ԿարևորՀասարակություն

Հեղափոխությամբ եկած քաղաքապետը հեռացավ իմպիչմենտով

Երևանը նոր քաղաքապետ ունի՝ Հրաչյա Սարգսյանը։ Նա ընտրվել է այսօր, ավագանու արտահերթ նիստում՝ 44 կողմ, 10 դեմ ձայնով։ Այսպես Հայկ Մարությանը հեռացվել է Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Նրան անվստահություն հայտնելու գործընթաց էր սկսել  ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Նիստում խոսվել է նաև  անվստահություն հայտնելու պատճառների մասին։ Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Ավագանու արտահերթ նիստ, օրակարգում՝ քաղաքապետին անվտահություն հայտնելու նախագիծ։ Ծանր որոշում, որն իշխող «Իմ քայլը» դժվարությամբ է կայացրել։ Խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան․ նա է ներկայացնում քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը․

«Ստեղծված իրավիճակը մեզ թույլ չի տա առաջիկա 2 տարում արդյունավետ աշխատել և ծառայել Երևանին։ Մենք քաղաքապետի թեկնածու ենք առաջադրել Հրաչյա Սարգսյանին, որն անկուսակցական է, ինչը նշանակում է, որ կուսակցական խնդիր չի լուծվում այս որոշմամբ։ Ընդամենը քաղաքի առաջիկա 2 տարիների արդյունավետ կառավարման հարցն է լուծվում»։

«Դուք շատ մեծ սխալ եք անում, որովհետև ոչ թե քաղաքապետին եք վատություն անում և հեռացնում, երևանցիներին եք հեռացնում որոշում կայացնելու հնարավորությունից»,–ասաց ավագանու անդամ, նախկին իմքայլական Իզաբելլա Աբգարյանը․

«Տարիներ առաջ, երբ ես, ընկերներս, բազմաթիվ երևանցիներ, այդ թվում՝ Հայկ Մարությանը, այս շենքի առջև վանկարկում էինք «որոշողը մենք ենք», մեզ հակադարձում էին՝ օրենքը թույլ է տալիս անել այն քայլը, որը պատրաստվում էր անել քաղաքպետարանը։ Բայց մենք ասում էինք, որ դա չի բխում Երևան քաղաքի շահից, երևանցիների շահից։ Ասում էինք, որ մենք ենք վճարում քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը։ Դա կոչվում է՝ տեր լինել սեփական քաղաքին, համայնքային շահին։ Այսօր ձեր բերած նախագիծը ճիշտ հակառակն է, դրանով հայտարարում եք՝ որոշողը դուք չեք, որոշողը ՔՊ-ն է»։

Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուն դեմ էր «Իմ քայլից» Վահե Գևորգյանը։ Ասաց՝ կատեգորիկ մերժում է այդ գործընթացը։ Հիմնավորեց՝ այն չի բխում երևանցու ու ժողովրդավարության շահերից, ավելին՝ ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդել են շանտաժի միջոցով։ Ըստ Գևորգյանի՝ քվեարկության արդյունքների օրինականությունը կասկածի տակ է դրվում․

«Երեկ բացահայտվեց, որ ավագանու անդամներին սպառնալիքների ու շանտաժի ենթարկելով՝ փորձել են ստորագրություններ կամ վկայությոոններ կորզել, ինչի առիթով «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ն դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Ավագանու անդամների նկատմամբ տարբեր լծակներ կիրառելով՝ ստիպել են կամ ստորագրել անվստահության նախագծի տակ, կամ վայր դնել մանդատը»։

«Լույս» խմբակցությունը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը չէր միացել՝ պատճառաբանությամբ, որ խնդիրը ավելի շատ ներկուսակցական է ու ներքաղաքական։ Բայց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ընդունում է, որ գործող քաղաքապետի օրոք իրականացված կառավարումը ձախողվել է։

«Ես կարծում եմ, որ այս օրը պետք է շատ ավելի շուտ գար։ Նախ ուզում եմ սկսել 2018 թվականից քաղաքում օրեցօր աճող ինքնակամ շինություններից։ Մինչև 2021 թվականը, փաստացի, ով ինչ ցանկանում էր՝ կառուցում էր, և այդ ամենը մնում էր անհետևանք։ 2018-2020 թվականին խայտառակ ֆինանսական վիճակ ենք ունեցել գնումների և ծախսերի առումով։ Այս ամենը վերահսկողությունից դուրս է եկել»։

«Սա առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում»,– արձանագրում է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ օգտվելով արտահերթ ելույթի իր իրավունքից։ Նման քայլ անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի․

«Օրինակ՝ բյուջեի խոշոր չափի գումարի հափշտակում կամ կենցաղային, աշխատանքային զարհուրելի հանցանք։ Ինչպես ելույթներից հասկացանք՝ այդպիսինները չկան։ Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է ինչպես նախաձեռնող խումբն է ասում՝ քանի որ ես դուրս եմ եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաև այս պաշտոնը։ Ուղղակի կեղծիք է»։

Հայկ Մարությանն ընդգծեց՝ նախաձեռնության հեղինակներն ու նրանց կուսակցական ընկերներն այս օրերին ասում են նաև, թե ինքը շեղվել է հեղափոխական արժեքներից։ Հակադարձեց՝ չի շեղվել․

«Տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։ Կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել էին իրենց աշխատավարձերը, նախարարները 1,5 մլն դրամ աշխատավարձ են ստանում, փոխնախարարները՝ 1 մլն դրամ՝ գաղտնի որոշմամբ հեղափոխական նախարարները։ Ես կարծում էի՝ հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը»։

Հայկ Մարությանը հայտնեց, որ այս հարցը բազմիցս  բարձրացրել է  ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում․ «Ոչ մի արձագանք։ Ավելին՝ տարբեր զանգեր է ստացել այս կամ այն մարդուն աշխատանքի տեղավորելու կամ շինթույլտվություն տալու վերաբերյալ։ Ըստ քաղաքապետի՝ այս ազդակներն էլ պատճառ են եղել, որ իր և ՔՊ-ի միջև ի հայտ գա աշխարհայացքների խզում»։

Այն, ինչի մասին խոսեց քաղաքապետը,  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը կարծում է՝ չպետք է ասվեր, առավել ևս՝ «նման տոնով»․

«Մեր տոնայնությունը և մեր դիրքորոշումները լրիվ այլ տոնի մեջ էին։ Հետո այստեղ գործընկերներ ունենք, որոնք հետապնդումներից, ինչ–որ ճնշումներից են խոսում՝ այս գործընթացը նկարագրելով որպես հակաժողովրդավարական, ՔՊ–ն էլ, իբր, ՀՀԿ է դարձել։ ՔՊ–ն որ ՀՀԿ դառնար, այս անվստահության նիստը չէր լինի, ով պետք է, այս շենքից վաղուց դուրս կգար, դա լավ իմացեք»։

Ելույթներին հաջորդեց երկար սպասված քվեարկությունը։ 44 կողմ,  10 դեմ ձայներով Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։ Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց հետո քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։ Դիմում է գրել նաև Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Կարդացեք նաև

Back to top button