
Ապաշրջափակման համատեքստում հնարավոր է համաձայնություն նաև ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Թբիլիսում և խոսել տարածաշրջանային հաղորդակցության ուղղությունների ու ժամկետների մասին։ Մինչ այժմ նշվում էր, որ քննարկումների արդյունքում հնարավոր է եղել համաձայնության գալ երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ, իսկ ավտոմոբիլային հաղորդակցությանը վերաբերող հարցերն ավելի շատ են։
Քննարկումների ակտիվացման մասին վկայում են նաև Հայաստան կատարվող այցերը։ Այսօրվանից Երևանում է ՌԴ փոխվարչապետ, տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։ Գրեթե զուգահեռ այցով Հայաստանում է լինելու նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Սոչիի և Բրյուսելի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի համար նոր արդյունք են նախանշում։ Հավանականություն կա, որ կողմերը համաձայնության գան նաև ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների վերաբերյալ։ Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում։
«Ուզում եմ տեղեկացնել, որ տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով հնարավորություն է առաջացել, որ Ադրբեջանի հետ կարող ենք համաձայնության գալ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ։ Իսկ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է, և հույս ունենք այդ աշխատանքն ավարտել առաջիկա 2-3 տարվա ընթացքում։ Իհարկե, պետք է աշխատել, որ մեր պայմանավորվածությունները, ինչպես կան, հստակ արձանագրվեն»։
ՌԴ փոխվարչապետ, տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը Երևանում էր նոյեմբերի 5–ին, այժմ կրկին Երևանում է՝ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար։ Իսկ օրեր առաջ Օվերչուկն Ադրբեջանում էր։ Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ փոխվարչապետի հետ հանդիպմանը քննարկել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, կոմունիկացիաների բացման վերաբերյալ հարցերը, իսկ ավելի լայն ձևաչափով հանդիպումների ժամանակ ադրբեջանական կողմին ներկայացնում էր, թե ինչ հեռանկարներ կարող են բացվել ԵԱՏՄ դիտորդ անդամ դառնալու դեպքում։
«ԵԱՏՄ–ն իսկապես վերածվում է միասնական միկրոշրջանի, որի շրջանակում զարգանում է առևտուրը, տնտեսության մեջ ձևավորվում է միասնական կոոպերացիոն շղթա արտադրության և ապրանքների մատակարարման հարցում։ Փաստորեն՝ մենք այսօր աշխատում ենք միասնական տարածք ստեղծելու ուղղությամբ՝ ապարնքների, ծառայությունների, կապիտալի և աշխատող քաղաքացիների ազատ կտեղաշարժի համար»։
Եթե Օվերչուկի այցի նպատակներն առավելապես տնտեսական են, ապա ռուս բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյայի այցն անվտանգային ուղղվածություն ունի։ Ռուսաստանի փոխվարչապետի այցին զուգահեռ դեկտեմբերի 21–ից 23–ը Երևանում է լինելու նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Հանդիպելու է երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ, քննարկվելու է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում՝ տեղեկանում ենք կառույցի մամուլի ծառայությունից։
Այցից առաջ Ստանիսլավ Զասը «Արմենպրեսին» ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում եւ սահմանազատում սկսելու` Հայաստանի եւ Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարեւոր քայլ։ Զասը նշել է, որ իրենց շատ է մտահոգում լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ եւ հրաձգություններ, որոնց հետեւանքով մարդիկ են զոհվում։ Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով:
Նա հավելել է, որ պետք է քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցերով եւ ՌԴ-ի աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ:
Ուշագրավ է, որ հենց ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմն օրերս Ադրբեջանին վերադարձրեց Հայաստանի սահմանը հատած 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ինչո՞ւ նույն արագությամբ չի հաջողվում Ադրբեջանից վերադարձնել հայ գերիներին․ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորում է հարցը չշահարկել։
«Անպայման ձեզ համար տեսանելի կդառնա, մի շահարկեք։ Դուք ի՞նչ գիտեք՝ ինչ է ստացվելու։ Այդ հարցերը բաց քննարկման նյութ չեն։ Մի քանի օր առաջ Հայաստանի ուժերը գերեվարել էին երկու ադրբեջանցի զինվորականների, որոնք խախտել էին մեր ինքնիշխան տարածքը։ Նախ՝ պետք է արձանագրենք, որ նման խախտման դեպքում հակառակորդը ստացավ նման պատասխան։ Այսինքն՝ գերեվարվեց։ Թե ինչու են երկու գերիները վերադարձվել, թույլ տվեք, որ անվտանգության մարմինները այդ փակագծերը ձեր առաջ չբացեն»։
Վերադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայաստանյան այցին՝ նշենք, որ պաշտոնյան անդրադարձել է նաև հայ պատգամավորների՝ վճռական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ՀԱՊԿ–ին ուղղված կոչերին ։ Զասը պարզաբանել է՝ Երեւանը շեշտը դրել է իրավիճակի լուծման այլ մեխանիզմների վրա: Նրա կարծիքով` սրված իրավիճակի թուլացմանն ուղղված միջոցառումներն առավել քան երբեւէ անհրաժեշտ են եւ առաջնահերթ նշանակություն ունեն։
Պաշտոնյան հատուկ ընդգծել է, որ արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։




