
Նարինե Քոչարյանը Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի գեղարվեստական ղեկավարն է։ Նրան ասում են Ջրականի Նարինե, քանի որ հենց իր նախաձեռնությամբ է ստեղծվել Մեխակավանի մշակույթի կենտրոնը և դարձել Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մասնաճյուղը Մեխակավանում: Այսօրվա պես հիշում է, թե ինչ կարևոր իրադարձություն էր դրա բացումը Ջրականում։ Կարոտով է հիշում բոլոր այն օրերը, որոնք անցկացրել է Ջրականում ու համոզված է, որ այնտեղ դեռ վերադառնալու է։
Նարինե Քոչարյանին Ստեփանակերտում գրեթե բոլորն են ճանաչում ու ճանաչում են որպես Ջրականի Նարինե։ Այժմ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի գեղարվեստական ղեկավարն է։
Հիշում է, որ մի քանի տարի առաջ այս օրերին ակտիվ եռուզեռի մեջ էր․ Մեխակավանի Մշակույթի տանը ամանորյա միջոցառումներ էր կազմակերպում։ Կենտրոնի ստեղծումն, ի դեպ, հետաքրքիր պատմություն ունի։ Պաշտպանության բանակին կից ստեղծվել էր կանանց խորհուրդ և Նարինեն՝ որպես սպայի կին, ընդգրկվել էր դրա կազմում։ 2017-ին խորհրդի կանանց հետ Ջրական այցելելն ու երեխաների հետ հանդիպելը ճակատագրական եղավ։
«Սպաներից մեկի տանն էինք, ու այդ տան մեծ աղջիկը՝ Սիրուշոն, հարցրեց՝ ես երեխաներ ունե՞մ, նրանք ինչ-որ խմբակներ հաճախո՞ւմ են։ Ես ասացի ՝ այո ու ոգևորված սկսեցի պատմել։ Ասաց՝ բա մենք էլ ենք ուզում նման կենտրոն ունենալ»։
Հենց այս խոսակցությունից էլ սկսվեց Մեխակավանի մշակույթի տան պատմությունը։ Նարինեն ասում է՝ շատերը թերահավատ էին, բայց Արցախի իշխանությունների ու Պաշտպանության բանակի հետ հնարավոր եղավ գաղափարը կյանքի կոչել։
«Ինձ համար Մեխակավանը դարձավ մի տեղ, որտեղ մի ամբողջ Էներգիա էի հավաքում ու հետ վերադառնում Ստեփանակերտ։ Դեռ ոչ մի տեղ չեմ գտնում այդ էներգիան»։
Նարինեի ամուսինը Պաշտպանական բանակում է ծառայում։ Նրանց ընտանիքը կազմավորվել է հենց Արցախում։ Մինչև ամուսնանալը Նարինեն Արցախում երբևէ չի եղել։
«Երբ խոսում էին Արցախից, ես միշտ վատ էի ինձ զգում, ասում էի՝ ո՞նց կարելի է օվկիանոսից այն կողմ ապրել, գալ-գնալ Արցախ։ Եվ ստացվեց այնպես, որ 2012 թ-ից ես սկսեցի ապրել Արցախում։ Երևանից հետո Ստեփանակերտը փոքրիկ, խաղաղ մի անկյունն էր։ Առաջին տարիներին ինձ շատ բան Արցախում զարմացնում էր, օրինակ այն, որ նախագահի շարասյունը կարող է կանգնել կարմիր լույսի տակ»
Ջրականում վերջին անգամ եղավ 2020-ի օգոստոսին։ Մշակույթի տան հարևանությամբ պետք էր այգի հիմնել։ Արդեն տեղանքը ընտրվել էր, գիտեին անգամ, թե երբ են անելու այգու բացումը։
«Անհնարինությունը և լավատեսությունը բախվում են իրար, բայց ես թեկուզ 70 տարեկանում այդ այգու ժապավենները կտրելու եմ»։
Նարինեն ասում է, որ ամեն օր google որոնողական համակարգով փնտրում է Ջրականի եկեղեցին, դեռ քարտեզները թարմացված չեն, բայց ուզում է հավատալ, որ եկեղեցին կանգուն է։
«Ինձ համար այդ անծայրածիր տափաստանային հովիտը ու այդ կանաչ գիծը ու Արաքսի Հովիտը դա այլ զգացողություն է»։
Նարինեն ասում է՝ պատերազմից հետո դժվար էր հավաքվել ու նոր միջոցառումներ կազմակերպել։ Բայց ինչ-որ պահի հասկացավ, որ այդպես շարունակել չի կարող, և հենց մշակույթի միջոցով էլ պետք է շարունակել պայքարել։
Այժմ Նարինեն մշակութային միջոցառումներ է կազմակերպում Ստեփանակերտում։ Անկեղծանում է, որ կազմակերպվող միջոցառումների ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում Հադրութի ու Ջրականի երեխաներին։

Թեև վաղուց դադարել է հավատալ Ձմեռ պապին, բայց նրանից մեր երկրի համար խաղաղություն և արժանապատիվ կյանք է խնդրում։








