ԿարևորՀասարակություն

Ինքնակամ կառույցների օրինականացումը՝ անհնար․ ի՞նչ է փոխվում նոր օրենքով

Օրենսդրական նոր փոփոխությամբ  քաղաքացիները և իրավաբանական անձինք ապօրինի շինություններն օրինականացնելու հնարավորություն չեն ունենա։  Հստակ կարգավորումներ են նախատեսվել, որոնք սահմանում են,  թե համայնքի և պետական սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույցներ կառուցելու դեպքում ինչ գործընթացներ են տեղի ունենալու։ Մասնավորապես, համայնքի ղեկավարը պարտավոր է որոշում կայացնել ինքնակամ կառույցները քանդելու վերաբերյալ։ Եթե վերջինը  նման որոշում չկայացնի կամ իր լիազորությունների շրջանակում այդ որոշման կատարումը չապահովի, ապա ենթարկվելու է պատասխանատվության։ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունց․

«Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը հանձնարարելու է համայնքի ղեկավարին իրականացնել այն, ինչ նա պետք է իրականացներ։ Եթե դրանից հետո էլ համայնքի ղեկավարը նման որոշում չկայացնի, ապա նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»։

Շինության քանդելու գործընթացն իրականացնելու է տեսչական մարմինը, որի որոշումը հարկադիր կատարման է ենթակա լինելու ։ Քանդելու գործընթացի ծախսերը գանձվելու են ինքնակամ կառուցապատում իրականացրած անձից։ Օրենքը հետադարձ ուժ չունի, այսինքն՝ այն շինությունները, որոնք կառուցվել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հնարավոր է բոլոր պայմաններին համպատասխանելու դեպքում օրինականացնել։ Օրինականացնելու համար անհրաժեշտ է սկսել ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը։ Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյան.

«Ինքնական կառույց իրականացրած անձը հանդիսանում է պատվիրատու և հաշվառման նպատակով  դիմում է չափագրող կազամերպությանը։ Չափագրող կազմակերպությունը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի համաձայն , իրականացնում է ինքնակամ կառույցի չափագրում, որից հետո նյութերը համաձայնեցվում են պատվիրատուի հետ։ Համաձայնագիր է կնքվում պատվիրատուի և որակավորված անձի միջև։  Ըստ հողամասի պատկանելիության՝ կատարվում է ինքնակամ կառույցի հաշվառում։ Լուսանկարների միջոցով կատարվում է հստակ փաստագրում»։

Հավաքագրված հաշվառման փաստաթղթերը որակավորված անձի կողմից մուտքագրվում են չափագրողների առցանց գրասենյակ, հաստատվելուց հետո գույքը համավում է հաշվառված։ Անհրաժեշտություն չկա, որ քաղաքացիները դիմում գրեն Կադաստրի գրասենյակներում։

Մինչ օրս քանդման ընթացակարգը հստակ չէր՝ ասում է Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինության և ճարտարապետության վարչության խորհրդական Մարտուն Գրիգորյանը։

«Ինքնակամ կառույցների մասով քանդման թույտվության հստակ  ընթացակարգ չկար ։ Դրանով, փաստացի,  մի քայլ առաջ ենք գնում․ այն քաղաքացիները, ովքեր իրենց կամքով կորոշեն քանդել իրենց իսկ կողմից կառուցված ինքնակամ շենք-շինությունները, բոլոր ընթացակարգերը կունենան, որովհետև այս պահի դրությամբ փաստացի գոյություն չունեցող շենքի համար քանդման թույլտվություն որևէ մեկը չէր կարող տրամադրել»։

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո  երկամսյա ժամկետում Կառավարությունն ընդունելու է  ինքնակամ կառույցների հաշվառման կարգ, որից հետո քաղաքացիները երկու ամիս ժամկետ են ունենալու իրենց կառույցները հաշվառման ներկայացնելու համար։ Եթե շինությունը կառուցվել է Երևանում մինչև 2021թ-ի հունվարի 1-ը, ապա հաշվառման կարող են ներկայացնել մինչև 2023թ-ի հունվարի 1-ը, իսկ եթե Երևանից դուրս է՝ մինչև 2024թ-ի հունվարի 1-ը։ Գյուղական համայնքներում կառուցված շինությունների  հաշվառման ժամկետն ավելի երկար է՝ մինչև 2025թ-ի հունվարի 1-ը։

Կարդացեք նաև

Back to top button