ԿարևորՀասարակություն

Ճանաչելի դարձնել տեղական արտադրողին․ ավելի քան 360 ընկերություն՝ ամանորյա տոնավաճառում

Օգնել ու ճանաչելի դարձնել տեղական արտադրողին․ ավելի քան 360 բիզնես՝ ամանորյա տոնավաճառում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս օրերին գործում է  ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը՝ Big Christmas Market-ը։ Այն իր մասշտաբներով գերազանցում է մինչև օրս կազմակերպվածներին:

Մարզահամերգային համալիրում ամանորյա տոնավաճառը մեկ հարկի տակ է հավաքել 360-ից ավելի հայ արտադրողների. նրանց, որոնք շուկայում իրենց ուրույն տեղն արդեն ունեն, և նրանց, որոնք նոր են մուտք գործում շուկա։

Երրորդ հարկի տաղավարներից մեկից հայկական ժողովրդական երգի հնչյուններ են լսվում։ Այստեղ երգչուհի Արփին է՝ իր «Մախմուր» պայուսակների բրենդով։ Ասում է՝ պայուսակներ ստեղծելու մտահղացումն այս տարի է կյանքի կոչել։

«Մոտ  մեկ  տարի չաշխատեցինք՝ համավարակ, հետո պատերազմ։ Փնտրում էի արտահայտվելու նոր հարթակներ։ Ու սկիզբ դրվեց ինձ համար շատ թանկ մի աշխատանքի, սկսեցի զբաղվել ասեղնագործությամբ։ Բայց գաղափարն իմ մեջ ծագել էր դեռ այն ժամանակ, երբ երկրորդ բալիկովս հղի էի։ Հղիության վերջին ամիսներին արդեն չէի ուզում երգել ու մտածում էի՝ ժամանակն է տանը նստելու ու հղիությունը վայելելու։ Ու այդպես մի օր ձեռքս վերցրի թել-ասեղը, հիշեցի աշխատանքի ուսուցման դասերը, օգտվեցի համացանցից ու սկսեցի ասեղնագործել։ Թանկագին սկեսուր մայրիկս գնեց օղակներ, կտորներ։ Ես սկսեցի նկարել ու գործել։  Սկզբում մտածում էի բեմական շորեր ստեղծելու մասին, բայց կանգ առա պայուսակների վրա։ Դա երազանք էր՝ ստեղծել մի բան, որը կլիներ իմը, իմ ձեռքի աշխատանքը։ Հիմա այն ոչ թե երազանք է, այլ՝ արդեն շոշափելի նպատակ»:

Արփիի  պայուսակներն անուններ ունեն՝ Նախշուն, Մոխրոտ, Նրբիկ, Շուշի, Գորիս, Խնձորեսկ։ Արփին ասում է՝ գուցե իր ծննդավայր Խնձորեսկից է, որ զգում է բնությունն իր ամբողջ գեղեցկությամբ ու ուժով, իսկ նրա զորեղ էներգիան ստանալով՝ սկսում է բնություն ստեղծել՝ ասեղնագործելով։

Մեկ այլ տաղավարում  էլ սիրիահայ Լենա և Սիլվա Յակուբյան քույրերն են։  Ներկայացնում են «Լենա» բրենդը․ բլուզներ, մանկական հագուստ, շրջազգեստներ, բոլորը՝ ձեռագործ աշխատանք։

«Մենք Հալեպում ավելի քան 35 տարի այս գործով ենք զբաղվել ու շատ ուրախ ենք, որ մեր գործը սիրեցին նաև Հայաստանում»։

Ինեսա Առաքելյանը ներկայացնում է «Միլկո» պանրի արտադրությունը։ Ասում է՝ իրենց պանիրները տարբերվում են պատրաստման տեխնոլոգիայով ու համային հատկանիշներով։

«Մենք 100 տոկոսանոց կաթով ենք պատրաստում, ոչ մի հավելում չկա։ Միջին արևելյան պանիրներ են։ Մեր տեսականուց ամենաճանաչվածը «Հալում» պանիրն է»,- ասում է Առաքելյանը։

Տեղականն ավելի որակով ու մատչելի է՝ ասում է «Ես փայտից եմ» ընկերության ներկայացուցիչ Աննա Եղիազարյանը։

«Բոլոր խաղալիքները պատրաստվում են էկոլոգիապես մաքուր փայտից, լեհական արտադրության մաքուր ներկեր են։ Փայտագույն հատվածները մշակվում են  մեղրամոմով, ու խաղալիս՝ բալիկների թաթիկները փափկում են»։

Ցուցահանդես-տոնավաճառի նպատակը մեկն էր՝ ամանորյա գնումները համատեղել հետաքրքիր ժամանցի հետ ու նպաստել արտադրող-սպառող կապի ամրապնդմանը։

Կարդացեք նաև

Back to top button