևորՀասարակություն

Երբ եթերում խոտան է․ «Ռադիոլուրում» տարին առանց կիքսերի չանցավ

Հանրային ռադիոյի եթերից Երեւանը սկսում է խոսել ամեն առավոտ՝ ժամը 8-ից։ «Ռադիոլուր» լրատվականի կյանքում, անկախ բոլոր հանգամանքներից, չի եղել դեպք, երբ լրատվականի ժամը գա, հաղորդավարը տեղում չլինի։ Չէր եղել մինչեւ այս տարի։ Մինչ ունկնդրի ականջին հանդարտ հոսում է եթերը, «Ռադիոլուրի» այսպես ասած կուլիսներում երբեմն աղմուկ է, իրարանցում, հիմնական թողարկումից առաջ՝ վազք։ Այստեղ երբեմն 18-ի հիմնական թողարկումը հումորով «սրբազան» են անվանում․ կոչնակը գնաց՝ պետք է խոսափողի առաջ լինել՝ պատրաստ։ Իսկ երբ կան կիքսե՞ր։

Սովորական աշխատանքային օրը սկսվեց հնչյունային օպերատորի՝ խմբագրին ահազանգով․ «դիկտոր չունենք»։ Բարեղամ Ղուկասյանի ռադիոյական 20 տարվա աշխատանքի ընթացքում առաջին անգամ էր օրը մտքում խառնվել։ Նոր Հաճն քաղաքից եթեր հասավ 22 րոպեում։ Եթերում միշտ ճիշտ շնչող հաղորդավարն այդ օրը խոսքը սկսեց սովորականից տարբերվող խորը շնչով։ «Բարեկամներ, շարունակում ենք թողարկումը»։ Ունկնդիրն, իհարկե, չլսեց՝ ինչ էր կատարվում հանդարտ եթերի հակառակ՝ խառնաշփոթ կողմում։ Բայց օրը մնաց Հանրային ռադիոյի բացառիկների շարքում։

Բարև ձեզ, եթերում «Ռադիոլուրն է։  Խոսափողի մոտ՝ Կարեն Ղազարյանը։ Չէ, դուք իսկապես ճիշտ լսեցիք, դա տեղի ունեցավ հենց ինձ հետ, երբ  իմ անունը կարդալու փոխարեն կարդացի գործընկերոջս  անունը։ Ընդհանրապես, «Ռադիոլուրում» արտակարգ իրավիճակներն անպակաս են։ Ամանորյա թողարկումներն, իհարկե, թույլ են տալիս խոսել ու պատմել մեր ներքին խոհանոցից։  Եւ այսպես՝ օրինակ Բարեղամ Ղուկասյանի եթերում դուդուկահարը հանկարծ ջուջուկահար է դառնում, քանի որ լրագրողի՝ անփութորեն գրած «ջութակահար Ջիվան Գասպարյանն» էր  փորձում արագ շտկել։ Եթերը փրկելու ու ծիծաղը զսպելու ջանքերը նյարդերի հսկա պաշար են պահանջում։

Դե լեզվի սայթաքումները եթերից անպակաս են։ Այդպես էր, երբ Ալիսա Գևորգյանը մի օր  ուղիղ եթերում պատմում էր, թե՝ Բաղրամյան, Բարեղամ  փողոցում լարված իրավիճակ է։  Իսկ որ Բաղրամյանը երկրի այսպես ասած «ամենաբարձր լարման» փողոցն է՝ փաստ է։ Այդպես է երբեմն նաեւ այն օրերին, երբ ԱԺ քառօրյա նիստերն են։ Պատգամավորների լեզվի սայթաքումները, բանավեճերը, մեկը մեկից  ինքնատիպ ու շենշող մտքերը գրի առնելու, ձայնագրելու մենաշնորհը,  իհարկե,  խորհրդարանական մեր թղթակից Լենա Բադեյանին է։ Հաճախ է լինում, երբ Լենա  Բադեյանն ուղիղ եթերի տաղավարում է, բայց որ մի օր էլ կհայտնվեր անհարմար իրավիճակում և ասենք՝  նյութը կարդար  ոչ թե նստած,այլ կիսականգնած, դա այլ պատմություն է։ Մեղավորը՝ ես։

Սյունիքն այս տարի ամենաթեժ կետերից էր, ու մարզի թղթակից Արմեն Դավթյանը՝ միշտ կիզակետում։  Որ օգնականի  հաստիքը  պահանջված  պաշտոն է՝ հայտնի է   բոլորիս։  Օրինակ՝ կարող ես զանգել հայտնի գործարարի, ու ասենք՝ հեռախոսին պատասխանի հենց ինքը, բայց ներկայանա որպես օգնական։ Արմենն  այս անգամ 4 ժամ շարունակ զանգում էր Սյունիքի մարզպետ Մելքիսեթ Պողոսյանին։ Օրը լարված էր։ Շտապ պարզաբանում էր պետք։ Երկար զանգ, բաղձալի պատասխան՝ «այո»։ Բայց․․

