ԿարևորՀասարակություն

Հայաստանում բացահայտվել է մոտ 1300 միլիոնատեր պաշտոնյա

Հայաստանի պաշտոնյաների բարեվարքությանը վերջին 2 տարիներին հետևում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ ԿԿՀ խոշորացույցի տակ է հայտնվել 170 պաշտոնատար անձ, ուսումնասիրվել է 2500 հայտարարագիր։ Արձանագրվել են դեպքեր, երբ պաշտոնների են նշանակվել անձինք, որոնց բարեվարքությանը հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն։

2020–ի տարեվերջի դրությամբ, ըստ հանձնաժողովի, 15 միլիոն և ավելի ՀՀ դրամ կամ այլ արժույթով հայտարարագրած պաշտոնատար անձանց թիվը մոտ 1000 է։ 50 միլիոն դրամի շեմը գերազանցող կանխիկ գումար հայտարարագրել է 235 անձ, իսկ100 միլիոնից ավելի՝ մոտ 70 պաշտոնատար անձ կամ նրանց ընտանիքի անդամ։

Կոռուպցիոն ռիսկերի ցուցիչը Հայաստանում զրոյական չէ։ Պաշտոնյաները շարունակում են թանկարժեք նվերներ ստանալ, գումարը պահել կանխիկ, թաքցնել ունեցվածքը և խախտել բարեվաքության կանոնները։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տարվա ընթացքում գործեր են ուղարկվել դատախազություն, որոշ պաշտոնների հավակնորդներին տրվել է բացասական եզրակացություն, բայց նրանք նշանակվել են իրենց պաշտոններում, քանի որ եզրակացություններն ընդամենը խորհրդատվական բնույթ ունեն։ Հանձնաժողովից Մարիամ Գալստյանն է պարզաբանում, թե ինչու է անհրաժեշտ պաշտոնյաների բարեվարքության ուսումնասիրությունը։       

«Ունի հստակ նպատակ՝ համապարփակ վերլուծության արդյունքում հնարավորինս կանխել անբարեվարք անձանց մուտքը և անձանց նշանակումը պետական պաշտոններում։ Բայց արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ ներկայացված բացասական եզրակացություններից երկուսի դեպքում պաշտոնի նշանակումը, այնուամենայնիվ, իրականացվել է, և երկուսն էլ հայտնվել են դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում»։

Արդեն պաշտոնավարող գործիչները նույնպես ունեն գաղտնիքներ։ Որոշ դեպքերում հանձնաժողովին հաջողվել է «գաղտնազերծել» դրանք։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը բացահայտում է պաշտոնյաների «գաղտնիքները», իսկ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հիմնավորում է, թե ինչու հանգիստ չեն տալու պաշտոնյաներին։

Լիլիթ Ալեքսանյան․ «Երեք գործի հիման վրա հարուցվել է անհամատեղելիության վարույթ․ մեկը՝ մարզպետի, մեկը ՝համայնքի ղեկավարի և մյուսը՝ դատավորի նկատմամբ։ Դատավորի նկատմամբ անհամատեղելիության պահանջների խախտման եզրակացության հիման վրա դադարեցվել են նրա լիազորությունները, վարույթների հիմքում եղել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնին զուգահեռ բիզնես–գործունեությամբ զբաղվելու հանգամանքը»։

Հայկուհի Հարությունյան․ «Հանձնաժողովը շատ հստակ գիծ է տանում, որ բիզնեսը առհասարակ անթույլատրելի է համատեղել ցանկացած մակարդակում զբաղեցրած պաշտոնի հետ։ Այստեղ արդեն որակական առումով տրված գնահատականները, կարծում եմ, այն ազդակներն են, որոնցով պետական պաշտոնատար անձինք պետք է այսուհետ իրենց վարքագիծը կառուցեն»։

Հանձնաժողովում մշակել են իրավական տարբեր գործիքներ պաշտոնյաներին և նրանց հետ փոխկապակցված անձանց վերահսկելու համար։ Փոփոխված օրենքով մեծացել է հայտարարատու անձանց շրջանակը՝ ներառելով օրենսդիր, գործադիր, դատական մարմինների շուրջ 9 հազար ներկայացուցիչների։ Այս թիվն առնվազն 3 անգամ մեծ է նախկին ցուցանիշից, իսկ պաշտոնյաների հետ փոխկապակցված և ուսումնասիրման ենթական անձանց թիվը հասնում է 35 հազարի։

Եթե հանձնաժողովում կասկածներ են առաջանում, որ պաշտոնյայի ունեցվածքը կարող է գրանցված լինել ասենք՝ վարորդի, հարևանի կամ հեռու բարեկամի անունով, ապա հանձնաժողովը կարող է անգամ երրորդ անձից պահանջել հայտարարագիր։

Պաշտոնյաների շրջանում ամենատարածված միտումն առնչվում է կանխիկ խոշոր գումարներին։ Պաշտոնյաները, պարզվում է, նախընտրում են իրենց միլիոնները պահել կանխիկ, իսկ սա արդեն կասկածելի է հանձնաժողովի համար։ Պարզվում է, բազմաթիվ միլիոնատեր պաշտոնյաներ ունենք, որոնց անուններն այս պահին հանձնաժողովը նպատակահարմար չի համարում հրապարակել։ Փոխարենը՝ հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը թվերով է ներկայացնում հարուստ պաշտոնյաների ցանկը և բացատրում, թե ինչու են նրանք կասկածելի։

«Գաղտնիք չէ, որ կանխիկ գումարի առկայությունը կամ կանխիկով իրականացվող շրջանառությունն ու գործարքները այլ հավասար պայմաններում կոռուպցիոն ռիսկեր են պարունակում․ ստվերային, առանց հարկման շրջանառությունների մասին կարող են վկայել և այս համատեքստում, ի զարմանս ինձ, բավականին շատ թվով ունենք կանխիկ գումար հայտարարագրած պաշտոնատար անձինք։ Չէի առանձնացնի կոնկրետ շրջանակ պաշտոնատար անձանց, այդպիսի վիճակագրություն չունենք։ 2020 թվականի տարեվերջի դրությամբ, օրինակ՝ 15 միլիոն և ավելի ՀՀ դրամ կամ այլ արժույթով հայտարարագրած պաշտոնատար անձանց թիվը մոտ 1000 է։ 50 միլիոն դրամի շեմը գերազանցող կանխիկ գումար հայտարարել է մոտ 235 անձ և 100 միլիոնից ավելի մոտ 70 պաշտոնատար անձ կամ նրանց ընտանիքի անդամ»։

Նախկինում այս խնդիրներն անտեսանելի էին, հանձնաժողովում ասում են՝  նոր կարգավորումներով են հնարավոր դարձել նման  բացահայտումները։ Հաջորդ տարի հանձնաժողովը պատրաստվում է կենտրոնանալ այն  կարգավորումների վրա, որոնք առնչվում են  պաշտոնյաների նվերներին կամ դրանց թույլատրելի շեմերին։  

Back to top button