
Եղիր բարի, երազիր, անցիր գործի․ 17–ամյա Իլոնա Սահակյանի կյանքի և արդեն սեփական գործի կարգախոսն է։ Ծնողների աջակցությամբ լեզվի կենտրոն է բացել, որտեղ երեխաներին լեզուներ են սովորեցնելու՝ անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, անգամ՝ թուրքերեն։
«Մեր կենտրոնի ուսուցիչները լինելու են կենտրոնի գաղափարներ կրողները, նրանք պիտի իրենց ուժն ու եռանդը փոխանցեն երեխաներին։ Երբ տալիս ես սեր, ստանում ես սեր, ընթացքում պահպանում ենք իհարկե խստություն, երեխան էլ լավ սովորում է և գնում է առաջ»,-ասում է Իլոնան։

2019-ին Մոլդովայում Իլոնան խաղաղության դեսպան է ճանաչվել։ Ճիշտ է, այդ կարգավիճակը ստացել է ճամբարում, բայց կարևորում է իր այդ կոչումը։ Ասում է՝ խաղաղությունը պետք է համախմբի մարդկությանը։
«Միջազգայնորեն ճանաչված եմ խաղաղության դեսպան և իմ պատասխանատվությունն եմ համարում Հայաստանում և հետագայում նաև ամբողջ աշխարհում, եթե կարիքը լինի, հաստատել խաղաղություն»,-ասում է Իլոնան։

Իլոնան Սեբաստացի կրթահամալիրի 11-րդ դասարանի սան է։ Ասում է՝ իր էներգիայի աղբյուրներից մեկն էլ սպորտն է։ 3 տարեկանից զբաղվում է գեղասահքով։
Հստակ չի որոշել, թե ի՞նչ է դառնալու, բայց հաստատ գիտի, որ մասնագիտությունը պիտի կապ ունենա կրթական ոլորտի հետ։

17-ամյա Իլոնան ուզում է կրթությունը շարունակել արտերկրում, որտեղ սովորելուց հետո, ասում է, անպայման պետք է վերադառնա ու գիտելիքները սեփական երկրին ծառայեցնի։




