
2022թ. նախատեսվում է ընդարձակել հայոց լեզու դասավանդող համալսարանների ցանկը: Խոսելով 2022թ-ի կայանալիք կարևոր միջոցառումներից՝ հայտնել է ԿԳՄՍ նախարարի՝ արտաքին կապերի և սփյուռքի հետ հարաբերությունների զարգացումը, ռազմավարական պլանավորումը և երիտասարդության ոլորտի աշխատանքները համակարգող տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ ՀՀ ԿԳՄՍՆ հետևողական աշխատանք է տարել օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Ը
ստ այդմ՝ արտերկրում գործող շուրջ մեկ տասնյակ հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում:
2021 թվականին առաջին անգամ ֆինանսավորվել են Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, Ուրուգվայի, Հռոմի Սապիենցա և Կահիրեի համալսարանները: Լրացուցիչ ֆինանսավորվել են նաև 2 հետազոտական աշխատանքներ Արգենտինայում և Գերմանիայի «Մաշտոց» հայագիտական կենտրոնում:
Այս աշխատանքների շնորհիվ ներկայում օտարերկրյա համալսարաններում հայոց լեզվի դասավանդման, հայոց մշակույթի հանրահռչակման, ինչպես նաև հայագիտությանը նպաստելու ծրագիրն իրականացվում է 9 երկրի 11 համալսարաններում .
- Պրահայի Կարլովի համալսարան (Չեխիայի Հանրապետություն),
- Բուխարեստի համալսարան (Ռումինիա),
- Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարան, Հռոմի Լա՛Սապիենցա համալսարան (Իտալիայի Հանրապետություն),
- Զալցբուրգի համալսարան (Ավստրիայի Հանրապետություն),
- Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուտ,
- Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն),
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (Ռուսաստանի Դաշնություն),
- Արգենտինայի Քենեդի համալսարան (Արգենտինայի Հանրապետություն),
- Կահիրեի համալսարան (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն),
- Ուրուգվայի համալսարան (Ուրուգվայի Հանրապետություն):
«Քննարկվում են նաև Հայաստանին և հայ մշակույթին առնչվող այլ ձևաչափի միջոցառումների անցկացման հնարավորությունները. դիտարկվում է նաև բոլոր կենտրոնների մասնակցությամբ հայագիտական խորհրդաժողովի անցկացումը»,- տեղեկացրել է Արթուր Մարտիրոսյանը։




