
Նախապես հայտարարված Վանաձորի ավագանու դեկտեմբերի 24-ի նիստն այդպես էլ չի կայացել: Ի հայտ եկած նոր իրավական հանգամանքների հետևանքով նիստը չեղարկվել է՝ Վարչական դատարանի որոշմամբ:
Դատարանն արգելել է Վանաձոր համայնքի ղեկավարի ընտրության հարցի քննարկման նպատակով նիստերի կազմակերպմանն ուանցկացմանն ուղղված որևէ գործողություն ձեռնարկել:
Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո քաղաքական թնջուկում խճճված հանրապետության 3-րդ քաղաք Վանաձորի ավագանու 1-ին նիստն այդպես էլ չկայացավ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան: Դեկտեմբերի 24-ին՝ մինչ նիստը, հայտնի դարձավ Վարչական դատարանի որոշման մասին, որով արգելվում է ավագանու նիստ գումարելն ու համայնքի ղեկավար ընտրելը: Հիշեցնենք՝ դեռ դեկտեմբերի 21-ին «Լուսավոր Հայաստան» դիմել էր վարչական դատարան՝ իր 1 մանդատի իրավունքը պաշտպանելու հայցով, որը սակայն, մերժվել էր:

Էդմոն Մարուքյան․ «Բողոքարկել ենք Վարչական դատարանի դեկտեմբերի 21-ի վճիռը և դիմել վարչական դատարան, որ մինչ վեճը չավարտվի ընտրական, ինչն օրերի հարց է, Վանաձորում ավագանին որևէ գործողություն չանի:Ես տեսա, որ թալանչիների խմբավորումների մի քանի ներկայացուցիչ, ովքեր Վանաձորում մանկապարտեզներ են թալանել, հարցազրույցներ էին տալիս և խոսում այն մասին, որ իրենք տեղյակ չեն: Իրականությունը հետևյալն է՝ 1300-ից ավելի քաղաքացու ձայն իրենք ուզում են փոշիացնել և գումարել իրենց ձայներին և դա կարողացել են անել, որովհետև բոլոր մարմիններում ունեն մարդիկ և շատ լավ աշխատում են էդ ուղղությամբ, իսկ մենք վիճարկում ենք և կարծում ենք, որ դատարանի որոշմամբ պետք է Լուսավոր Հայաստանը նույնպես մանդատների բաշխմանը մասնակցի»:
Ավագանու նիստին ներկա չէին Հայաստանի աշխատավորական սոցիալիստական, «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների խմբակցությունները: Նիստի եկել էին «Մամիկոն Ասլանյան» և «Հայրենիք» խմբակցությունների ավագանու 16 անդամներ: Նրանց խոսքով՝ դատարական այս գործընթացից տեղյակ չեն եղել: «Մամիկոն Ասլանյան» դաշինքի խմբակցության ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը չի հիշում, որ երբևէ Վանաձորը հայտնվեր նման կազուսային իրավիճակում: Տարակուսած է որոշումից: «Անակնկալ էր»,- ասում է: Նույն կարծիքին է նաև «Հայրենիք» կուսակցության խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը:
«Նախ՝ սպասելի չէր, որովհետև դատարանը որոշում է կայացրել, որ չի կարող քննարկվել քաղաքապետի ընտրության հարց, բայց դատարանը չի կարող արգելել, որ կայանա ավագանու նիստ: Կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է ներկա լինեին, որ կայանար ավագանու նիստ: Ապօրինի գործողությունների շարունակությունն է, որի միջոցով ուզում են խլել վանաձորցու քվեն»:
Գայանե Քալանթարյան․ «Մենք տեղեկացել ենք, երբ պատրաստ էինք գալ գրանցվել: Ես կարծում եմ, որ ինչ- ինչ փոփոխություններ անելիս, այդ փոփոխություններն անող մարդիկ պետք է ճշգրիտ հաշվարկներ անեն, որ քաղաքը չմնա առանց ղեկավարի, ժամանակավոր պաշտոնակատարի, առանց առաջին տեղակալի, չի կարելի այսպիսի վիճակում գցել քաղաքը»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոնը Մարուքյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հերքեց, թե ավագանու խմբակցությունները նախապես տեղեկացված չեն եղել դատական գործընթացներին: «Քանի դեռ ընտրական վեճն իր վերջնական հանգուցալուծումը չի գտել, մանդատներ չպիտի բաշխվեին»,-ասում է Մարուքյանը: Չեն տրվում որևէ սպառնալիքի կամ հայհոյանքի. ընտրել են իրավական ճանապարհը:
