
Նոր տարին՝ թոշակի ու նպաստի նոր «սակագներով»․ 2022-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 2100, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և ընտանիքի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակները՝ 3000-ական դրամով։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, իր ձևակերպմամբ, նպաստների ոչ դարակազմիկ չափով մեծացման մասին․
«Իհարկե մենք երջանիկ չենք այն չափերից, որոնցով հիմա բարձրացնում ենք նվազագույն թոշակը, բայց երբ եղած բազայի վրա ենք նայում՝ տոկոսային բավական մեծ աճ է»։
Կառավարության մեկ այլ որոշմամբ ավելացել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ նախկին 26500-ի փոխարեն 28600 դրամ։ Գյուղական համայնքներում ապրող ծնողի դեպքում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կրկնապատկվել է՝ սահմանվելով 57200 դրամ։
Որոշման ընդունմանը հաջորդեց քննարկումն այն մասին, որ գրեթե բոլոր ոլորտներում նկատվող գնաճի ֆոնին թոշակի ու նպաստի այսչափ բարձրացրացումը բնակչի հոգսը չի թեթևացնի։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը մինչև այս գնահատականին անդրադառնալը հիշեցնում է Հայաստանում կարիքի վրա հիմնված 4 «զանբյուղ»ների սահմանագծերը։
«Կա 4 գիծ՝ վերին գիծ, ստորին գիծ, ծայրահեղ աղքատության գիծ և միջին գիծ։ Վերին գիծը 53000 դրամից մի փոքր ավելի է, ստորին գիծը 35 000 դրամ է, ծայրահեղ աղքատության գիծը 24 000 դրամ է։ Միջինն էլ ստորին և վերն գծերի միջինն է՝ 44 000 դրամ»։
Ըստ այս թվերի՝ նվազագույն կենսաթոշակ ստացող միայնակ մարդը կարող է խուսափել ծայրահեղ աղքատությունից։ Տնտեսագետի դիտարկմամբ՝ կարիքները բավարարելու տեսանկյունից սա քիչ է, բայց համապատասխանում է այս պահին երկրում առկա բյուջետային հնարավորություններին․
«Մեզ մոտ բյուջետային ծախսերի կառուցվածքում ամենամեծ հոդվածը առանց այն էլ սոցիալական նպաստներն ու կենսաթոշակերն են։ Օրինակ՝ այս տարի 3 եռամսյակների կտրվածքով նայենք՝ հունվար– սեպտեմբերի՝ ծախսերը կազմել են 1.3 տրիլիոն դրամ և այդ կառուցվածքում 440 մլրդ–ից ավելին նպաստներ, սոցիալական նպաստներն են։ Այսինքն 33 տոկոսը»։
Հայաստանում կենսաթոշակային բեռը նվազեցնելու ակնկալիքով ներդրվեց կուտակային կենսաթոշակային համակարգը։ Բայց երկրում թոշակ դեռևս տրամադրվում է «սերունդների համերաշխության» սկզբունքի վրա՝ նոր սերունդն ապահովում է կենսաթոշակ իր եկամտային հարկի միջոցով։ Տնտեսագետի դիտարկմամբ՝ եթե 1 կենսաթոշակառուին բաժին է ընկնում 2-3 հարկ վճարող աշխատող, ապա համակարգը համարվում է խնդրահարույց։ Հայաստանում վիճակն ավելի լուրջ է․
«Մեզ մոտ՝ Հայաստանում 3-ը 1–ի չի, 2.5-ը 1-ի չի, նուննիսկ 2-ը 1-ի չի, մեզ մոտ 1.5-ը 1-ի է։ Մեզ մոտ եկամտային հարկ վճարող զբաղվածների թիվը եթե նոյեմբերի կտրվածքով նայենք 667 000 է, թոշակառուների թիվը՝ 466 000։ Այսինքն 2 թոշակառուին բաժին է ընկնում 3 զբաղված, 3 հոգին պետք է էնքան եկամտային հարկ վճարեն, որից 2 թոշակառուի կենսաթոշակը պետք է վճարվի»։
Բոլորը, իհարկե, ուզում են, որ երկրում սահմանված լինի բարձր կենսաթոշակ և նպաստ։ Սակայն բյուջեի անհամաչափ ծանրաբեռնումը կարող է օգնել քաղաքացուն, կործանել՝ երկրի տնտեսությունը․
«Մենք ունենք օրակագային այլ խնդիրներ ևս՝ կրթական համակարգ, առողջապահական համակարգ, պետական կառավարման համակարգ, անվտանգության հետ կապված, տնտեսական լրջագույն խնդիրներ։ Այդ բոլորը ծախսեր են պահանջում և արվում է մի տեղից՝ պետական բյուջեից։ Պետությունն էլ իր սեփական միջոցները չունի՝ ծախսերը կատարում է քաղաքացիներից կատարած ծախսերի հաշվին։ Հիմա ծախսերի ցանկացած ավելացում կամ պիտի բերի բյուջեի դեֆիցիտը աճի, կամ էլ պետք է դա կատարվի հարկային բեռի ավելացման հաշվին։ Հիմա մեզնից յուրաքանչյուրը թող պատասխան հարցին՝ կուզի՞ արդյոք, որ եկամտային հարկի դրույքաչափը ավելանա 5 տոկոսայի կետով և դրա հաշվին պետությունը հնարավորություն ունենա լրացուցիչ ծախսեր կաարել»։
2021-ի նոյեմբերին, 2020-ի նույն ամսվա համեմատ, երկրի սպառողական շուկայում 9.6% գնաճ է գրանցվել: Պետությունը փորձում է դրա ազդեցությունը չեզոքացնել աշխատավարձերի, կենսաթոշակների ու նպաստների՝ հնարավորության ամենաբարձր չափով բարձրացնելու միջոցով։