«Օգնականն է, մի  րոպե․․․»

Դարձյալ Սյունիքից․ զանգում եմ Ռոբերտ Ղուկասյանին։ Խնդրել ենք, որ խորհրդակցությունն ընդմիջի մի երկու րոպեով ու հարցազրույց տա։ Բայց տարված շտապ հարցազրույց անելու մտքով՝ պահի տակ մոռանում  եմ նրա ազգանունը։ Կողքիս մարդ չկա, որ հիշեցնի։ Ու նրան ես դիմում եմ․․․ պարոն Կալավան-ով՝ հիշելով, որ նա ժամանակին Կալավանի գյուղապետն էր։

Եթերի սպորտային անկյունը Արամ Մանուկյանը միշտ է թեժ պահում, բայց երբ Արամն ուղիղ եթեր է մտնում աղջիկների հանդերձարանից ու շատ ոգևորված պատմում այնտեղ տիրող տրամադրություններից՝ խոսափողի մոտ էլ էլ տրամադրությունը թեժանում։

Հնչյունային գլխավոր ռեժիսոր Արշավիր Աղաջանյանի ականջը գրավելու համար Արշո կանչելիս ռադիոլուրականները սովորաբար վերջին օ-ն շատ երկար են պահում։ Բայց երբ Արշոյի ականջն ու աչքը զբաղված են, այլ հարց է՝ ինչու, եթերում հանկարծ կատաստրոֆա է տեղի ունենում։ Խնդրեմ, Արամ՝ ասում է հաղորդավարն ու խոսքը փոխանցում սպորտային մեկնաբանին։ Բայց, արի ու տես, Արշավիրի ծանր ձեռամբ  Արամ Մանուկյանի  փոխարեն եթերը լցվում է Արամ Առաջին կաթողիկոսի ձայնով։ Ընդ որում՝ աղոթքից հատված։

Մի օր էլ պարզվեց՝ Հանրային Ռադիոյի միջազգային լրահոսը մեկնաբանում է ոչ ավել ոչ պակաս Մարիա Զախարովան՝  մեկնաբան Հասմիկ Մարտիրոսյանի թեթև ձեռամբ, թեթեւ ձայնով։

Որքան էլ տարօրինակ ՝ մեկնաբաններն էլ են մարդ, ու եթերի ընթացքում կարող էլ հազալ էլ, խեղդվել էլ։  Դե ուղիղ եթերը չես ընդհատի, բնական է։ Բայց թե ոնց են նանք հաջողում շարունակել՝ անհնար է բացատրել։ Ահա այսպիսի մի դեպքում էր, որ օգնության հասավ հնչյունային օպերատոր, այսպես ասած՝ եթերը տվող Արմենուհի Դավթյանը:

Երբ ապակուց այն կողմ աշխատող մեկնաբանն ու այս կողմում գտնվող եթերային թողարկիչը հանկարծ մի պահ չեն հասկանում իրար եթերային ժեստերի  լեզուն,  կարող է եթեր գնալ  մեկնաբանի հաղորդածից տարբերվող ռեպորտաժ։ Իհարկե, այս ամենը ռադիոլսողը  երբեմն չի նկատում, բայց մենք գիտենք մեր լավն ու վատը։  Գիտենք նաև, որ մեր ունկնդիրներն էլ հավատարիմ են ու պարբերաբար կարող են զանգահարել խմբագրություն և քննադատել կամ գովել։Իսկ դա նշանակում  է «Ռադիոլուրի» ձեռքն իրադարձությունների զարկերակի վրա է, աչքը՝ ճիշտ ու հավասարակշիռ լրատվություն հաղորդելու «կշեռքի նժարներին»։

Հա, չմոռանամ ասել՝ «Ռադիոլուրի» երեք լրագրող այս տարի մրցանակներ էլ ստացան՝ Հասմիկ Դիլանյանը,Աննա Հարությունյանը։ Իմ մասին չեմ ասում։ Ու այս պահին, խախտելով ավանդույթը, ոչ թե ասելու եմ անուն ազգանունս և բնականաբար «Ռադիոլուրը», այլ՝ այսպես։ 

Երնեկ, թե այս նոր տարի․․․

Եվ  թող սա լինի այս տարվա վերջին եթերային կիքսը։

Կարդացեք նաև

Back to top button