
Հարավային Կովկասի «3 + 3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի բոլոր մասնակիցները (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) իրենց հետաքրքրությունն են հայտնել Վրաստանի մասնակցության հարցում, Թբիլիսիի համար ձևաչափին միանալու դուռը միշտ բաց է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Վրաստանի մասնակցության հարցին և հակասություններին, ապա, ինչպես գիտեք, դեկտեմբերի 10-ին հարթակի առաջին հանդիպմանը բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, միաձայն արտահայտեցին իրենց շահագրգռվածությունը Թբիլիսիի մասնակցության վերաբերյալ այս ձևաչափում, համաձայնեցին, որ Վրաստանի համար միշտ դուռը մնում է բաց»,- նշել է Զախարովան։
Մեկնաբանելով Անկարայում ձեւաչափի հաջորդ հանդիպումը անցկացնելու հնարավորության մասին Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, դիվանագետը հիշեցրել է, որ միայն այդ երկիրը չէ պատրաստակամություն հայտնել հարթակ տրամադրել հաջորդ խորհրդակցության համար։
«Սա, իմ կարծիքով, խոսում է այն մասին, որ այս ձևաչափի բոլոր մասնակիցների շահագրգռվածությունը, համատեղ աշխատանքը շարունակելու և գործնական փոխգործակցություն հաստատելու հարցում, շատ մեծ է, սակայն հաջորդ հանդիպման վայրի և բովանդակության մասին պայմանավորվածությունը տեղի է ունենում արտաքին գործերի նախարարությունների միջոցով. Մենք ելնում ենք նրանից, որ առաջին հերթին կարևոր է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա, այդ թվում՝ առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար կապերի զարգացումը, պայքար ընդհանուր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ»,- ընդգծել է Զախարովան։
Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Թայիփ Էրդողանը հանդես էին եկել Ղարաբաղի հարցով համագործակցության վեցակողմ ձևաչափի և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով։ Ռուսաստանն ու Իրանը ողջունել էին այս գաղափարը, Վրաստանը հայտարարել էր, որ չի նախատեսում մասնակցել տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց Բաքվին և Երևանին առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը՝ «եռյակի» տեսքով խաղաղություն պահպանելու համար։
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով։




