
2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։ 2017-2019թթ մեր երկիրն, ըստ ՀԲ-ի սանդղակի, միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում է ՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հաշվով։ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:
Պատրա՞ստ են արդյոք Հայաստանի տնտեսվարողներն առանց մաքսային արտոնությունների ապրանք արտահանել ԵՄ երկրներ։ Հարցի պատասխանը միջազգային մի քանի կառույցներ արդեն ունեն։ Ըստ զեկույցների՝ Հայաստանից դեպի եվրոպական շուկա արտահանման ծավալները հնարավոր է նվազեն շուրջ 20 տոկոսով կամ դրամային արժեքով՝ 114 -140 մլն դոլարով։ Ավելի քան տասը տարի Հայաստանի տնտեսավորողները հնարավորություն ունեին երկրում արտադրված շուրջ 6200 ապրանքատեսակ զրոյական կամ ցածր մաքսատուրքերով արտահանել Եվրոպա։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության առևտրի գծով պատասխանատու Կարեն Ազարյանը վիճակագրությունն է ներկայացնում։
«2014 թվականին, երբ Հայաստանը նոր էր միացել բարեփոխված տարբերակին, դեպի եվրոպական երկրներ արտահանման ծավալները կազմում էին 42 մլն եվրո, 2019թ-ին Հայաստանից շուրջ 197 մլն եվրոյի արտահանում է իրականացվել՝ օգտվելով «GSP+» համակարգից։ Չեմ նշում 2020թ․-ը , քանի որ համավարակ էր ու արտահանման ծավալները ընդհանուր էին նվազել»։
Եվրոպա արտահանվող ապրանքների կառուցվածքում շուրջ 93 տոկոսը հանքահումքային արտադրանքն է՝ պողպատ, մոլիբդենի ու պղնձի խտանյութ, փայլաթիթեղ, մնացած 7 տոկոսին բաժին են ընկնում տեքստիլը, վերամշակված գյուղմթերքը՝ պահածո, ջեմ, ծխախոտ ու և ժամացույց։ Կարեն Ազարյանն ընդգծում է ՝
«Միայն 2019 թվականին 9 մլն եվրո են խնայել արտահանողները «GSP+»-ի շնորհիվ։ ԵՄ-ում կանոնն այնպիսին է, որ ներմուծողն է մաքսատուրքը վճարում, այս դեպքում ՝ խնայում»։
2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։ ՀԲ-ի սանդղակով դասվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքին՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկով։ Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հիշեցնում է։
«ՀՀ-ից ԵՄ անդամ որևէ երկիր ապրանք արտահանելիս ԵՄ երկրներում մաքսատուրք է վճարվում։ Այս համակարգը հնարավորություն է տալիս, որ հայկական ծագման ապրանքները Եվրոպա ներմուծելիս մաքսատուրք չվճարեն։ Արդյունքում գումարը խնայում էին, նաև՝ եվրոպական շուկայում ավելի մրցունակ լինում»։
ԵՄ կանոնակարգում ամրագրված դրույթների համաձայն՝ երկիրը դուրս է գալիս համակարգի շահառուների ցանկից, եթե Համաշխարհային Բանկի կողմից 3 տարի անընդմեջ դասակարգվում է որպես բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն։ Համաձայն կանոնակարգի՝ երկրին տրվում է 1 տարի անցումային ժամանակահատված, որի ընթացքում այն շարունակում է օգտվել արտոնյալ առևտրային ռեժիմից: 2022թ. հունվարի 1-ից ԵՄ երկրներ արտահանումներ իրականացնելիս չի կիրառվելու նաև «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում գործող ապրանքների ծագման հավաստագրման «Գրանցված արտահանողների համակարգը» (REX)։ Այս համակարգերը լուրջ հնարավորություն էին տալիս հայ արտահանողներին, որպեսզի տարեցտարի արտահանման ծավալները դեպի ԵՄ շուկաներ ավելանան։
««GSP+»-ի դադարեցմամբ դադարում է նաև «GSP»-ին, իսկ սա նշանակում է, որ 2022թվականի հունվարից ՀՀ-ն ԵՄ-ի հետ ունենալու է այնպիսի առևտրային կարգավորումների փաթեթ (մաքսատուրքերի դրույքաչափ), որը ԵՄ-ն ունի ԱՀԿ անդամ այլ՝ երրորդ երկրի հետ։ Սա բազային կարգավորում է, միանգամից ուժի մեջ են մտնելու բոլոր մաքսատուրքերը»։
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը միջազգային հեղինակավոր երկու կազմակերպության՝ «Berlin economics»-ի ու Ասիական զարգացման բանկի՝ 2021-ին արված հետազոտություններից ցուցանիշ է նշում․ 2019 թվականին արտահանման 54 տոկոսը բաժին է ընկել համակարգից օգտվողներին։
«Մի քանի ոլորտների վրա ունենալու է բացասական հետևանքներ։ Նախ՝ փայլաթիթղի արտահանման վրա։ Հայաստանի «Արմենալ» գործարանի հիմնական գործընկերները ԵՄ-ն ու ԱՄՆ են։ Քանի որ զուգահեռ գործընթաց կա ԱՄՆ-ում՝ հնարավոր դեմպինգով պայմանավորված, մենք նաև խնդիրներ ենք ունենալու ԱՄՆ արտահանման ոլորտում։ Ուստի արտահանման ծավալները կնվազեն։ Հաջորդ ոլորտը, որը կտուժի տեքստիլն է»։
Էկոնոմիկայի նախարարության հիշեցնում է որպես այլընտրանք առաջարկվող այլ համակարգի մասին ։ Ըստ պարզաբանման՝ Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP) օգտվելու հնարավորություն են տրամադրում որոշ զարգացած երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ, Կանադան, Շվեյցարիան, Ճապոնիան և Նորվեգիան: Կանադայի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի ապրանքների ցանկը ներառում է գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքներ, որոնց հանդեպ զարգացող երկրներին տրամադրվում է մրցակցային առավելություն:
Այդ ցանկում են նաև մի շարք զգայուն ապրանքներ, այդ թվում՝ տեքստիլի որոշ տեսակներ, կոշկեղեն, քիմիական և արդյունաբերական որոշ ոլորտների արտադրանք։ Ճապոնիան Արտոնությունների ընդհանրացված համակարգ է առաջարկում գյուղատնտեսական մի շարք ապրանքների և ձկնամթերքի համար։ Բոլոր արդյունաբերական ապրանքները հիմնականում օգտվում են զրոյական մաքսատուրքի կիրառման արտոնությունից։ Նորվեգիայի կողմից ևս GSP-ի շրջանակում գրեթե բոլոր արդյունաբերական ապրանքների համար կիրառվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ։
Տեքստիլ արտադրանքի համար միջին մաքսատուրքի դրույքաչափը տատանվում է 5-15%-ի շրջանակում։ Նախարարությունից հիշեցնում են, որ Հայաստանն ունի ազատ առևտրի ռեժիմ նաև Ուկրաինայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Մոլդովայի և Վրաստանի հետ:




