ԿարևորՄշակույթ

Թատրոն՝ Կայարանում․ բացվել է նոր թատրոն

«Թատրոն Կայարան». այսպես է կոչվում նոր մասնավոր թատրոնը: Հիմնադիրները դերասաններ Արթուր Պետրոսյանն ու Կարապետ Քարաջյանն են: Բեմադրվելու են ներկայացումներ և՛ մեծերի, և՛ փոքրերի համար։

Սա հատված է «Թռի–վռի մի ճպուռ» ներկայացումից։ Բեմում «Թատրոն Կայարան»–ի դերասաններն են։  Բեմադրության ռեժիսորը Կարապետ Քարաջյանն  է՝ «Թատրոն Կայարան»–ի  համահիմնադիրը․

Հայաստանում բացվել է  նոր մասնավոր թատրոն: Հիմնադիրները  դերասաններ Արթուր Պետրոսյանն ու Կարապետ Քարաջյանն են։ Թատրոնը    գործելու է «Սասունցի Դավիթ» կայարանի  հարեւանությամբ, «Երկաթուղայինների մշակույթի պալատ»–ում։

«Սակայն  այս դեպքում ուզում ենք այնպես անել, որ մարդիկ սովորեն նաեւ «Թատրոն Կայարան» անունը։  Անունը պայմանավորված է ոչ միայն տեղանքով։ Խոսքը նաեւ մշակութային կանգառների մասին է, որոնցով անցնում են  մարզերն ու քաղաքով մեկ շրջողները։  Կայարանը ուզում ենք աշխուժացնենք, որպեսզի այն չասոցացվի միայն շուկայի հետ։ Ու փորձում ենք հիմա ստեղծել մի թատրոն, որը կունենա իր ձեռագիրը»,–ասում է  Արթուր Պետրոսյանը։

Մասնավոր թատրոն ստեղծելու գաղափարը ծնվել է  2018 թվականին, բայց տղաները ժամանակ չունեին, խաղում էին «Պետական կամերային երաժշտական թատրոն»–ում։ Իսկ այժմ այդ խնդիրը չկա։ Կառավարության որոշմամբ Պետական կամերային երաժշտական թատրոնը միացավ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնին։ Արթուրն ասում է, որ  սկզբնական շրջանում դերասանները   կաշխատեն   կամավորության սկզբունքով՝ առանց վճարի։

Թատրոնը գործելու է նաև շրջիկ եղանակով․ որտեղ անձնակազմը կանգ կառնի, այնտեղ կխաղան հերթական ներկայացումը, այնտեղ կլինի «Թատրոն Կայարան»-ը:

«Թատրոն Կայարան»-ում կբեմադրեն ժամանակակից պիեսներ, մտադիր են նաև վերաբեմադրել հանրահայտ գործեր: Հաճախ են բեմադրելու արվեստի վաստակավոր գործիչ երջանկահիշատակ Վիգեն Ստեփանյանի գործերը։ Չի  չբացառվում,  որ թատրոնն առաջիկայում հենց նրա անունով կոչվի:

Կարդացեք նաև

Back to top button