ԿարևորՔաղաքական

Բանագնացներ կան, օրակարգ՝ դեռ ոչ․ հայ–թուրքական գործընթացի նոր զարգացումները

Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացման շուրջ  բանակցություններին զուգահեռ նկատելի են դառնում  Թուրքիայի ջանքերը հայ–թուրքական պայմանական գործընթաց սկսելու ուղղությամբ։ Թեև թուրքական կողմը հայտարարում  է, որ պատրաստ է առանց նախապայմանների սկսել գործընթացը, բայց հայկական կողմում այդ պնդումների վերաբերյալ մեր թերահավատություն կա։

Կան բանագնացներ, բայց հայ–թուրքական օրակարգ որպես այդպիսին դեռ չկա։ Հնարավոր օրակարգը կարող է ձևավորվել միայն սեղանի շուրջ քննարկումների միջոցով։ Սա պաշտոնական Երևանի դիրքորոշումն է, որը Հանրային հեռուստաընկերության եթերում ձևակերպեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայ–թուրքական պայմանական գործընթացում առաջին ազդակները գալիս են Թուրքիայից․ այնտեղից հանրությունը իմացավ բանագնացներ նշանակելու համաձայնության մասին, այնտեղից հնչեց լուրը, որ բանագնացները առաջիկայում կհանդիպեն, որ շուտով կգործի չարտերային չվերթ ու էլի թեմաներ, որոնք որպես խայծ շրջանառում է թուրքական կողմը։ Հայաստանից մշտապես պատասխանել են Թուրքիայից հնչած հայտարարություններին՝ ասում է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ ընդգծելով, թե հանրությունից ծածուկ որևէ գործընթաց չի իրականցվում։

 «Պրոցեսը դեռ չի սկսվել,  նշանակվել են բանագնացներ, դեռ օրակարգը չի ձևավորվել։ Հայաստանը բազմիցս ասել է, որ գտնում ենք՝ պետք է նստել սեղանի շուրջ, խոսել և հասկանալ, թե ինչպիսի օրակարգ կարող են ձևավորել։ Դեռևս ընդհանուր առմամբ օրակարգ չկա։ Հիմնական օրակարգը՝ նստել սեղանի շուրջ, հասկանալ կողմերի դիրքորոշումը, որպեսզի կարողանանք հասկանանք, թե ինչպես կարող են հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվել։ Ընդհանուր առմամբ Հայաստանը պատրաստ է այդ կարգավորումներին, մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում լայն կոնտեքստում կա այդպիսի հնարավորություն։ Երբ օրակարգը ձևավորվի, երբ բանագնացները կհանդիպեն և կստանանք որևէ առաջարկություն, նաև կներկայացնենք մեր առաջարկությունները, ապա կքննարկենք հանրության հետ»։

Խորհրդարանի ընդդիմադիր թևը սուր է արձագանքում թե բանագնացների նշանակմանը, թե առհասարակ գործընթաց սկսելու փորձին։ Չի վստահում առանց նախապայմանների բանակցելու սկզբունքին։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Աննա Գրիգորյանը առնվազն երկու կետ է առանձնացրել, որոնք, նրա  կարծիքով, Թուրքիան դարձնելու է նախապայման։ Հատկապես հետպատերազմյան փուլը շփումների համար վտանգավոր է համարում, հիշեցնում է՝ 2009–10–ին Հայաստանը կրկին չկարողացավ խուսափել թուրքական նախապայմաններից․   

 «Թուրքական կողմը մեկ անգամ չի հայտարարել  իր նախապայմանների մասին։ Այստեղ մենք լրջագույն խնդիր ունենք, և հարցականի տակ են ընդհանրապես Արցախյան հակամարտության հետագա կարգավորումը և խաղաղ բանակցությունների շարունակականությունը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակաբար հորջորջվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Նաիվ պետք է լինել այս պահին կարծելու, որ թուրքական կողմը առանց նախապայմանների այս պահին մտնելու է բանակցությունների մեջ։ Եվ, ի վերջո, Թուրքիան նաև հայտարարում է, որ իրենք սինխրոն են աշխատում Ադրբեջանի հետ։ Հետևաբար՝ այնպես չէ, որ բարի կամքի դրսևորում է լինելու, որ տնտեսական հարաբերությունների վերականգնում է լինելու, երկաթգծի վերականգնում է լինելու։ Թուրքիան չի քնում և արթնանում՝ մտածելով, թե ինչ լավ բան կարող է անել հայկական կողմի համար։ Ցանկացած քայլ, որը ենթադրաբար տնտեսական օգուտներ կունենա  Հայաստանի համար, իր մեջ ավելի խորքային վտանգներ և զիջումներ է ենթադրում»։

