ԿարևորՔաղաքական

Չի կարող լինել քաղաքապետ առանց ավագանու մեծամասնության․ կառավարությունը կաջակցի նորընտիր քաղաքապետին

Այսօր տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը, որին մասնակցել են  Հայաստանի վարչապետը, ԱԺ նախագահը, գործադիրի  ու օրենսդիրի անդամները։ Հրաչյա Սարգսյանը երևանցիների խոստացել է քաղաքապետի լիազորություններն իրականացնել՝ պահպանելով Սահմանադրությունն ու  օրենքները, գործելով ի բարօրություն մայրաքաղաքի բնակիչների։ Վարչապետն էլ իր հերթին է խոստացել՝ Հայաստանի կառավարությունը շարունակելու է աջակցել քաղաքապետին ու ավագանուն՝ իրականացնելու այն ծրագրերը, որոնք միասին նախանշել են դեռ 2017-2018 թվականներին:  

Առաջին հայացքից արարողակարգային իրադարձություն, սակայն իրականում քաղաքական զարգացումների արդյունք։  Երևանի  13-րդ քաղաքապետն այսօր երդվեց լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել մայրաքաղաքի  բարգավաճմանն ու գործել ի բարօրություն նրա բնակիչների: 

«Մեր նպատակն է, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա, համագործակցելով նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ,  իրականացնել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրերը»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։

Դեկտեմբերի 22-ի ավագանու նիստում  Երևանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցությունը անվստահություն էր հայտնել Հայկ Մարությանին և նոր քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել էր  ավագանու 57 անդամ․ կողմ էին  քվեարկել նրանցից 44–ը, դեմ՝ 10-ը: Անվավեր էր համարվել 3 քվեաթերթիկ:

Վարչապետը կարծում է, որ  այս քայլին գալով՝ Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին: Փաշինյանն այս թեմային նաև իր առցանց ասուլիսում էր անդրադարձել՝ ընդգծելով՝ ինչպես վարչապետը չի կարող գործել առանց խորհրդարանական մեծամասնության, այդպես էլ քաղաքապետը չի կարող աշխատել առանց ավագանու մեծամասնության: 

«Շատ կարևոր եմ համարում, որ «Իմ քայլը»  խմբակցությունը սկզբունքայնություն  դրսևորեց ու կայացրեց  քաղաքականապես ճշգրիտ ու գրագետ որոշում։ Եվ ես որևէ կասկած չունեմ, մենք առաջիկայում կտեսնենք՝ Երևան համայնքն ավելի լա՞վ, թե՞ ավելի վատ կկառավարվի»,- ասել էր Փաշինյանը։

Երևանի քաղաքապետն առաջին անգամ երդվել է 2009 թվականին։ Երդման պահանջն ամրագրվել էր «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։ Գագիկ Բեգլարյանը ոչ միայն երևանցիներին երդում տված, այլ նաև համամասնական ընտրակարգով ընտրված առաջին քաղաքապետն էր։ Այսօր արդեն 4 հազարից ավելի բնակչություն ունեցող բոլոր քաղաքների ղեկավարներն են ընտրվում համամասնական ընտրակագով՝ հիշեցրեց Հայաստանի վարչապետը․

«Ինչը ենթադրում է համայնքի կառավարման նոր մոդել, որը ըստ էության համապատասխան է երկրի կառավարման մոդելին։ Մենք պետք է արձանագրենք,որ այս նոր մոդելը իր արդյունավետությունը ցուցադրել է Երևանի, Գյումրիի, Վանաձորի կառավարման առումով»։

2009-ից ի վեր Երևանի քաղաքապետին  առաջին անգամ է անվստահություն հայտնվում։ Հայկ Մարությանն արդեն մեկ տարի «Քաղաքացիական պայմանագիր »  կուսակցության շարքերում չէր և ինչպես պարզվեց ավագանում վերջին նիստում՝ տարաձայնություններ ուներ ավագանու քաղաքական մեծամասնության հետ ։ Երևանի նորընտիր քաղաքապետ նույնպես ՔՊ-ի անդամ չէ, ավելին՝  առաջիկայում չի պատրաստվում անդամակցել իշխանական կուսակցությանը:

Վստահեցրեց՝ այդպիսի քննարկումներ չկան, ինքն անկուսակցական է, ստանձնել է   քաղաքապետի պարտականությունները, որպեսզի ավարտին հասցնի  սկսած ծրագրերը՝ փորձելով վերացնել այն խզվածությունը, որն առկա էր գործադիր, օրենսդիր մարմինների ու ավագանու միջև։

Հրաչյա Սարգսյանի խոսքով՝  Երևանի քաղաքապետարանում ու վարչական շրջաններում առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում։

Back to top button