ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության թանգարանը 2021թ-ին ունեցել է 34264 այցելու

2021 թ. ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարանն ունեցել է 34264 այցելու. 22393-ը՝ օտարերկրացի և 11871-ը՝ տեղացի: 7661 այցելու ցուցադրությանը ծանոթացել է բացատրությունով շրջայցի միջոցով, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջը:

2021 թ. ապրիլին ՀՑԹԻ հիմնադրամում բացվել է Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժին, որտեղ ուսումնասիրվում են հայ-ադրբեջանական անտագոնիզմի արմատներն ու մերօրյա դրսևորումները։ Բաժնի հետազոտությունների ծիրում են 1988-2020 թթ. ընթացքում տեղ գտած հայերի զանգվածային կոտորածները Ադրբեջանի և Արցախի տարածքում (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու, Մարաղա և այլն), ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության՝ հայկական մշակութային արժեքների ոչնչացման հարցերը։

ՀՑԹԻ հիմնադրամը ԳԱԱ-ի, ԵՊՀ-ի և ԱՄՆ Հայագիտական ուսմանց ընկերակցության հետ համագործակցությամբ սեպտեմբերի 16-18-ը կազմակերպել է «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողով: Եռօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվել է 46 գիտական զեկուցում, որի 15-ը ՀՑԹԻ գիտաշխատողներ:

Կազմակերպվել է երկու ժամանակավոր ցուցադրություն՝

1. 2021 թ. ապրիլի 21-ին՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով երկլեզու ժամանակավոր ցուցադրությունը, որում ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրած շուրջ երեք տասնյակ ընտանիքների պատմություններ, այդ թվում՝ ՀՑԹԻ աշխատակիցների: Հայոց ցեղասպանության մասին խոսելիս հիմնական շեշտադրումներն արվում են երևույթի ընդհանրական ներկայացման ուղղությամբ, Ցեղասպանության ենթարկված մարդկանց պատմությունները շատ քիչ դեպքերում են դառնում հանրային ուշադրության առարկա։ Վերոնշյալ ցուցադրության հիմնական առանցքն անհատի ճակատագիրն է: Ներկայացված պատմությունները շրջանառության մեջ են դրվել առաջին անգամ և ուղեկցվում են ՀՑԹԻ ֆոնդերում պահվող բնօրինակ բացառիկ իրերով, լուսանկարներով, փաստաթղթերով, ընտանեկան մասունքներով և այլն: Ներկայացված են նաև հատվածներ Հայոց ցեղասպանությունը վերապրածների տեսաձայնագրություններից:

2. 2021 թ. սեպտեմբերի 16-18-ին «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում, սեպտեմբերի 16-ին բացվել է «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով ժամանակավոր, երկլեզու ցուցադրությունը։ Առաջին անգամ հայաստանյան իրականության մեջ կազմակերպվել է ցուցադրություն, նվիրված հայոց պահանջատիրության հարցերին, շեշտադրումներ անելով դրա փաստաթղթային հենքին։ Ցուցադրությունը ներառում է շուրջ երկու տասնյակ oսմաներեն բնօրինակ կալվածագրեր՝ սեփականությունը հաստատող փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ:

Հաշվետու ժամանակահատվածում Հուշահամալիր և թանգարան այցելել է 50 պաշտոնական պատվիրակություն:

Կարդացեք նաև

Back to top button