Էդմոն Մարուքյան․«Իրենք բոլորը ծանուցված են, բոլորը փոստով ծանուցված են և անգիր գիտեն պրոցեսը, ուղղակի իրենց պետք է այդպես ներկայացնել, շահարկել, մենք չենք կարող դիմել դատարան, առանց իրենց ծանուցելու: Տեսեք՝ ինչեր են խոսում, ինչ սպառնալիքներ են տեղում՝ պադյեզդներում ձեզ կսատկացնենք, էսա իրանց բառապաշարը, բայց մենք իրավական ճանապարհն ենք ընտրել:Իրենք, չսպասելով որ դատական վեճն ավարտվի, ընտրական վեճ կա, ընտրությունների արդյունքները վիճարկվում են, շտապողաբար, չգիտեմ ինչի, նիստ են հրավիրել և ուզում էին ընտրեն քաղաքապետ: Ընդ որում էդ նիստը քվորում էլ չուներ: Անգամ եթե դատարանը չարգելեր, էդ նիստը քվորում չուներ: Ամեն դեպքում փորձ են անում էդ ամենը բարդել «Լուսավոր Հայաստան»- ի վրա, ինչը չի ստացվելու: Դատարանը ոնց կորոշի, էդպես էլ կվարվենք»:
«Մամիկոն Ասլանյան» դաշինքի խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանն ասում է, որ այս քայլը խորացնում է քաղաքական ճգնաժամը: Համայնքը չունի ղեկավար, հաջորդ տարվա բյուջեն հաստատված չէ, մի ողջ համայնքային կյանք կաթվածահար վիճակում է: Պնդում են՝ «Լուսավոր Հայաստանն» իր այս քայլով իշխանությունների ջրաղացին է ջուր լցնում:
«Կան մարդիկ, որոնք իրավաբանության մաստեր կլաս են ցույց տալիս վանաձորցու շահը ոտնահարելով: Բյուջետային գործընթացն ապահովելու տեսակետից ունենալու ենք լուրջ խնդիրներ: Սա նոր վարչատարածքային միավոր է: 4 համայնք են միացել, գույքային, ֆինանսական, տնտեսական լուրջ գործընթացներ կան, որոնք ուզում են խաթարեն»:
Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային կառույցի ղեկավար Արամ Խաչատրյանը չի կիսում քաղաքական ընդդիմադիրների կարծիքները: Մամիկոն Ասլանյանին քաղաքական հալածանքների զոհ չի համարում: Ավելին՝ խոսում է մի շարք կասկածելի քայլերից, որոնք հիմք են տալիս պնդելու, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը մինչ ընտրությունները փորձել է քվեներ ապահովել իր օգտին:
««Լուսավոր Հայաստան»-ը ոչ մեկի ջրաղացին ջուր չի լցրել, օգտվել է իր իրավունքից: «Մամիկոն Ասլանյան» դաշինքը չպիտի մոռանա 5 տարի առաջ ինչպես է գողացել «Լուսավոր Հայաստան»-ի մանդատները, այ սրա մասին իրենք թող խոսեն, նոր մեղադրեն «Լուսավոր Հայաստան»-ին: Ես համաձայն չեմ այս գնահատականի հետ, որ Մամիկոն Ասլանյանը քաղաքական հետապնդումների է ենթարկվել: Նոյեմբերի 15-30-ը մոտ 10 մլն.դրամի չափով մուտք է արվել բնակվարձերի և աղբի վարձերի, սա կասկած է հարուցում, որովհետև այդ մուտքերը սոցիալապես անապահով ընտանիքներն են մուտք արել, որը խիստ կասկածելի է և ուսումնասիրության կարիք ունի: Վանաձոր քաղաքում այլ քաղաքներից եկել և գրանցվել են, որը նույնպես շատ կասկածելի է: Սա մեխանիզմ է, որը տարիներ շարունակ կիրառվել է և կիրառվում է, մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ նման մեխանիզմները բացառենք»:

««Քաղաքացիական պայմանագիր»-ը համայնքի ղեկավարի թեկնածու չունի»,- ասում է Արամ Խաչատրյանը: Խմբակցությունը հենց ավագանու նիստին պիտի որոշեր իր թեկնածուին, չի բացառվում, որ պաշտպանեն այլ թեկնածուի: Վստահեցնում է՝մինչև համայնքի ղեկավարի ընտրությունները, համայնքային կյանքում վայրիվերումներ չեն սպասվում:
«Աշխատակազմի ղեկավարը հանդիսանում է համայնքի գլխավոր ֆինանսիստը և ինքը իրավունք ունի տալ աշխատավարձ, քաղաքապետարանի աշխատակիցները բոլորը , նաև ենթակայության հիմնարկները կստանան իրենց աշխատավարձերը»:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով՝ “Մամիկոն Ասլանյան” դաշինքն ստացել է 15, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 9, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 5, «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 2-ական մանդատներ: Ընտրություններից 10 օր անց՝ ձերբակալվեց Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը, ում մեղսագրվում են մի շարք չարաշահումներ՝ պաշտոնավարման օրոք, մասնավորաբար՝ համայնքային գույքի օտարումների հետ կապված:







