
Մշակույթի ոլորտին հաջորդ տարվա բյուջեն նախորդից 2 անգամ ավելին կլինի․ 2021-ին այն մոտ 834 միլոն դրամ էր, 2022-ին կլինի մոտ 1 միլիարդ 600 միլիոն դրամ՝ հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Ոլորտը համակարգող փոխնախարարի խոսքով՝ անցնող տարին արդյունավետ է եղել, հաջորդի համար առավել հավակնոտ ծրագրեր կան։ 2021–ին, օրինակ, թատրոնահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բարելավմանը տրամադրվել է 174.8 միլիոն դրամ։ Խզմալյանը ներկայացնում է այս ոլորտում արած մյուս ներդրումները ևս․
«Ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման ծրագրով՝ հատկացվել է 54.5 միլիոն, թանգարաների և պատկերասրահների հիմնանորոգման ծրագրով 108.5 միլիոն դրամ, աջակցություն քանդակների արձանների պատրաստման, տեղադրման և վերականգնման աշխատանքների ծրագրով՝ 96.4 միլիոն դրամ, հուշարձանների պարագայում, նորոգում և վերականգնում ծրագրի շրջանակներում ընդհանուր 242.7 միլիոն դրամ։ Կինեմատոգրաֆիայի ծրագրով Հայաստանի ազգային կինոյի կենտրոնին հատկացվել է 20 միլիոն դրամ»։
2022-ին միայն թատրոնահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական վերազինման և կապիտալ վերանորոգումների համար հատկացվելու է շուրջ 1 միլիարդ դրամ։ Խզմալյանը բացատրում է՝ պահանջում են ֆինանսական ինքնավարություն, ուրեմն պիտի աջակցեն, որ արտաբյուջետային գումարներ գեներացնելու հնարավորություն լինի․
«Եթե դուք տեսնեք, թե որ կառույցներին է հատկացված այս միջոցները, կհասկանաք, որ սրա տակ կա պետական խթանման քաղաքականություն, որովհետև հիմնականում այս ծրագերրից օգտվել և օգտվելու են այն կառույցները, որոնք լայն միջազգային համագործակցություն են ապահովել, հանդես են եկել հեղինակավոր միջազգային փառատոներին, ներկայանալի են եղել և մեզ այսօր թույլ են տալիս ասելու, որ այո, ժամանակակից հայ թատրոն կա։ Եթե մենք ունենք 4-5 կառույց, որոնք միջազգային փառատոներին ստանում են բարձր մրցանակներ, տալիս են բարձր թատերական արդյունք, մենք իրավունք ունենք խոսելու հայ թատրոնի նորոգման, և հայ թատրոնի վերածննդի մասին»։
Փոխնախարարը նշում է՝ առաջնահերթություններն արդեն սահմանված են․ դրանց մեջ հատուկ տեղ ունեն Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած հայկական արժեքների, հայ մեծանուն կոմպոզիտորների ժառանգության հանրայնացմանը։ Հատկապես ժողովրդական արվեստին մեծ ուշադրություն է հատկացվելու։
«Լսումներ կազմակերպեցինք ոլոտի առաջատար մասնագետների, երաժշտագետների, կոնսերվատորիայի ղեկավարների հետ։ Պատկերը հուսադրող չէ։ Առաջին հերթին պետական կոլեկտիվները նկատի ունեմ։ Մենք տասնամյակներ շարունակ, ըստ էության, վարկաբեկում ենք ժողովրդական արվեստը, որովհետև ունենք լրջագույն խնդիր ներկայանալիության, էսթետիզմի, երգացանկի, նվագացանկի։ Մենք պայմանական մեկ տարի ժամանակ ենք հատկացրել մեր կոլեկտիվներին տարազներից և երաժշտական բովանդակությունից սկսած վերանայելու ամենը և եթե մեկ տարվա մեջ արդյունքներ չենք ունենա, դարձյալ կարդինալ փոփոխությունները բացառված չեն՝ ոչ թե հանուն ինչ–որ բան փակելու, այլ հանուն ինչ–որ բան փրկելու և ժողովրդականը ժողովրդին բարձր մակարդակով վերադարձնելու»։
Հաջորդ տարվա մշակութային իրադարձություններում, ոլորտի համակարգողի խոսքով, շարունակելու է առաջնային մնալ մշակույթի ու կրթական քաղաքականության համադրումը․
«Ես համարում եմ, որ այստեղ առավելագույն ենք հաջողել մեր աշխատանքները, որովհետև մենք շատ հաճախ խոսում ենք մշակության շուկայի փոքրության, կրթված հանդիսատեսի մասին, բայց եթե մենք հենց դպրոցական տարիքից չձևավորեցինք գիտակցությունը, որ մշակույթը լուրջ երևույթ է, որ մշակույթով զբաղվելը լուրջ մասնագիտություն է, որ բարձրացնենք մշակութային գործիչի հանրային ճանաչելիությունը և վարքագիծը, մենք այդ շուկայի հարցը չենք լուծի»։
Դպրոցական բաժանորդագրային համակարգի շրջանակներում 2021-ին թանգարաններ է այցելել շուրջ 81 500, համերգային կազմակերպություններ՝ 8560, թատրոններ՝ 37 500 աշակերտ։ Այս տարի աշակերտ–մշակույթ կապն ամրապնդելու համար իրականացվել են «Արվեստը դպրոցում», «Դասարան + դատական», «Արվստասերունդ», «Զարդագիր» և այլ ծրագրեր։ 2022-ին նախատեսվում է Ազգային պատկերասրահի հետ իրականացնել նոր՝ «Դասարվեստ» նախագիծը, որի ընթացքում կտավը կայցելի մարզեր։