Հայկական զգուշավորությունն ու վախերը շրջանառվում են նաև վերլուծական շրջանակներում։ Կարծիք կա՝ եթե համաձայնել ենք բանագնաց նշանակելուն և բանակցելուն, ապա համաձայնել ենք նաև թուրքական նախապայմաններին։ Մտավախությունների մի մասին Անվտանգության խորհրդի քարտուղարը հստակ պատասխանում է։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ «միջանցքի» վերաբերյալ ցանկացած քննարկում մեզ համար «կարմիր գիծ» է։ Սա ոչ միայն Թուրքիայի հետ է ընդհանուր կոնտեքստում եղել քննարկում կամ մեր դիրքորոշման արտահայտում, այլ նաև Ադրբեջանի, նաև՝ եռակողմ բանակցություններում։ Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց։ Սեղանի շուրջ նստենք, հասկանանք, թե ինչ նկատի ունեն։ Եթե Թուրքիան, «միջանցքներ» ասելով, նկատի ունի Հայաստանի ճանապարհները որպես Հայաստանի սուվերեն տարածք օգտագործել, ապա մեր մոտեցումները համընկնում են։ Կարող է սեղանի շուրջ մենք սա պարզենք։ Բայց անհրաժեշտություն կա հանդիպելու, սեղանի շուրջ նստելու և քննարկելու։ Երբ քննարկենք, կիմանանք դա ավելի կոնկրետ ինչ է նշանակում, բայց դեռևս կռահումների փուլ է տեղի ունենում»։

Թե երբ կնստեն սեղանի շուրջ 37–ամյա դիվանագիտական փորձ ունեցող թուրք բանագնաց Սերդար Քըլըչը և երիտասարդ հայ բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, հստակեցումներ չկան։ Հայաստանյան ներքաղաքական դաշտում դեռ քննարկվում է բանագնացի ընտրության հարցը։ Ընդդիմությունը թերահավատ է, որ գործիչները հավասարազոր կարող են բանակցել։

«Իշխանությունների կողմից նման նշանակումները պատահականություն չեն, որովհետև վերջիններն առաջնորդվում են՝ կարևոր չէ, որքան պրոֆեսիոնալ է, կարևոր է թիմից  և լոյալ ինչ–որ մեկը լինի։ Օրինակ՝ ԱՄՆ–ում նշանակվում է մի մարդ, ով լավ անգլերեն գիտի, այս տրամաբանության մեջ էլ Թուրքիայի հետ մեր բանագնացը նշանակվում է մարդ, ով ենթադրաբար թուրքերեն գիտի»։

Իշխանական թևը բանագնացի ընտրության այլ չափորոշիչներ է ներկայացնում։ Վարչապետի և թիմակիցների հետ անմիջական կապ ունենալն առաջնայիններից էր, որոշում կայացնելիս տարիքը նույնպես առավելություն է դիտարկվել՝ ըստ պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի։

 «Եթե ընտրեինք ձեր պատկերացմամբ ավելի շատ դիվանագիտական փորձ ունեցողներից մեկին, դուք անպայման կհարցնեիք՝ ավելի լավը չկա՞ր։ Դուք նշեցիք ընդամենը մեկ խնդիր ՝ տարիքը։ Ռուբինյանը նաև Աժ նախագահի տեղակալն է, դրանից առաջ եղել է արտգործնախարարի տեղակալ և խնդիրը միայն Ռուբինյանը չէ։ Համոզված եմ՝ Ռուբինյանը կունենա բավականին ներկայանալի աշխատակազմ այս հարցերի շուրջ բանակցելու համար»։

Անդրանիկ Քոչարյանն, ի դեպ, այն պաշտոնյան է, որը պատրաստ է Հայաստան–Թուրքիա առաջին չվերթով մեկնել Թուրքիա և վերադառնալ Հայաստան։

Չվերթը վերականգնելու շուրջ  քննարկումները ավելի շուտ են եղել, քան բանագնացի նշանակումն ու  պայմանական բանակցությունները, հաստատել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ 2.5 տարվա դադարից հետո Հայաստանն ու Թուրքիան առաջիկա օրերին կվերսկսեն փոխադարձ ավիաթռիչքները, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը։ Արդեն հայտնի է, որ թռիչքները կիրականացնի Pegasus Airlines-ը, որն այս պահին ավարտին է հասցնում նախապատրաստական աշխատանքները։

Կարդացեք նաև

Back to top button